Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԲ-ն իջեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 8.25%

Ապրիլ 30,2024 15:14

ՀՀ կենտրոնական բանկի որոշմամբ ՝ 0.25 տոկոսային կետով իջեցվել է վերաֆինանսավորման տոկոսադրույքն, այն սահմանելով 8.25%: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

«Կենտրոնական բանկի խորհուրդը գնահատում է, որ քաղաքականության ավելի ցածր տոկոսադրույքն անհրաժեշտ է միջնաժամկետում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի իրագործման համար»,-ասաց Գալստյանը:

Այս տարվա առաջին եռամսյակում 12-ամսյա գնաճը, ինչպես ներկայացրեց ԿԲ նախագահը, շարունակել է նվազել, մարտին այն կազմել է -1.2%, նաեւ նվազել է 12-ամսյա բնականոն գնաճը՝ մարտին կազմելով -0.7%:

2024 թվականի առաջին եռամսյակում համաշխարհային եւ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում տնտեսական աճի դանդաղման ռիսկերը պահպանվել են, համաշխարհային գնաճը շարունակում է դանդաղել, սակայն, Գալստյանի ներկայացմամբ՝ գործընկեր երկրներում ապրանքների եւ ծառայությունների գները դեռեւս մնում են բարձր:

«Տարեսկզբից Մերձավոր Արեւելքում ստեղծված աշխարհաքաղաքական լարվածությունը շարունակում է որոշակի ռիսկեր առաջացնել էներգակիրների համաշխարհային գների հետագա աճի եւ առաջարկի արժեշղթաների հնարավոր խաթարման տեսանկյունից: Այս համատեքստում հավանական է, որ գործընկեր երկրների կենտրոնական բանկերը, (մասնավորապես՝ ԱՄՆ ֆեդերալ պահուստային համակարգը) առաջիկայում ավելի երկար կպահպանեն դրամավարկային խիստ պայմանները: Արդյունքում՝ արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում են թույլ գնանկումային ազդեցություններ»,-ասաց Գալստյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս տարվա առաջին եռամսյակում մեր երկրում պահպանվել է բարձր տնտեսական ակտիվություն, որին հիմնականում նպաստել է առեւտրի եւ արդյունաբերության ճյուղերի զգալի աճը․ «Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության եւ երկարաժամկետ հեռանկարի տեսանկյունից: Ներքին ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը թուլանում է, իսկ ներքին պահանջարկին շարունակում է նպաստել մասնավոր ներդրումների բարձր աճը: Միեւնույն ժամանակ հարկաբյուջետային քաղաքականության կողմից պահանջարկի լրացուցիչ խթանման ռիսկերը շարունակում են մնալ առարկայական»։

Գալստյանի ներկայացմամբ՝ ԿԲ խորհուրդը հավասարակշռելով ռիսկերը, որոշել է շարունակել դանդաղ տեմպերով աստիճանական թուլացումը․ «Խորհուրդը կշարունակի մշտադիտարկել տնտեսության զարգացման սցենարները եւ պատրաստ է ձեռնարկել համարժեք գործողություններ՝ միջնաժամկետ հորիզոնում գնաճի 4% մակարդակի եւ գների կայունության նպատակի ապահովման համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930