Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականի հայրենիքը

Ապրիլ 30,2024 22:34

Ես շատ եմ լսել փախստականների մասին, բայց չէի կարող պատկերացնել, որ մի օր ինքս կստանամ այդ կարգավիճակը։ Պատմաբան չեմ, ոչ էլ քաղաքագետ, չեմ էլ հավակնում։ Միայն գիտեմ, որ Արցախը Մեծ Հայքի մի նահանգն է եղել, որ Հայաստանի և Արցախի հանրապետություները հռչակվել են այդ Մեծ Հայքի մի փոքր տարածքում, որ ես հայ եմ ու որ Հայաստան աշխարհն իմ հայրենիքն է։ Հիմա ինձ փորձում են համոզել, որ սեփական երկրում՝ փախստական, հայրենիքում անհայրենիք լինելը սովորական բան է, և պետք չէ դրանից պատմություն սարքել։

Հայրենիքում՝ հայրենիքի կարոտով ապրողի ճամփորդության առաջին նկարը

Այսպիսով, ես ստացա փախստականի իմ թուղթը և երջանիկ էի։ Ոչ թե, որ երազում էի դրա մասին, որ գերպաշտպանված զգացի ինձ, կամ որ այլևս թղթաբանական վազվզոցի և անձնագրայինի աշխատողների վերից վար հայացքներն ընդունելու կարիք էլ չի լինի։ Երջանիկ էի, որ ինձ համար անտրամաբանական այդ թուղթը բացեց ամենամեծ երազանքներիցս մեկի ճանապարհը։

Ես՝ սեփական երկրում փախստական լինելով երազում էի տեսնել հայկական աշխարհը․ Կարսը, Անի ավերակները, Սասունի քարքարուտները, Վանա լճի կապույտ աչքերը, Նեմրութի արձանները, երկրաշարժեր տեսած, բայց կանգուն Վաքըֆը, այսինքն՝ Էրգիրն ու Էրգրում ապրող հայերին։

Անին առաջին հայացքից

Անի. պարիսպներ շահաստանից

Կարս ճանապարհվեցինք մարտի 16-ի գիշերը։ Պայուսակս դասավորեցի գնալուց մի ժամ առաջ։ Մի քանի անգամ լսեցի պայուսակս ստուգելու մորս հորդորները, որպեսզի չմոռանամ ճակատագրական թուղթս։ Չմոռացա, ո՛չ այդ պահին, ո՛չ ամբողջ ճամփորդության ընթացքում։ Հավատո՞ւմ եք՝ այդ քարտին կարգին չեմ էլ նայել։

Արշավական ընկերներս գիտեին, որ ես Արցախից եմ, երևի նաև գիտեին, որ առանց փախստականի թղթի Հայաստանից դուրս գալ չեմ կարող։ Հայաստան-Վրաստան սահմանի հայկական անցակետում ես հասկացա, թե ինչքան չեմ ուզում այդ թղթով տարբերվել մյուսներից։ Փորձեցի ընկերներիցս հետ մնալ։ Չէի ուզում, որ ինձ ուրիշ աչքով նայեն, կա՛մ առանձնացնեն իրենցից․․․ Ես հերթ կանգնեցի, ընկերներս սպասեցին ինձ։ Անձնագիրս մեկնեցի, աշխատողը մի քանի անգամ բացեց-փակեց, հետո նկատեց անձնագրի 070 կոդը, և ես նրան մեկնեցի ճակատագրական թուղթս։ Մեզ միացավ աշխատակիցներից մեկը, իրար մեջ ինչ-որ բան խոսեցին ու աշխատակիցը գնաց տվյալներս բազայի մեջ մտցնելու։ Սպասեցի մոտ 20 րոպե։ Հարցը լուծվեց։ Ես նմանվեցի մյուսներին։ Այլևս թղթի կարիք չզգացվեց։

Առաջինը կանգառը Վրաստանում էր՝ Ջավախքի գյուղերից մեկում, հետո մտանք Թուրքիայի Հանրապետություն։ Էրգիր գնալ երազող մարդու զգացողություններ չունեցա, ինձ թվում էր՝ դեռ Հայաստանում ենք։ Կարսն այնքա՜ն հայկական էր։

Անծայրածիր, անմշակ թվացող հողատարածքները, մեկընդմեջ երևացող ծառերը, իրարից ոչ այնքան հեռու գյուղերն ու հորիզոնում նշմարվող ավերակներն ինձ անսովոր չթվացին։ Որոշ վայրեր Արցախի Մարզիլիի դաշտերին էի նմանեցնում։ Կարսն էլ՝ Գյումրիին։ Չնայած, ինձ ասացին՝ Գյումրին է Կարսին նման։

Կտրուկ շրջադարձ

Իրական Կարսը նման չէ իմ պատմության դասագրքի Կարսին։ Իսկականը Կարսն ավելի աշխույժ է։ Առաջինն ինձ զարմացրեց Կարսի բնակիչների անտարբերությունը մեր հայերենի հանդեպ, ինչքան էլ բարձր խոսեինք։ Հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը Կարսի սրճարանում, թուրքական թեյը, թուրքերի, քրդերի, գուցե նաև ադրբեջանցիների բարեհամբույր պահվածքը մեղմացնում էին առատ ձյան սառնությունը։ Ի դեպ, Կարսում հիմա 120000 մարդ է ապրում, ճիշտ այնքան, ինչքան հետպատերազմյան Արցախում։ Ասում են՝ Իգդիրից հետո ամենաշատ ադրբեջանցիները Կարսում են բնակվում։

