Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարևում են սահմանամերձից»

Ապրիլ 30,2024 23:53

Կութ և Սոթք համայնքների մասին

Կութ տանող ճանապարհն է․ կիսաքանդ, կիսաքա՞նդ․ ցանկության դեպքում դժվար չէ այն գտնելը։ Գյուղ մտնելիս, բացի ձյունից, որը սառն է փչում, մի բան էլ կա, որ տխրություն է հաղորդում․ մաշված ցնցոտիավոր տներն են։ Որոշ տներ կտուր չունեն, որոշ տներ էլ՝ պարզապես չորրորդ պատ կամ հերթական քարը, որ պիտի ամբողջացնի շինությունը։

Հատուկենտ տներ կան՝ մեկումեջ նշմարվում են կիսափլատակների մեջ իրենց բարվոք վիճակով․ իրենց մասին հոգ տանող կա, քանդողներ վաղուց չկան գյուղում։ Երերացող տները մեր ներկայիս ազգային պատկերն են արտացոլում։

Մենք էլ էդ տների պես ինչ-որ անորոշ ճակատագիր ունենք․ կքանդվենք՝ կմնանք, կշենանա՞նք, կշենացնե՞նք, թե՞ եղածն էլ կթողնենք ու գլուխներս կախ մեր անպետք գոն քարշ կտանք, դա էլ հարց է՝ մեր տանիքի տակ թե՜․․․

 

Երկու կարևոր մարմինների շենքերն են՝ մեկը համայնքապետարանն է, մյուսը՝ դպրոցը։ Դպրոցը 1969թ․-ի կառույց է, վաղուց է ինչ վերանորոգման կարիք ունի․ վերանորոգման աշխատանքներ տարվել են, բայց ոչ թե պետական բյուջեից տրամադրված գումարով, այլ՝ ՄԱԿ-ի կամ այլ հասարակական կազմակերպությունների ու նախաձեռնությունների։ Կարիքները շատ են․ տարբեր աջակցության ծրագրերի շնորհիվ վերանորոգվել է տանիքը, փոխվել են առաջին հարկի պատուհանները, ստեղծվել է ջրագիծ, կառուցվել՝ սանհանգույց, ՄԱԿ-ի տրամադրած շինարարական պարագաներով ստեղծվել է ճաշարան, հիմա այնտեղ սնվում են 1-ից 4-րդ դասարանի երեխաները։

Վարչական ղեկավարն ու դպրոցի տնօրենը համատեղ ուժերով են իրականացնում վերանորոգման աշխատանքները։ Համագործակցել են Վորդ Վիժնի, Վիվա բարեգործական ընկերության և ՄԱԿ-ի հետ։ Համայնքապետարանի տանիքին արևային պանելներ են տեղադրվել, որ խնդիրներ ծագելու դեպքում գոնե հոսանքի մի աղբյուր լինի։

Դպրոցում սովորում է 19 աշակերտ

Գործում է երկու եռահամակազմ դասարան, մեկ՝ երկհամակազմ, և երկու՝ առանձին։

Առանձին դասարաններում՝ մեկական աշակերտ։

Առաջնային խնդիրներից մեկը ֆիզկուլտուրայի դահլիճն է, որ շահագործման ենթակա չէ։

«Նախքան մի բան նստել մտածելն ու օրենք ընդունելը առաջին հերթին թող մտնեն մեր գյուղի պես գյուղերը, մարդկանց հետ շփվեն, մենք էլ մեր նկատառումներն անենք, մեր կարծիքն էլ հաշվի առնեն, գրելուց մենակ Երևան քաղաքի համար չգրեն»։

Աղվան Կոստանյան.
Կութ համայնքի դպրոցի տնօրեն

«Դպրոցի աշխատողները հերոսի կոչում պիտի ստանան»,- ասում է դպրոցի տնօրեն Աղվան Կոստանյանն ու հավելում,- «կրակոցների ժամանակ բարձրանում կանգնում էի գյուղապետարանի դիմաց, որ տեսնեին, որ էստեղ ենք, գյուղից մարդիկ դուրս չգան, չփախնեն»։

