«Մենք ունենք առաջարկի գերազանցում պահանջարկի նկատմամբ, որի արդյունքում փոխարժեքը ոչ շատ մեծ չափով վերջին ամսվա ընթացքում նվազել է՝ 390 դրամի շրջանակներում է, մինչ այդ 400 դրամի շրջանակներում էր։ Դոլարի մոտ 2.5%-ի արժեզրկում կա»,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
Դոլարի արժեզրկումն, ինչպես ասաց Գալստյանը, պայմանավորված է ներհոսքի գերազանցմամբ․ «Բավականին մեծ առեւտրային հոսքեր ունենք, դրանք կարող են ազդել, զբոսաշրջային հոսքերը նույնպես կարող են ազդել, կապիտալի ներհոսքը կարող է ազդել։ Դժվար է ասել, թե կոնկրետ որ գործոնի ազդեցությամբ է սա տեղի ունենում, բայց մենք այն, ինչ տեսնում ենք շուկայում դա պահանջարկի ավելի թույլ լինելն է առաջարկի նկատմամբ։ Այսինքն, կան մարդիկ, ովքեր ուզում են ձեռք բերել ԱՄՆ դոլար, բայց նրանք, ովքեր վաճառում են, ավելի մեծ ծավալներ ունեն»։
Գալստյանն ասաց, որ ԿԲ-ն հետեւում է զարգացումներին․ «Այդ առումով մեր գլխավոր նպատակն է՝ թույլ չտալ շուկայում մի իրավիճակ, որ գնանշումներ եւ բնականոն ընթացք չլինի»։
Դոլարի արժեզրկումն արտահանողների վրա բացասական է ազդում, ըստ Գալստյանի, դոլարի արժեզրկումը արտահանողների համար ռիսկի մի գործոն է, որը իրենք պետք է հաշվի առնեն իրենց բիզնեսը կառավարելիս։
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