Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշիկ Ալավերդյան. «Ովքեր պետք է մեր հետ աշխատեն, սպորտի ոլորտից գիտելիք չունեն, իսկ ով ունի, ձայնը լսելի չէ։ Ես նրա փոխարեն այնտեղ 15 րոպե չէի աշխատի»

Ապրիլ 30,2024 16:59

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար եւ տղամարդկանց ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը «Արմենպրեսի» մամուլի սրահում լրագրողներին պատմեց սպորտի վերադաս պետական կառույցի հետ արդյունավետ աշխատելու գրեթե անհնարինության մասին՝ անգամ երեք ամիս հետո Փարիզում մեկնարկող օլիմպիական խաղերին նախապատրաստվելու այս կարեւոր փուլում։

Նա բերեց բազմաթիվ օրինակների մի մասը միայն՝ հորդորելով իր ասածներն անպայման հրապարակել առանց որեւէ բան պակասեցնելու կամ ավելացնելու։

«Օլիմպիական վարկանիշ ձեռք բերելու համար անցել ենք բոլոր փուլերը։ Հինգ մարզիկ օլիմպիական վարկանիշ ձեռք է բերել, բայց Խաղերին կարող է մասնակցել առավելագույնը երեք ծանրորդ։ Մենք արդեն որոշել ենք անունները եւ ուղարկել ՄՕԿ։ Նրանք են. 89 կգ քաշային կարգ՝ Անդրանիկ Կարապետյան, 102 կգ՝ Գարիկ Կարապետյան եւ ծանր քաշ Վարազդատ Լալայան։

Ինչպիսի՞ պատրաստություն ենք անցկացնում։ Ցավոտ կողմերից մեկը դա է։ Բանն այն է, որ ովքեր պետք է մեր հետ աշխատեն՝ նախարարությունը վարչությունները եւ այլն, կոշտ ասեմ. այդ ոլորտում գիտելիքներ չունեն։ Իսկ նա, ով ունի, նրա ձայնը լսելի չէ։ Ես, օրինակ, այդ մարդու փոխարեն, այնտեղ 15 րոպե չէի աշխատի»,-ասաց պարոն Ալավերդյանը՝ հավելելով, որ այդ մարդիկ, ճիշտ է, պատասխանատվությունը կրում են, սակայն ձեռքներին հնար չկա։

Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ մինչեւ այսօր իրենք մեկ լումա չեն ստացել վիտամինների եւ վերականգնիչների համար։

«Այսօր այստեղից ես պետք է գնամ, պայմանագիրը ստորագրեմ։ Նոր են պատրաստել։ Ինչո՞ւ չեն տալիս։ Կան բավականաչափ դժվարություններ եւ իրենց համար, եւ մեզ համար։ Իրենց համար, որովհետեւ գիտելիքներ չունեն, մեզ համար, որ գումար չեն փոխանցում։

Ես, օրինակ, իմ դժվարությունները հաղթահարել եմ ամբողջությամբ՝ օլիմպիական կոմիտեի հետ միասին բոլոր վիտամինները գնել եմ։ Իսկ պետական կառույցն ինչի՞ չի տվել։ Ասում են՝ պետք է գնեք գնումների հայտարարություն տալու միջոցով՝ մրցույթ պետք է հայտարարվի։ Լավ, հասկացանք։ Բայց պատկերացնո՞ւմ եք, թե ինչ է վիտամինները, վերականգնիչները մրցույթով գնել։ Նախ, այդ վիտամինը պետք է լինի միջազգային ֆեդերացիայի կողմից լիցենզավորված։ Ամեն մի պատահական բան չի կարող գնվել, որովհետեւ այսօր բոլոր վերականգնիչների մեջ կան արգելված նյութեր։ Ինչի՞։ Որպեսզի մարզիկը արագ արդյունք ցույց տա, իրենց ապրանքն էլ վաճառվի։

Դրա համար մենք խնդրել էինք, որ գնումներն անենք մեկ անձից, չնայած, էլի չեն արել։ Հիմա չգիտենք, թե դա ինչ անենք։ Երեւի պատանիներին, երիտասարդներին բաժանենք՝ վերջանա, գնա։

Բայց մենք արդեն ամեն ինչ արել ենք, մարզիկները պատրաստ են երեք ամիս հետո մասնակցել օլիմպիական խաղերին եւ հուսով ենք, որ ցույց կտան իրենց լավագույն արդյունքները»,-ասաց մասնագետը։

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930