Գրիչթաքցնոցի խաղացե՞լ եք

Երեխաներն իրենց համար խաղ են հնարել, անունը՝ գրիչթաքցնոցի։ Նրանցից որևէ մեկը թաքցնում է գրիչը, մյուս երեքը պարտավորվում են գտնել այն։ Դասամիջոցներին են խաղում։ Ժիրայրի մասին բոլորը գիտեն․ 2021թ․-ին նրա մասին լրատվականները խոսեցին, որպես այդ տարվա Կութի միակ առաջին դասարանցի։ Որպես ավագ եղբայր հաճախ իր քույրիկին՝ Արփիին էլ է օգնում, իրար կողքի են նստում։

Չորրորդ դասարանցի Նարինեն էլ երգել է սիրում, ասում է՝ ճիշտն ասած նկարելն այդքան էլ լավ չի ստացվում ինձ մոտ։ Մեծանա, ուզում է վարսահարդար դառնալ։ Վարդենիսում երաժշտական դպրոց կա, ամեն երկուշաբթի ուրախ ավտոբուսը Կութի, Սոթքի ու հարակից շրջաններից հավաքում է երեխաներին ու տանում հերթական դասին։


Եթե դպրոց են գնում, ուրեմն ամեն ինչ լավ է․․․

«Հեռավար դասերի ընթացքում երեխեքն անընդհատ հարցնում էին՝ բա երբ ենք գալու դպրոց,- պատմում է Արիանա Ղարիբյանն ու շարունակում,- հասկացա, որ իրենց մոտ ընկալումն էսպես է․ եթե դպրոց ենք գնում, վերջ, ամեն ինչ լավ ա»։

«Գյուղում երեխեքը զբաղվածություն չունեն, ու բնականաբար իրենց միակ տնից դուրս գալու առիթը դպրոցն է։ Տանն էլ, բնական է, մեծերի խոսակցությունները բացասական թեմաներով են լցված՝ վախեր, սահմանային անկայունություն, երկրի անկայուն իրավիճակ, բնականաբար սա ազդում է երեխաների վրա,- ասում է ընկեր Ղարիբյանը։

«Դպրոցը իրենց համար հաճելի միջավայր է․ երեխաներն էլ բավականին բաց ու ինքնուրույն են։ Դպրոց ավելի հանգիստ են գալիս, ոնց որ փրկվելու տեղ լինի իրենց համար։ Հոգեբանական թեստ կա, երբ երեխաների հետ ապահով տեղ թեմայով պիտի նկարեինք, գրեթե բոլորը դպրոցն ու հարակից խաղադաշտն էին նկարել, բայց ոչ տունը։ Տանը վախենում են։ Կրակոցների ժամանակ խաղադաշտում խաղում էին, ասացինք, որ ներս գան, ասում էին՝ չէ, մեզ ոչ-մի բան էլ չի լինի․ մենք իրենցի՛ց սովորեցինք ուժեղ լինել։

Երեխեքը սկզբում չէին խոսում, լուռ նստում էին։ Հիմա աշխատելու արդյունքում քիչ-քիչ բացվել են, նույնիսկ կարող են հումորներ անել էդ թեմայի շուրջ»։

Բարձր դասարանի աշակերտներն իրենց ջանքերով հովանավորներ են գտնում․ վերջերս 20 արկղ գիրք է ստացել գյուղի գրադարանը։

«Մեզ մոտ խնդիրը առաջին հերթին անվտանգային է, որ դա լուծվի, մնացած ամեն ինչ նորմալ է». Կութի համայնքապետ՝ Գրիգորի Ավագյան

