Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսքան հեռուստաընկերություն Հայաստանը չպիտի ունենա». Տիգրան Հակոբյանը վտանգ է տեսնում, որ հեռուստաընկերությունները ծախեն օտարազգի գնորդի

Ապրիլ 30,2024 15:33

Այսօր ԱԺ նիստում ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը ներկայացրեց 2023-ի գործունեության տարեկան հաղորդումը: Նա հայտարարեց, որ հանձնաժողովի վերահսկողության տակ գործող լրատվամիջոցները նախորդ տարի գործել են ազատ՝ առանց իշխանությունների միջամտության: Դա եզրակացնելու համար հիմք է այն, որ հանձնաժողովը գրավոր հարցումներ է ուղարկել, որեւէ էական բողոք չեն ստացել:

Տիգրան Հակոբյանն ասաց, որ սա բոլորովին էլ չի նշանակում, թե հեռարձակողները չեն ենթարկվում արտաքին միջամտության. «Հանձնաժողովը որեւէ գործիքակազմ չունի, որպեսզի տեղեկանա ԶԼՄ-ների հիմնադիրների, հատկապես փայատերերի, ստվերային սեփականատերերի, խմբագրական քաղաքականությանը միջամտելու, ստվերային ֆինանսավորելու դեպքերի մասին, քան բողոքները: Իսկ այդպիսի բողոքներ չեն եղել»:

Տիգրան Հակոբյանը 2 փաստ նշեց, երբ իշխանությունները միջամտել են մասնավոր հեռարձակողների բնականոն գործունեությանը: Մեկն առնչվում է «Ընտրական օրենսգրքին», որով մասնավոր հեռուստաընկերությունները պարտավոր են անվճար ինչ-որ քանակի եթերաժամ տրամադրել ընտրությանը մասնակցող քաղաքական ուժերին. «Դա անընդունելի է, այդ նույնն է, որ մասնավոր այլ տնտեսվարողների, օրինակ, բենզալցակայաններին օրենքով պարտադրեն նախընտրական շրջանում ինչ-որ քանակով անվճար բենզին տալ: Երկրորդը՝ Երեւանի ընտրությունների նախընտրական շրջանում հեռուստաընկերությունների ազդակների պարբերաբար անջատումների մասին է խոսքը, որի մասին դուք գիտեք: Դա արվել է՝ առանց հեռուստաընկերությունների շահերը հաշվի առնելու»:

Տիգրան Հակոբյանն ասաց, որ նոր ռազմավարություն՝ հայեցակարգ պետք է մշակվի ու ներկայացրեց իր պատկերացումները՝ ինչպես կարելի է հաղթահարել ճգնաժամը. «Ճգնաժամը երեւում է մեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ: Մենք գիտենք առաջացած վտանգները: Հանձնաժողովը կանխատեսում է, որ հաջորդ մրցույթում կարող են թափուր մնալ սլոթեր, որոնք կարող են զբաղեցնել պրոպագանդիստական ուղղվածության հեռուստաընկերություններ: Չենք բացառում, որ հեռուստաընկերությունները ֆինանսական ծանր վիճակից դուրս գալու համար գնորդ փնտրեն հանրապետությունից դուրս, որոնք կարող են ՀՀ քաղաքացիներին ապահովել օտար տեղեկատվական համակարգ: Մենք առաջարկում ենք դիտարկել մուլտիպլեքսի սլոթերի քանակի կրճատման հնարավորությունը, այսքան հեռուստաընկերություն Հայաստանը բոլոր առումներով, ըստ տրամաբանության, չպիտի ունենա: Ավելի քիչ քանակի հեռուստաընկերությունները կօգտվեն ավելի էֆեկտիվ այն սահմանափակ գովազդային դաշտից, որը կա այսօր ՀՀ-ում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930