Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոմեքենաները տեխզննելիս՝ ամբողջ տարվա գույքահարկը վճարել չեն պարտադրի

Ապրիլ 30,2024 15:01

Այսօր ԱԺ նիստում արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանը ներկայացրեց «դատական ակտերի հարկադիր կատարման» մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է 200 հազար դրամ եւ ավել բռնագանձման պահանջի դեպքում հնարավորություն տալ պարտապանի համաձայնության դեպքում բռնագանձումը տարածել աշխատավարձի վրա, եթե չկան այլ դրամական միջոցներ եւ եթե աշխատավարձը այնքան է, որ հնարավոր է պարտքը 6 ամսվա ընթացքում մարել:

Բալյանն ասաց, որ այս դեպքում աշխատավարձի այն չափը, որը պետք է մնա պարտապանին, չպետք է ավելի քիչ լինի նվազագույն աշխատավարձից:

ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանն ասաց, որ ԴԱՀԿ-ն այսօր պահում է նաեւ թոշակառուների թոշակը. «Իմ կարծիքով դա անընդունելի է, կարելի է թոշակը թողնել, որ մարդը գոնե յոլա գնա»:

Փոխնախարարը պատասխանեց, որ դա արվում է այն դեպքում, երբ պարտապանը ուրիշ ոչ մի բան չունի՝ ոչ գույք, ոչ փող, դա ամենավերջին միջոցն է:

ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը Նարեկ Զեյնալյանի հետ համահեղինակությամբ ներկայացրեց «Հարկային օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը, որով առաջարկվում է ավտոմեքենաների տեխզննման ժամանակ պահանջվող գույքահարկի վճարումը չպահանջել, քանի որ օրենքով հնարավորություն կա գույքահարկը վճարել մինչեւ տարեվերջ, հետեւաբար ընթացիկ տարվա վճարումը պահանջելը արդար չէ: Այսուհետեւ տեխզննում անցնելիս կարող են պահանջել նախորդ տարվա գույքահարկի պարտքը վճարել:

Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ասաց, որ կառավարությունն առաջարկել է տեխզննման պահին կուտակված գույքահարկը վճարել, թեկուզ ընթացիկ տարվա մի քանի ամիսների:

Երկրորդ ընթերցմամբ Վարչապետի աշխատակազմի Քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը ներկայացրեց «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, որով անկախ մարմինների վարձատրության սկզբունքով ՀՌՀ նախագահի աշխատավարձն էլ ուզում են հաշվարկել 14 գործակցով, ինչպես, օրինակ,ԿԸՀ նախագահինը, իսկ ՀՌՀ անդամներինը՝ 10 գործակցով:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930