Լրահոս
Օրվա լրահոսը

Իմունականխարգելման շնորհիվ փրկվել է առնվազն 154 միլիոն մարդու կյանք, 101 միլիոնը՝ նորածիններ

Ապրիլ 30,2024 17:19

30 ապրիլի, 2024 | Ժնև / Նյու Յորք / Սիեթլ – «Լանսեթ» ամսագրի հրապարակած կարևոր ուղենիշային հետազոտության տվյալներով՝ իմունականխարգելման շնորհիվ աշխարհում փրկվել է գրեթե 154 միլիոն մարդու կյանք, ինչը նշանակում է, որ վերջին 50 տարիների ընթացքում յուրաքանչյուր տարի ամեն րոպե 6 մարդու կյանք է փրկվել: Նրանց զգալի մասը՝ 101 միլիոնը, նորածիններ են եղել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անցկացրած ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ իմունականխարգելումը ցանկացած առողջապահական միջամտության միակ ամենամեծ ներդրումն է՝ պահպանելու երեխաների առողջ կյանքը ոչ միայն ծննդյան օրը, այլև մինչև հասուն տարիք:

Հետազոտության մեջ ընդգրկված պատվաստանյութերից կարմրուկի դեմ պատվաստումն ամենաէական ազդեցությունն է ունեցել մանկական մահացության նվազեցման վրա՝ կազմելով պատվաստման շնորհիվ փրկված կյանքերի 60%-ը: Այս պատվաստանյութը, ամենայն հավանականությամբ, դեռևս կլինի ապագայում մահերի կանխարգելման հիմնական միջոցը:

Վերջին 50 տարիների ընթացքում պատվաստումներ կատարվել են 14 հիվանդությունների դեմ (դիֆտերիա, հեմոֆիլուսային B տիպի վարակ, հեպատիտ B, ճապոնական էնցեֆալիտ, կարմրուկ, մենինգիտ A, կապույտ հազ, ինվազիվ պնևմոկոկային հիվանդություն, պոլիոմիելիտ, ռոտավիրուս, կարմրախտ, տետանուս, տուբերկուլյոզ և դեղնատենդ)՝ նպաստելով մանկական մահացության կրճատմանը 40 %-ով ամբողջ աշխարհում, և ավելի քան 50 %-ով Աֆրիկյան տարածաշրջանում:

«Պատվաստանյութերը պատմության ամենամեծ հայտնագործություններից են, որոնք կանխարգելելի են դարձնում երբեմնի վախ ներշնչող հիվանդությունները»,— նշել է ԱՀԿ գլխավոր տնօրեն, դոկտոր Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը: «Պատվաստանյութերի շնորհիվ բնական ծաղիկը վերացվել է, պոլիոմիելիտը վերացման շեմին է. դեռ ավելին՝ մալարիայի և արգանդի վզիկի քաղցկեղի դեմ պատվաստանյութերի մշակմամբ մենք կանխում ենք այդ հիվանդությունների տարածումը: Շարունակական հետազոտությունների, ներդրումների և համագործակցության շնորհիվ մենք կարող ենք փրկել միլիոնավոր կյանքեր այսօր և առաջիկա 50
տարում:

Հետազոտության տվյալներով՝ իմունականխարգելման շնորհիվ փրկված յուրաքանչյուր կյանքի համար ձեռք է բերվել միջինը 66 տարվա լիարժեք առողջ կյանք՝ հինգ տասնամյակի ընթացքում ձեռք բերված ընդհանուր 10,2 միլիարդ լիարժեք առողջ տարիներ: Պոլիոմիելիտի դեմ պատվաստումների շնորհիվ այսօր ավելի քան 20 միլիոն մարդ կարող է քայլել, որոնք այլապես կարող էին անդամալույծ դառնալ. այսօր աշխարհը կանգնած է պոլիոմիելիտի իսպառ վերացման շեմին:

2024 թվականի մայիսին կայանալիք Իմունականխարգելման ընդլայնված ծրագրի (EPI) 50-ամյակին ընդառաջ հրապարակված ուսումնասիրությունը հինգ տասնամյակների ընթացքում ծրագրի՝ աշխարհում և տարածաշրջանում հանրային առողջության վրա ազդեցության ամենաընդգրկուն վերլուծությունն է:

Հիմնադրվելով 1974 թվականին Առողջապահության համաշխարհային վեհաժողովի կողմից՝ EPI-ի սկզբնական նպատակն էր պատվաստել բոլոր երեխաներին դիֆտերիայի, կարմրուկի, կապույտ հազի, պոլիոմիելիտի, տետանուսի (պրկախտի), տուբերկուլյոզի, ինչպես նաև ծաղիկի՝ երբևիցե վերացված միակ մարդկային հիվանդության դեմ: Այսօր ծրագիրը, որն այժմ կոչվում է Իմունականխարգելման հիմնական ծրագիր, ներառում է 13 հիվանդությունների դեմ պատվաստման համընդհանուր առաջարկներ և ևս 17 հիվանդության համատեքստին հատուկ առաջարկներ՝ ընդարձակելով իմունականխարգելման հասանելիությունը երեխաների, դեռահասների
և մեծահասակների համար:

