«Պայքարելու են մինչեւ վերջ՝ մենք էլ իրենց հետ միասին։ Սա պետք է համահայկական բնույթ ստանա եւ կարծես այդ մասով լավատեսական ազդակներ կան։ Այս մարդիկ՝ մենք էլ իրենց հետ, մեր անելիքն արել ենք։ Գնդակն, ինչպես ասում են, Երեւանի եւ հանրապետության մյուս քաղաքների դաշտում է»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն, որն արդեն տեւական ժամանակ Տավուշում՝ տեղացիների հետ միասին, պայքարում է Հայաստանի այդ հատվածում իշխանության կամայական որոշումների արդյունքում իրականացվող սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեմ։
Ըստ մեր զրուցակցի, երեկ, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից մարդիկ կրկին դժգոհ են մնացել, հասկացել են, որ իշխանությունն իր անօրինական ճանապարհից ետ չի կանգնելու, իրենք էլ որոշել են՝ հանուն արդարության իրենց պայքարը տանելու են մինչեւ վերջ։
Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար ճանապարհահատվածը՝ Կիրանցի կամրջի հարեւանությամբ, շարունակում է փակ մնալ։ Մարդիկ արդեն որերորդ օրը գիշերում են փողոցում։
Երեկ նաեւ պաշտոնական տեղեկատվություն տարածվեց, որ հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում՝ Տավուշի չորս գյուղերի հատվածում, արդեն 35 սյուն է տեղադրվել․ ընդդիմադիր պատգամավորից հետաքրքրվեցինք՝ այս գործընթացը ետ շրջելու տարբերակներ տեսնու՞մ է։ «Այդ սյուները գիշերով կարող է գնան եւ ինչ-որ մի մասը տեղադրեն, այնպես չէ, որ այդ գործընթացը հեշտ ու հանգիստ է․․․ բայց տարբերակն այն է, որ օր առաջ այս իշխանությունը պետք է հեռացվի, այլապես գործընթացը հասնելու է իր ավարտին։ Մենք այստեղ դիմադրությունը կազմակերպել ենք, բայց Երեւանը պետք է ոտքի կանգնի, որոշիչը Երեւանն է»,- ասաց նա։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