«Այստեղ խոսույթի մեջ շատ կարեւոր, ընդգծված արտահայտություններ էին գնում: Ռուբեն Ռուբինյանն ասում էր՝ ձեր դաշնակիցները՝ ակնարկելով ՌԴ-ին ու երեւի թե Իրանի Իսլամական Հանրապետությանը: Շնորհակալություն, պարոն Ռուբինյան, ձեր դաշնակիցները թուրք-ադրբեջանականներն են, այո՛, մեր դաշնակիցներն էլ ռուսներն են, պրծա՞նք, սա՞ է ձեր ուզածը»,-այսօր ԱԺ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:
«Բայց դուք ի՞նչ գիտեք ես ում էի ակնարկում»,- տեղից արձագանքեց ԱԺ փոխխոսնակ Ռուբինյանը՝ հավելելով. «Իրականում ՀՅԴ-ն իր պատմության ընթացքում այնքա՜ն դաշնակիցներ է ունեցել՝ երիտթուրքերից սկսած, ՀՀԿ-ով վերջացրա՜ծ»:
Տեղից հուշեցին՝ «ձեզնով ավարտած»՝ նկատի ունենալով, որ ժամանակին ՔՊ-ի հետ էլ են համագործակցել ու ՔՊ-ի կառավարության մաս կազմել: Ռուբինյանը պատասխանեց. «Չէ, մեզնով ավարտած չի, որովհետեւ մեզնից հետո նոր դաշնակիցներ եք ձեռք բերել, ընենց որ շատ բարդ է իմանալ, թե ես ում էի ակնարկում, ում ասես՝ կարող է ակնարկեի»:
Կարդացեք նաև
ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ հայտարարեց, թե՝ «ՀՅԴ-ն դաշնակիցներ երբեք էլ չի ունեցել, այլ՝ տերեր, հիմա էլ է այդ տրամաբանությունը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