Կարսում ամենահաճախ հանդիպող տեսարանը

Սրճարաններից մեկում տաքանում ենք ու զրուցում երկու քրդերի հետ։ Սոֆյան, որն իմ ճամփորդության «մեղավոր»-ն է, թուրքերենով էր խոսում նրանց հետ։ Ես թուրքերեն չգիտեմ, բայց հասկացա, որ Սոֆյան իմ մասին էր պատմում։ Ասաց՝ Ասպրամը Ղարաբաղից է, և այդ պահին երկու զույգ աչքեր սևեռվեցին դեպի մինչև մազերի ծայրը թրջված Ասպրամը։ Նրանց աչքերում ատելություն չկար, ավելի շատ զարմանք ու կարեկցանք նկատեցի։ Հետո հարցրին՝ նորմա՞լ է ամեն ինչ, ինչպե՞ս ենք տեղավորվել, պետությունն ինչպե՞ս է աջակցում։ Հայերի հանդեպ ատելությամբ լցված տեղացիների, բարեբախտաբար, չհանդիպեցինք։

Թուրքական թեյ, տաքացնող կրակ, հայկական երաժշտություն

Մեր խումբը մինչև ուշ երեկո քայլեց Կարսում։ Հաջորդ առավոտյան ժամը 5։45-ին բոլորս մի մարդու պես ներքևում էիք։ Մի քանի ժամ Կարսում շրջեցինք ու ճանապարհվեցինք Անի, ճանապարհին կանգ առանք երկու կիսավեր եկեղեցիների մոտ։ Սոֆյան արդեն գովազդել է, որ Անին ուրիշ աշխարհ է։

Տեսնես Անիի եկեղեցիներում վերջին անգամ ե՞րբ է տերունական աղոթք հնչել


Ախուրյանի երկու ափերին երկու պետություն է, երկու դրոշ, երկու իրականություն, մեկ պատմական հայրենիք։ Անին մի փոքր ինձ էր նման, ժպտերես, բայց ներսից ավերակ։ Բայց, ի տարբերություն ինձ, Անին իր տեղում է և փախստականի թուղթ չունի, դրա փոխարեն շատ մեծ, կարմիր դրոշն է, սպիտակ մահիկով։

Այցելության տոմսը շաբաթվա ընթացքում գրեթե 50%-ով թանկացրել են։ Գինը տեղացիների համար ուրիշ է, օտարների համար ուրիշ։ Մենք օտարներ ենք։

Շիրակ աշխարհը Ախուրյանի երկու ափին

Մինչ Սոֆյան ջանասիրաբար պատմում էր Անիի ներկա և արդեն գոյություն չունեցող հրաշալիքների մասին, ես մտքիս մեջ Ախուրյանի վրայով կամուրջ էի նկարում ու հաշվում՝ ինչքան ժամանակում մենք կարող էինք այստեղ հասնել։ Հասանք այն ձորը, որից ՀՀ պետական սահմանը 30-40 մետր է հեռու։ Այստեղ անգամ Հայաստանի բջջային օպերատորներն են հասանելի։ Իջանք Կուսանաց վանք, որի մոտ իմ երազանքների կամրջի երկու անփառունակ սյուներն են մնացել։

Անին հանգստություն է

Անիում այս պահին 21 եկեղեցի ու վանք կա պահպանված, դրանք հիմնականում կիսավեր են, բայց՝ փառահեղ։ Քայլում ես ու մտածում՝ ինչպե՞ս են այս եկեղեցիներն ու վանքերը ավելի քան հազար տարի կառուցել, ինչպե՞ս են հատակագծել, ինչպե՞ս են մեծ քարերը բերել, ինչպե՞ս են դրանք տաշել ու ձևել։ Անպատկերացնելի է։

Հայկական աշխարհը բաժանող կամուրջներից մեկը

Անիում մի Աղջկաբերդ կա, որը շատերը սխալմամբ Շուշանիկի եկեղեցի են կոչում։ Ախուրյանի կանաչավուն ջրերով օղակված մեծ բերդը չեզոք գոտի է՝ գտնվում է Հայաստանի և Թուրքիայի պետական սահմանին։ Մեր գյուղում՝ Բերդաշենում էլ Աղջկաբերդ կա, գյուղի անունը դրանով են բացատրում։ Այդ բերդի շրջակայքը Արցախյան առաջին պատերազմից հետո ականապատ էր ու անվտանգ չէր այնտեղ հասնելը։ Անիի ու Բերդաշենի աղջկաբերդերը մի նմանություն ունեն․ երկուսն էլ անհասանելի են։ Ու եթե մեր հեռախոսների տեսախցիկները տեսականորեն թույլ են տալիս Անիի Աղջկաբերդը տեսնել, ի՛մ Աղջկաբերդը տեսնելու հնարավորություն դեռ չկա։

Աղջկաբերդը Անիի Միջնաբերդից․ Հայաստան-Թուրքիա սահման

Հիմա, ո՞րն է իմ հայրենիքը։ Արցախը, որտեղից քշվե՞լ եմ, Արևմտյան Հայաստանը, որը մարմնիս բոլոր բջիջներով զգո՞ւմ եմ, Հայաստանի Հանրապետությո՞ւնը, որտեղ ինձ փախստական են ճանաչել և ճակատագրական թուղթն էլ տվել, թե՝ ազատ ճամփորդիր։

Ամենականգուններից՝ Սուրբ Գրիգոր եկեղեցի

Վերադառնալուս օրվանից պատմում եմ այս ճամփորդության մասին, Կարսի ու Անիի պատկերները նկարագրում եմ, կիսում տպավորություններս, բայց այս հարցերը միայն ինձ համար են և միայն ինձ եմ տալիս։ Դրանց պատասխանը դեռ ոչ մի թղթի վրա չեմ կարդացել։

Ասպրամ ԱՎԱՆԵՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930