Երկու-երեք ընտանիք են եղել արտագաղթող, դա էլ վաղուց էր պլանավորված, պատերազմն ուղղակի արագացրել է դուրս գալու ընթացքը։

Մարդիկ 30 և ավել տարի ստեղծել են, կառուցել, հիմնավորվել, ամեն դեպքում հեշտ չի էդ ամենը թողնել գնալը։

Բնակիչների թիվը 150-160-ի է հասնում, ըստ վարչական ղեկավարի՝ թիվը փոփոխական է՝ եղանակով պայմանավորված։

«Ամառը շատանում են, Վարդենիսից գալիս են, անասուններին բերում, մինչև աշուն մնում, ձմռանը նորից հետ են վերադառնում, գարնանը՝ ապրիլի վերջ մայիսի սկիզբ նորից գալիս։ Դրա համար փոփոխական է էդ թիվը։


Պատերազմի ընթացքից հիշողություններն այդքան էլ հուսադրող չեն։

«Մի շաբաթ գյուղում մարդ չի եղել, երկու ախպերով ենք եղել ու մի քանի գյուղացի, ընդհանուր վեց հոգի, վեց ավտոմատով,- պատմում է համայնքապետը։

Ռմբակոծության հետևանքով գյուղապետարանը զրկվել է իր գույքի մեծ մասից։

«Միակ լավ վիճակում մնացած սենյակի ջարդված լուսամուտների փոխարեն տոպրակ էինք քաշել ու տենց աշխատում էինք․ լույս, դե, չկար տանից գեներատոր էի բերել, որ գոնե գրություններին կարողանանք պատասխանել»։

Կութին չէինք հասցրել կարգին հրաժեշտ տալ, 7 րոպե անց Սոթքում էինք։

Սոթքը Կութից 2 կմ․ հեռավորության վրա է, գյուղի բնակիչներից Հայկը կատակում է, թե՝ էստեղ ավտոմատով չեն կարող կրակել, իսկ Կութում կարող են։

Ժամանակին Սոթքն առանձին գավառ է եղել։ Դրախտիկից մինչև Արծվանիստ, Սևանի հարավարևելյան ավազանը, ամբողջը Սոթք գավառն է կազմել։ Սկզբում Սյունիք նահանգի մեջ է եղել, հետո՝ Արցախ նահանգի։

Հանքի տարածքում հին բնակատեղի կա, ըստ երևույթին բնակավայրը սկզբում էնտեղ է եղել, էնտեղ նաև քարավանատուն կա։ Դվինից ճանապարհը գնացել է Պարտավ, Աղվանքի մայրաքաղաք։

Այդ ճանապարհի վրա մի քարավանատունը եղել է Սելիմի, մյուսը՝ Սոթքի քարավանատունը։

Էստեղ կանգ են առել հանգստացել, հետո շարունակել ճանապարհը Արցախով դեպի Աղվանք, դեպի Պարտավ։

Հայկն ու Գայանեն

Երկուսն էլ ուսուցիչներ են ու դասավանդում են հենց Սոթքի դպրոցում․ Հայկը պատմության ուսուցիչ է, իսկ Գայանեն դասվար։

Արդեն մեկ տարի է իրենց բիզնեսն ունեն։ Մի քանի անգամ անհաջող բիզնես ծրագիր ներկայացնելուց հետո վերջապես հաջողվում է դրամաշնորհ ստանալ։

Յուղ ստանալու նոր սարքավորումների նախատիպը գերաններն էին, Տաթևում Գայանեի ամուսինը տեսել էր դրանք ու սկսել հետաքրքրվել, թե յուղի ստացման ի՞նչ նոր տարբերակներ կան։ Մինչ դա էլ կտավատի սերմեր էին ցանել ու գոհացնող բերք ստացել։

Յուղը իրացնողներն էլ հենց գյուղի բնակիչներն են։ Պատվերը տալիս են, յուղն այդ ժամանակ էլ քամում, թարմ տալիս են պատվիրատուին։

