Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այսօր մայրաքաղաքի ԲՈՒՀ-երում իրազեկման ցույցեր արեցին՝ ընդդեմ Տավուշում իշխանության կամայական սահմանազատման եւ սահմանագծման։ Ավագանու ընդդիմադիր խմբակցության անդամները նախ Կոնսերվատորիայի մոտ էին, ապա քայլեցին դեպի Վալերի Բրյուսովի անվան լեզվաբանական ինստիտուտ, հետո նաեւ Թատերական ինստիտուտ։ Ցուցարարները մի ԲՈՒՀ-ից մյուսը գնում էին ոտքով՝ նաեւ մայրաքաղաքի փողոցներում իրազեկող հայտարարություններ անելով։
Անդրանիկ Թեւանյանը մարդկանց հորդորում էր՝ ոտքի կանգնել․ «Միացիր, որ փոխենք», քանի որ հայ ժողովրդի լինելիության, հայկական պետականության խնդիրն է զոհասեղանին։ Եթե ոտքի չկանգնենք՝ Հայաստանը հանգելու է Արցախի ճակատագրին։ Ինչո՞ւ եք մտածում, որ Ստեփանակերտն ի սկզբանե անպաշտպան էր, Երեւանը՝ պաշտպանված է։ Երեւանը պետք է մենք պաշտպանենք՝ մեր ոտքի կանգնելով։ Ձեզ չենք ասում՝ ջարդ ու փշուր արեք, ընդամենն ասում ենք՝ ոտքի կանգնեք, ձեր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտեք, սոցիալական ցանցերի ձեր էջերում գրառումներ կատարեք, որ դեմ եք միակողմանի զիջումներին, պահանջեք դասախոսներից՝ կարծիք հայտնեն, հետո՝ համատեղ հայտարարություններով հանդես եկեք։ Այլապես ստիպված եք լինելու արեւի ու անձրեւի տակ կանգնել, տնավեր լինել»։
Մանրամասները՝ տեսանյութերում
Կարդացեք նաև
Քաղաքագետ Երվան Բոզոյանն էլ մանրամասն ներկայացրեց այն ծրագիրը, որն Ադրբեջանը ցանկանում է իրագործել եւ որին աջակցում է Հայաստանի գործող իշխանությունը․ «Իլհամ Ալիեւն իր քաղաքական վերնախավին եւ ժողովրդին խոստացել է, որ երեք տարվա ընթացքում գրավելու է ամբողջ Հայաստանը, վերցնելու է Երեւանը։ Ու դա անելու է հայ-ադրբեջանական սահմանի ամենապաշտպանված մասը՝ Տավուշի պաշտպանական հատվածը քանդելով։ Իլհամ Ալիեւը խոստացել է սեփական ժողովրդին՝ Արցախի պատերազմից հետո, խաղաղ ճանապարհով՝ քայլելով՝ քանդել Հայաստանը։ Սկզբում՝ Տավուշի պաշտպանական գիծը քանդելով, ապա պարտադրելով, որ Հայաստանը հրաժարվի ռուսական գազից՝ գնելով ադրբեջանական գազ, հետո պահանջելու են, որ Ադրբեջանի փախստականները Հայաստան վերադառնան, հակառակ դեպքում գազը կդադարի մատակարարել։ Իսկ իրենք նպատակ ունեն մեկ միլիոն ադրբեջանցի է գալու Հայաստան եւ Հայաստանը դառնալու է հայ-ադրբեջանական պետություն։ Դրանից հետո, պահանջելու են Սյունիքով միջանցքը»։
Մանրամասները՝ տեսանյութում
Հիշեցնենք, Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը՝ Կիրանցի կամրջի հարեւանությամբ, շարունակում է փակ մնալ։ Մարդիկ արդեն որերորդ օրը գիշերում են փողոցում ։ Բողոքն ընդդեմ անօրինական սահմանազատման եւ սահմանագծման է, ինչի արդյունքում Ադրբեջանին են փոխանցվում ոչ միայն Հայաստանի իրավազորության տակ գտնվող տարածքները, այլ հենց ՀՀ ինքնիշխան տարածքները։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