Հետազոտությունն ընդգծում է, որ EPI-ի գործարկման ժամանակահատվածում նորածինների առնվազն 5%-ը ամբողջ աշխարհում ուներ պլանային իմունականխարգելման ծառայությունների հասանելիություն: Այսօր նորածինների 84%-ը պաշտպանված է դիֆտերիայի, տետանուսի և կապույտ հազի (DTP) դեմ պատվաստանյութի 3 չափաբաժիններով, ինչը իմունականխարգելման ծառայությունների ընդգրկվածության համաշխարհային չափանիշ է:

1974 թվականից ի վեր 154 միլիոն անձանցից գրեթե 94 միլիոնի կյանքը փրկվել է կարմրուկի դեմ պատվաստումների շնորհիվ: Այնուամենայնիվ, դեռևս 33 միլիոն երեխա 2022 թվականին չի ստացել կարմրուկի դեմ պատվաստման մեկ չափաբաժին. գրեթե 22 միլիոնը չի ստացել առաջին դեղաչափը և 11 միլիոնը՝ երկրորդ դեղաչափը:

Համայնքները համավարակից պաշտպանելու համար անհրաժեշտ է կարմրուկի դեմ 2 դեղաչափով պատվաստումների 95% կամ ավելի բարձր ընդգրկվածություն: Ներկայում կարմրուկի դեմ պատվաստանյութի առաջին չափաբաժնի ընդգրկվածության համաշխարհային մակարդակը 83% է, երկրորդ դեղաչափինը՝ 74%, ինչը նպաստում է շատ մեծ թվով բռնկումների ամբողջ աշխարհում։

Իմունականխարգելման ընդգրկվածությունը ընդլայնելու նպատակով ՅՈՒՆԻՍԵՖ-ը՝ որպես պատվաստանյութերի ամենամեծ գնորդներից մեկն աշխարհում, ամեն տարի երկրների և գործընկերների անունից ձեռք է բերում ավելի քան 2 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ՝ աշխարհի երեխաների գրեթե կեսին հասնելու համար: ՅՈՒՆԻՍԵՖ-ը նաև աշխատում է պատվաստանյութերը մինչև վերջնակետ հասցնելու ուղղությամբ՝ ապահովելով, որ նույնիսկ հեռավոր և անապահով համայնքներն ունենան իմունականխարգելման ծառայություններից օգտվելու հնարավորություն:

«Պատվաստումների շնորհիվ այժմ ավելի շատ երեխաների կյանք է պահպանվում հինգ տարեկանը բոլորելուց հետո, քան պատմության որևէ այլ ժամանակաշրջանում»,- նշել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրեն Քեթրին Ռասըլը: «Այս հսկայական ձեռքբերումը կառավարությունների, գործընկերների, գիտնականների, առողջապահության ոլորտի աշխատողների, քաղաքացիական հասարակության, կամավորների և հենց ծնողների հավաքական ջանքերի արգասիք է, որոնք բոլորը մի նպատակ ունեն՝ պաշտպանել երեխաներին մահացու հիվանդություններից: Մենք պետք է ջանք գործադրենք՝ ապահովելու, որ յուրաքանչյուր երեխայի ամենուր
հասանելի լինեն կենսական նշանակության պատվաստումները»:

Քանի որ ուսումնասիրությունն ընդգրկում է առողջության վրա միայն 14 հիվանդությունների դեմ պատվաստումների ազդեցության վերաբերյալ տեղեկություն, պատվաստումների շնորհիվ փրկված անձանց թիվը նշված է մոտավոր հաշվումներով և կյանքի պահպանման վրա պատվաստումների ազդեցության ամբողջական հաշվառում չէ: Սոցիալական, տնտեսական կամ կրթական ազդեցությունը առողջության և բարեկեցության վրա վերջին 50 տարիների ընթացքում ևս նպաստել է մահացության հետագա կրճատմանը: Այսօր կան պատվաստանյութեր, որոնք պաշտպանում են կյանքին սպառնացող ավելի քան 30 հիվանդություններից։

Իմունականխարգելման համշխարհային ծրագրերը ցույց են տվել, թե մարդկությունն ինչի է ունակ, երբ բազում շահագրգիռ կողմեր, ներառյալ պետությունների ղեկավարները, տարածաշրջանային և համաշխարհային առողջապահական գործակալությունները, գիտնականները, բարեգործական կազմակերպությունները, աջակցություն տրամադրող գործակալությունները, ընկերությունները և համայնքները, համագործակցեն:

Այսօր ԱՀԿ-ն, ՅՈՒՆԻՍԵՖ-ը, ԳԱՎԻ-ն (Պատվաստանյութերի և պատվաստումների գլոբալ դաշինքը) և Բիլ և Մելինդա Գեյթսերի բարեգործական հիմնադրամը կոչ են անում համաշխարհային առաջնորդներին խթանել, աջակցել և ֆինանսավորել պատվաստանյութերի մշակումն ու իմունականխարգելման ծրագրերը, որոնք մատակարարում են կենսական նշանակության այս միջոցները՝ վերահաստատելով իրենց հանձնառությունը հանրային առողջությանը՝ միաժամանակ տոնելով մարդկության ամենամեծ ձեռքբերումներից մեկը: EPI-ի հաջորդ 50 տարիները ոչ միայն կպահանջեն հասնել այն երեխաներին, որոնք չեն պատվաստվել, այլ նաև պաշտպանել
տատիկներին ու պապիկներին գրիպից, մայրերին տետանուսից, դեռահասներին մարդու պապիլոմավիրուսից (HPV) և բոլորին տուբերկուլյոզից և շատ այլ վարակիչ հիվանդություններից:

ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930