Պրոցեսը անցկացվում է սառը ճզմման միջոցով։ Նախապես սերմերը չեն բովվում՝ ինչպես շատերի մոտ, դրա համար էլ յուղից դառնահամ չի գալիս, դա էլ հենց գրավող իրողություն է։ Ե՛վ օգտակարությունն է պահպանվում, և՛ տհաճ համ ու հոտ չկա։

Կտավատը հավաքելիս են խնդիրներ առաջանում։ Հատիկները մանր են, իսկ կոմբայնը՝ ցորենի համար է նախատեսված, կորուստ շատ են ունենում, ինչպես Գայանեն է կատակում՝ միանգամից հա՛մ քաղում ենք, հա՛մ ցանում։

Թափոն չեն ունենում գրեթե, որովհետև արդեն մզված կտավատը խառնում են եգիպտացորենի, գարու, ցորենի հետ ու որպես անասնակեր տալիս իրենց կենդանիներին․ գառներ ու հավեր են պահում։

Էն ժամանակ կենտրոն էր, հիմա ծայրամաս ենք դարձել

Հանքի փակվելուց հետո, գյուղի այն բնակիչներն ովքեր աշխատում էին էնտեղ, և հիմնական զբաղմունքը դա էր, լքում են գյուղը։

Հանքն ունեցել է մոտավորապես 1000 հոգի աշխատող, որոնցից 30-ը՝ Սոթքից։

«Կրճատումներն էլ նպաստեցին, որ մարդիկ դուրս գան»,- ասում է Հայկը։

Հանքը մասամբ է գործում։

Նախկինում բաց հանքը ևս աշխատում էր, հիմա աշխատում է միայն գետնափոր հատվածը։ 1000 աշխատողից մոտ 200-250 աշխատող է մնացել։

«Հանքում աշխատողի միջին աշխատավարձը 300-350․000 է եղել, հիմա էդ աշխատավարձ ստացած մարդիկ, նույն գումարով չեն կարող աշխատանք գտնել»։

Հայկը փաստում է, որ տնտեսական մյուս հարվածն էլ ճանապարհի փակվելն էր։

«Երբ ճանապարհը բաց էր էստեղ ահագին զարգանում էր։ Շարժը կար, առևտուրը շատ էր։ Էն ժամանակ կենտրոն էր, էստեղից Երևան ու էստեղից Ստեփանակերտ, իսկ հիմա ծայրամաս ենք դարձել»։

Եկեղեցին է պահում գյուղը

Սոթքում եռանավ բազիլիկ եկեղեցի կա։ Կառուցվել է Դոփյան իշխանական տան կողմից, հիմքերի վաղեմությունը հասնում է մինչև 7-ից 9-րդ դարեր։ Մի քանի վերականգնում է ունեցել․ վերականգնման ժամանակ մոտ գտնվող միջնադարյան գերեզմանատան խաչքարերից են օգտագործել՝ վերականգնման համար։

2008թ․-ին դրվել է խաչը։

Եկեղեցին ցավոք քահանա չունի, արարողություններ քիչ են լինում, բայց Վարդենիսի հոգևոր հովիվը հաճախ գալիս է։ «Եկեղեցին է պահում գյուղը,- ասում է Գայանեն,- բնակիչներն ովքեր սիրում են, հաճախ են գալիս, խնամում ու մաքրում եկեղեցին»։

Սոթքում քառակողմ խաչքարներ էլ են եղել, դրանցից երկուսը Վրաստան է տեղափոխվել, մեկն Էջմիածնում է։

Ուրարտական շրջանում ամրոց դիտակետ էլ է եղել, որը միջնադարյան շրջանում գերեզմանատան է վերածվել։ Հայտնի է նաև 1919թ․-ի «Զոդ» օպերացիան։

