Լրահոս
Օրվա լրահոսը

«Անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որեւէ սուբյեկտ, որ կարող է դուրս գալ ու ասել՝ վերջ, 100 տոկոսով, ամեն ինչ լավ է լինելու, կան ռիսկեր»․ ՔՊ-ական

Ապրիլ 30,2024 15:21

«Մենք որեւէ նոր սահման չենք գծում, վերարտադրում ենք այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել։ Այս պահին սահմանազատման գործընթաց է տեղի ունենում։ Երկու-երեք օր առաջ խոսք էր գնում 35 տոկոսի մասին, հիմա կարծում եմ՝ կեսից ավելին իրականացվել է»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ վերջնական սահմանազատում պետք է արվի բոլոր հատվածներում։ «Մենք գնում ենք, տեղերում սյուները տեղադրում ենք, հետո այդ սյուների արանք գոյություն ունի, այդտեղ արձանագրություն է կազմվում երկկողմ, նկարագրվում է, թե սահմանը որտեղով է անցնում, հենց այդ արձանագրությունները ստորագրվեցին, մենք ֆիքսում ենք արդեն, որ այլեւս ունենք սահմանազատված տարածք եւ շարժվում ենք առաջ։ Դրանից հետո բնականաբար կլինեն իրավական գործընթացներ, միգուցե Ազգային ժողովները հաստատեն, միգուցե այլ ընթացակարգեր կլինեն, այս իրավական պրոցեսների մեջ դեռ կմտնենք»,- ասաց նա։

Հարցին, թե հետագայում այդ հատվածներին անդրադարձ կլինի՞, նա պատասխանեց՝ իրավական տեսանկյունից հնարավոր է, որ անդրադարձ կլինի։ «Բայց նորից անդրադառնալ սահման գծելուն, չեմ կարծում։ Այս արձանագրության մեջ մենք ֆիքսել ենք սկզբունք՝ Ալմա-Աթան։ Եվ դրանից բխեցնելով՝ որեւէ մեկը չի կարող գալ ասել՝ ես ուզում եմ կամ պետք է սենց անցնի, կամ ուժի կիրառմամբ փորձեն սենց անցկացնել։ Կա սկզբունք, որ խորհրդային միության սահմանները դառնում են պետական սահմաններ, վերջ»,- նշեց նա։

Հարցին, թե Հայաստանի օկուպացված տարածքների վերադարձի հարցով ե՞րբ կլինի սահմանազատում, ՔՊ խմբակցության քարտուղարը պատասխանեց․ «Ամենակարեւորն այստեղ փաստարկներ են, որոնցով Ադրբեջանը լեգիտիմ իրավունք կարող էր ունենալ Հայաստանի վրա հարձակվելու։ Այս պրոցեսից հետո այլեւս չկա որեւէ կետ, որը հնարավորություն կտա Ադրբեջանին Հայաստանի վրա լեգիտիմ հարձակում գործելու, դրա համար է այս պրոցեսը սկսվել, սա է գլխավորը։ Ընդդիմությունն անընդհատ շեղվում է, ասում է՝ ինչո՞ւ չեք սկսել Ջերմուկից, իրենք էլ շատ լավ գիտեն, թե ինչու չենք սկսել, որովհետեւ այս կետն է միակ կետը, որտեղ Ադրբեջանը կարող է հարձակվել։ Այս պահին ես բացառում եմ, որ այլ տեղեր կան, որտեղ Ադրբեջանը լեգիտիմ հիմք կարող է ունենալ ՀՀ վրա հարձակվելու, բացի չորս գյուղերից»։

Կառավարությունում երեկ Նիկոլ Փաշինյանն ընդունել էր Կիրանց գյուղի բնակիչներին, հանդիպումից մարդիկ հուզված ու վրդովված էին դուրս եկել։ Պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողներին ասել էր, որ Նիկոլ Փաշինյանն անվտանգային ոչ մի երաշխիք չի տվել գյուղացիներին․ «Ասում է՝ կարող է սահմանն այսպես անցնի, նույնիսկ կարող է գյուղի ամենամեջտեղով անցնի։ Ասել է, որ սահմանապահը կանգնի, դուք անվտանգ կապրեք, բայց կարող է 7 օր անվտանգ ապրեք, 8-րդ օրն անվտանգ չլինի, ես ինչ իմանամ»։

«Առավոտը» հարցրեց Արթուր Հովհաննիսյանին՝ Նիկոլ Փաշինյանը տավուշցիներին ասում է, որ անվտանգության երաշխիք չկա, ինչպե՞ս է ինքը պնդում, որ Ադրբեջան այլեւս չի հարձակվի Հայաստանի վրա։ «Ես ձեր այդ հարցադրմանը չեմ կարող պատասխանել, որովհետեւ դուք մեջբերեցիք մի բան, որը ես չգիտեմ՝ եղել է, թե՞ ոչ։ Կիրանցեցիները տարբեր տեքստեր ասացին, նաեւ ընդդիմադիր գործընկերները տարբեր տեքստեր ասացին, որը հետագայում պարզվեց՝ իրականությանը չեն համապատասխանում։ Կա կառավարության հայտարարություն, կառավարությունն աշխատում է կիրանցեցիների հետ»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը։

Մեր հարցին, իսկ միգուցե կառավարությո՞ւնն է ստում՝ ասելով, թե այս գործընթացներով բարձրացվում է անվտանգության մակարդակը, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ոչ»։

Նաեւ Արթուր Հովհաննիսյանին հարցրինք՝ այս եւ հետագա գործընթացների համար Նիկոլ Փաշինյանի հետ ստանձնո՞ւմ է պատասխանատվությունը։ «Ես Նիկոլ Փաշինյանի հետ պատասխանատվություն ստանձնել եմ 2018 թվականի հեղափոխությունից հետո, եւ որեւէ բան չի փոխվել»,- ասաց նա։

Երբ Արթուր Հովհաննիսյանին դարձյալ հիշեցրին, որ անգամ Նիկոլ Փաշինյանն է հայտարարում, որ անվտանգության 100 տոկոսանոց երաշխիք չկա, նա ասաց․ «Ես ասում եմ, որ անգամ խաղաղության պայմանագրից հետո չկա որեւէ սուբյեկտ, որ կարող է դուրս գալ ու ասել՝ վերջ, 100 տոկոսով, ամեն ինչ լավ է լինելու։ Մենք ասում ենք՝ կան ռիսկեր, պրոցեսներ, որոնց միջով անցնում ենք։ Սահմանազատված սահման ունենալն էականորեն նվազեցնում է էսկալացիայի ռիսկը, դրա ամենավառ ապացույցը Սյունիքում Որոտանի հատվածում սահմանապահներն են»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930