Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ ՄԻԵԴ-ը իրավունքի խախտում է դիտել, մեր ՍԴ-ն իրավաչափ է դիտել. Սուրեն Անտոնյան

Ապրիլ 30,2024 16:00

Սահմանադրական դատարանում բանավոր ընթացակարգով նիստի մեկ անգամ էի մասնակցել` 4 տարի առաջ: ՍԴ նիստերը վերջին տարիներին գրավոր ընթացակարգով են, հավանաբար այսօրվա բանավոր ընթացակարգն էր պատճառը, որ նիստերի դահլիճը լիքն էր:

Այսօր բանավոր ընթացակարգով վերջապես սկսվեց ՀՀ վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի հիման վրա՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 146-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 142-րդ հոդվածի 6-րդ մասի 1-ին կետի և 144-րդ հոդվածի 1.1-ին մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը:

Քննությունը մի քանի անգամ հետաձգվել էր, անգամ կասեցվել:

Դատարանը հասցրեց լսել Սուրեն Անտոնյանին, նրա ներկայացուցիչ Ամիրխանյանին, ՍԴ աշխատակարգային որոշմամբ զեկուցող նշանակված ՍԴ դատավոր Շաթիրյանին: Դատարանի մի քանի անդամներ հարցեր տվեցին դիմումատու կողմին:

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանին Բարձրագույն դատական խորհրդում կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լսվեց 2023թ. հունվարի 26-ին: Արդարադատության նախարարի 2022 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 108-Ա որոշմամբ դատավոր Անտոնյանի նկատմամբ հարուցվել էր կարգապահական վարույթ, նախարար Գրիգոր Մինասյանը միջնորդություն էր ներկայացրել ԲԴԽ՝ «մեղադրելով» դատավորին 16 տարի առաջ վճռաբեկ բողոքներից մեկը վարույթ ընդունելու համար: Կարգապահական վարույթ հարուցելու առիթ էր հանդիսացել վարույթ հարուցող մարմնի կողմից մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների խախտում արձանագրող՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Ամիրխանյանն ընդդեմ Հայաստանի» (գանգատ թիվ 22343/08) գործով 2015 թվականի դեկտեմբերի 3-ին կայացված վճռի ուսումնասիրության արդյունքում առերեւույթ կարգապահական խախտման հատկանիշներ պարունակող արարքի հայտնաբերումը»/:

Դատավոր Անտոնյանն ասաց, որ վճռաբեկ դատարանի այն ժամանակվա կազմից որեւէ մեկին նման պատասխանատվության չեն ենթարկել, որ 2008-ից սկսած ՝վերադարձվում էին գործերի 99 տոկոսը, ապա որոշակի ժամկետում, վեց ամսվա ընթացքում հատուկ արտոնագիր ունեցող փաստաբանի կողմից բողոք բերվում:

Նա ասաց. «15 տարվա ժամկետում վարույթ հարուցելու պայմաններում ունենում ենք լուրջ իրավական անվտանգության խնդիր: Ստացվում է, յուրաքանչյուր իրավական ակտից հետո, երբ դիմում է ներկայացվում է ՄԻԵԴ, առնվազն ստորադաս դատարանների կողմից այդ դիրքորոշումների կիրառումը խիստ մտահոգիչ է լինում, որովհետեւ սահմանվում է «կարանտինային ժամկետ», ինչ արձագանք կլինի ՄԻԵԴ-ի կողմից, ինչպես են դրան անդրադառնալու ստորադաս դատարանները:

Մեր դեպքում քողարկված կերպով կիրառվել է դատավորի պաշտոնի անհամատեղելիության չանցած չափանիշը, երբ ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել, չի նայվել պրակտիկան ոնց է եղել, ինչ նորմեր ոնց են կիրառվել, ուրեմն դատավորի լիազորությունները պետք է դադարեցվեն…

Այն, ինչ ՄԻԵԴ-ը իրավունքի խախտում է դիտել, մեր ՍԴ-ն այդ պրակտիկան իրավաչափ է դիտել, այդ սահմանափակումը դիտել հակասահմանադրական:

Սա իրոք, խնդիր է, մեր երկրում երկու բարձրագույն դատարան ունենք, վճռաբեկ եւ սահմանադրական, Սահմանադրականի դիրքորոշումները չեն կարող ստորադաս դիտվել»:

Ի դեպ, ըստ դատավորի ներկայացուցչի էլ՝ ՄԻԵԴ շատ փաստարկներ չեն ներկայացվել:

ՍԴ նիստում դատավորի ներկայացուցչի ներկայացրած փաստարկների, զեկուցողի դիտարկումների մասին ամբողջական կարող եք կարդալ «Առավոտ»-ի առաջիկա համարում:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930