«Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար՝ ՀՀ-ի վրա հարձակվելու: Ընդդիմությունը սա գիտի: Գիտի ու հիմա ամեն բան անում է, որ այս պրոցեսը տեղի չունենա՝ Հայաստանին պատերազմի մեջ ներքաշելու համար, հետո հայտնի սցենարով փրկիչների բերելու համար, հետո մի գավառապետ նշանակելու համար՝ իր գեղեցիկ միջանցքով: Սա է ընդդիմության նպատակը»,- այսօր ԱԺ նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը:
Ըստ նրա, երբ ասում են՝ սահմանն այնտեղ է, որտեղ կանգնած է զինվորը, անգրագիտության ամենավերջին մակարդակն է. «ԼՂ-ի ուրացումից եք խոսում, ժողովրդի ինքնորոշումից եք խոսում, էդ լո՞ւրջ եք ասում, դուք գոնե դրա մասին մի խոսեք, էլի: Ձեր պալատական հեղաշրջման արդյունքում Արցախում իշխանափոխություն արեցիք, հետո ԼՂ-ի մեր հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության համար ԼՂ ներկայացուցիչներին Եվլախ ուղարկեցիք: Դուք եք ԼՂ ներկայացուցիչներին Եվլախ ուղարկել՝ միջազգային հովանու ներքո հանդիպման փոխարեն: Ուղարկել եք Եվլախ, մեն-մենակ եք թողել ադրբեջանցիների հետ: Մենք ձեզ պարզ հարց ենք տալիս, ասում ենք՝ ՀՀ-ն քանի՞ կմ է, դուք այդ հարցի պատասխանը չունեք, որովհետեւ աշխարհում ձեր նման հակապետական ընդդիմություն գոյություն չունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