Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը
Անթույլատրելի է Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նկատմամբ վիրավորանքների ու վարկաբեկման, կեղծ տեղեկությունների տարածման ամոթալի արշավը, որ սկսվել է Տավուշում իրենց իրավունքների համար մարդկանց պայքարը սկսելուց անմիջապես հետո։ Այդ արշավը նաև ուղղված է Հայոց Եկեղեցու ու մյուս հոգևորականների դեմ։
Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ ամոթալի արշավն ուղղորդում են իշխանության [կառավարություն, խորհրդարան և այլն] մաս կազմող բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց մի մասը նաև դրա անմիջական մասնակիցն են։
Արշավն ընթանում է Բագրատ Սրբազանի հեղինակությունն արատավորող հրապարակումներով ու անհիմն հայտարարություններով, որոնք ուղեկցվում են սոցիալական մեդիայի տարբեր էջերով Սրբազան Հորը և Հայոց Եկեղեցուն ուղղված վիրավորական արտահայտություններով։
Կարդացեք նաև
Մինչդեռ Բագրատ Սրբազանն՝ իբրև Տավուշի թեմի առաջնորդ, իր թեմի հետևորդների հետ է։ Նա իրենց իրավունքների ու անվտանգության գոյաբանական պայքարի համար մարդկանց գիշերուզօր աջակցող հոգևոր առաջնորդ է։ Հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում իրական հոգևորականի էությունից։
Չպետք է մոռանալ, որ Տավուշում ու առհասարակ երկրում տեղի ունեցողը ոչ թե սովորական, այլ ամբողջ հայ ժողովրդի իրավունքների ու արժանապատվության համար գոյաբանական պայքարի մաս է։