Հայկը պատմում է, որ երբ Սիլիկյան եղբայրների ջոկատն է գալիս էստեղ, այդ շրջանում այս տարածքում ապրող թուրքերն իրենց լավ հյուրընկալում են ու գիշերը սպանում բոլորին։

Հետագայում «Զոդ» օպերացիայի արդյունքում, երբ գրավում են այս տարածքը, եղբայրական գերեզմանոց են սարքում ու 80 հոգու մարմինները թաղում էստեղ։

Գյուղից վերև վաղբրոնզեդարյան կիկլոպյան ամրոց կա, որը մինչև ուշ բրոնզեդար բնակեցված է եղել։

30 և ավել տարի՝ սոթքեցի

Հաջորդ կայարանը ընկեր Մնացականյանենց տունն էր։ Նա մեզ համար ավանդական կերակուրներով սեղան էր պատրաստել՝ Խոխոփ էր եփել, չրերով էլ՝ գաթա թխել։

Տիկին Ադելինան Շահումյանի շրջանից է․ Սոթք եկել են 1991թ․-ին՝ Արցախյան շարժման ժամանակ։

«Երբ թուրքերը Շահումյանի շրջանի երեք գյուղեր տեղահանեցին՝ Մանաշիկ, Բուսլուխ, Էրքեջ, գյուղի մի ծայրից ռուսական զորքը մտավ նրանց հետ, մյուս ծայրից մենք դուրս եկանք տրակտորի թափքով։ Երեխաներին լցրեցինք տրակտորի թափքը, ու գյուղի նոր բացած ճանապարհով՝ անտառի միջով, դուրս եկանք ու հասանք շրջկենտրոն»։

Այստեղ տիկին Ադելինային դիմավորողներն իր ծնողներն էին, ովքեր ևս դատարկաձեռն դուրս էին եկել տնից ու տեղափոխվել Երևան։ Իրեն օգնելու համար, միասին տեղափոխվում են Կութ․․․

Տիկին Ադելինայենց բակի գամփռն է, տունն է հսկում։

«Մոտակա գոմից աթար կտրեցինք, լքված ֆերմա էր, առաջին անգամ աթար տեսանք մեր անտառի փայտի փոխարեն․ ասացինք, էլի փառք Աստծու, որ էստեղ էլ ջերմություն ու տանիք ունեցանք։

Մեզ սրերով ընդունեցին․ ինչ է կարմիր խնձո՞ր ենք ուղարկել ձեր ետևից, որ եկել եք։ Որ հորանցս տանն էի, հայրս շրջկենտրոն՝ Վարդենիս էր գնացել, մի կին ավտոմեքենան վերցրած տղայի հետ եկավ, աթարը բարձում էր։ Ասացի, շատ եմ խնդրում էլի, մի տարեք, ես երեխաներով եկել եմ էստեղ, էս աթարի հույսին ենք, որ ձմեռը դրանով անցկացնենք։ Ասաց էդ լեզվիդ տերն ես, որ էդ օրին ես՝ ամուսինդ քեզ թողել է․ ամուսինս կռվում էր էդ ժամանակ, ասացի՝ թողեք գոնե ձմեռն անցկացնենք, գուցե ամեն ինչ լավ ավարտվի, հետ գնանք, չլսեց։ Հայրս եկավ տեսավ ինչ է պատահել, ասաց՝ մի նեղվի բալաս, սա էլ կանցնի»։

Սեղանին՝ պանիր, շուշանի ու խոզի կաշվի թթու էր դրված։

Կոմպոտներն էլ իր ձեռքով է փակել տիկին Ադելինան, ասում է՝ մերոնք թթվաշ չեն սիրում, հիմնականում շաքարը մի քիչ շատ եմ լցնում։

Հաղարջի կոմպոտ կար, սալորի էլ բացեց, ասաց՝ հետո ինչ՝ բացած կա, մեկն էլ բացեմ, մեկդ սա կխմեք, մեկդ՝ մյուսը։


Գայանեն բալիկի է սպասում․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930