Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում ոչ միայն ոստիկանական բաժանմունքներում, այլեւ իրավապահ այլ մարմիններում առերեւույթ վատ վերաբերմունքի դրսեւորումների հետ կապված. ՀՀ ՄԻՊ

Ապրիլ 30,2024 16:23

Հավաքների ազատության իրավունքի իրացումն ունի բացառիկ դերակատարություն ժողովրդավարական ցանկացած հասարակական համակարգի տեսանկյունից, հետեւաբար, կարեւոր է, որ բոլորս ունենանք պատշաճ հանրային ընկալում, իրավասու մարմիններն էլ ունենան պատշաճ գիտելիքներ ու հմտություններ ոլորտին վերաբերելի խնդիրները կանոնակարգելու համար: Այսօր «Իրազեկ քաղաքացիների միավորման» նախաձեռնած «Ոստիկանական բռնություններ․ նոր ալիք, թե՞ հին ավանդույթներ» խորագրով հանրային քննարկման ժամանակ ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը:

«Մենք տարատեսակ խնդիրներ ենք ունենում, որոնց վերաբերյալ հրապարակային հանդես չենք գալիս, այն պատճառով, որ կարողանում ենք ՆԳՆ-ի հետ բանավոր հաղորդակցության միջոցով լուծել խնդիրները, բայց ամեն դեպքում, այս բոլոր դեպքերը հիմք են տալիս եզրակացնելու, որ մենք անկախ անհատական դեպքերում ունեցած հաջողություններից, պետք է կարողանանք համակարգային գործիքակազմեր կիրառել՝ իրավասու մարմինների ներկայացուցիչների գիտելիքներն ու կարողությունները կատարելագործելու ու բարելավելու իրավունքների սահմանափակման իրավաչափության չափանիշների առնչությամբ»,- ասաց Մանասյանը:

Նրա խոսքով՝ բազմաթիվ ահազանգեր են ստանում ոչ միայն ոստիկանական բաժանմունքներում, այլեւ իրավապահ այլ մարմիններում առերեւույթ վատ վերաբերմունքի դրսեւորումների հետ կապված. «Բավականին շատ ահազանգեր ենք ստանում առերեւույթ վատ վերաբերմունքի դրսեւորումների հետ կապված, բայց այստեղ կուզենամ որեւէ ծայրահեղության մեջ չընկնենք, որովհետեւ դեպքերի մի մասում պարզվում է , որ երբ մեզ ահազանգել էին բռնության առկայության մասին, երբ արագ արձագանքում ենք ահազանգին, քաղաքացին հետո նշում է, որ չէ, բռնությունից չի բողոքում, որովհետեւ դա տեղի չի ունեցել, բայց բողոքում է ձերբակալման իրավաչափությունից: Այս բոլոր հանգամանքները պատշաճ քննարկման առարկա ենք դարձնում, որովհետեւ վնասվածքներն ինքներս ենք լուսանկարում, ուղարկում իրավասու մարմիններին: Շատ կարեւոր է, որ բռնության ու վատ վերաբերմունքի ցանկացած դրսեւորման դեպք արժանանա պատշաճ քննության, ու իրավասու մարմինները հստակ պատկերացում ունենան այս գործերի քննության առանձնահատկությունների մասին, որովհետեւ ի տարբերություն շատ այլ գործերի՝ այս գործերը պետք է քննվեն առանձնահատուկ գործիքակազմով՝ անհապաղ եւ այլն»:

Տիկին Մանասյանի խոսքով, նման դեպքերում, նույնիսկ երբ քաղաքացին վատ վերաբերմունքի կամ բռնության արժանանալուց հետո ասի, թե կներեք այլեւս չեմ բողոքում կամ թեեւ մինչ այդ բողոքում էի, իրականում բռնության չեն ենթարկել, վայր եմ ընկել ու վնասվածք ստացել, ըստ ՄԻՊ-ի՝ այդ հայտարարությունները բացարձակ հիմք չեն, նշված գործերի քննություն չիրականացնելու կամ քննությունն ավարտին հասցնելու համար: Ըստ Մանասյանի՝ 2023-ին ունեցել ենք դեպքեր, երբ առնվազն առանձին գործերով խնդիրներ են տեսել հենց այս գործերի քննության առանձնահատկությունները հաշվի չառնելու հետ կապված:

«Ընդհանրապես երբ խոսում ենք իրավունքների երաշխավորման անհրաժեշտության, բռնության անթույլատրելիության մասին՝ սա պետք է ընկալենք համընդհանուր երեւույթ, դատապարտելիությունը պետք է մեզ համար համընդհանուր լինի, անկախ նրանից ում նկատմամբ կամ ում կողմից է բռնություն գործադրվում»,- հավելեց Մանասյանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930