Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում (ՖԽՎ) ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մերի Գալստյանը մասնակցել է ՖԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստին:
Հայկական պատվիրակությունն առաջարկել է փոփոխություններ եւ լրացումներ կատարել հանձնաժողովի ամփոփիչ զեկույցում, որոնք ընդունվել են:
Մերի Գալստյանը հանդես է եկել ելույթով.
«Քաղաքական հանձնաժողովի հարգելի՛ նախագահ, հարգելի՛ գործընկերներ, տիկնա՛յք եւ պարոնա՛յք, թույլ տվեք, նախեւառաջ, խորին երախտագիտություն հայտնել Լյուքսեմբուրգի խորհրդարանին այս նիստի կազմակերպման համար:
Կարդացեք նաև
Հարգելի՛ գործընկերներ,
Մեր նախորդ հանդիպումից հետո Հայաստանում տեղի են ունեցել ծանր եւ ողբերգական իրադարձություններ, որոնց մասին պարզապես չեմ կարող չնշել: Նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանը, ի կատարումն էթնիկ զտումների իր երկարամյա քաղաքականության, լայնածավալ հարձակում իրագործեց Լեռնային Ղարաբաղի վրա:
Չափազանց ցավալի է, որ ի հեճուկս հարյուրավոր ահազանգերի, Արդարադատության միջազգային դատարանի որոշումների, Եվրոպական խորհրդարանի, ԵԽԽՎ-ի եւ առանձին երկրների խորհրդարանների բանաձեւերի, գործադիր մարմինների կոչերի՝ միջազգային հանրությունը, մենք բոլորս ի վիճակի չեղանք կանխելու հայերի էթնիկ զտումները Լեռնային Ղարաբաղում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում թեմային առնչվող երեք քննարկում ենք նախաձեռնել, բայց քննարկումները որեւէ գործնական արդյունք չունեցան եւ, ահա, Լեռնային Ղարաբաղն այլեւս հայաթափված է: ՌԴ խաղաղապահ զորախմբի անգործության պայմաններում ավելի քան 100 հազար հայեր մեկ շաբաթվա ընթացքում լքեցին Լեռնային Ղարաբաղի իրենց տներն ու բնօրրանը:
ԼՂ բռնի տեղահանվածների հումանիտար ճգնաժամը թիվ մեկ օրակարգն էր Հայաստանում վերջին կես տարում եւ շարունակում է մնալ՝ ի լրումն անվտանգային ռիսկերի, որոնք ամբողջությամբ դեռեւս չեն չեզոքացել:
Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին եւ միջազգային կազմակերպություններին, որոնք շարունակական աջակցություն են ցուցաբերում մեր երկրին այս հումանիտար ճգնաժամը հաղթահարելու գործում:
Չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավար Հայաստանը 2020թ.-ից ի վեր ենթարկվում է ծանր փորձությունների՝ մենք հաստատակամ ենք, որ ժողովրդավարությունն է ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զարգացումը եւ կայունությունը տարածաշրջանում:
Մեր տարածաշրջանը, Հարավային Կովկասն ունի խաղաղության կարիք, եւ Հայաստանն առավել քան երբեւէ վճռական է բոլոր հնարավոր քաղաքական եւ դիվանագիտական ջանքերը գործադրելու մեր տարածաշրջանում այդքան բաղձալի խաղաղությանը հասնելու համար բացառապես երկու երկրների` Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը հարգելու միջոցով, որի հիմքում պետք է լինեն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի սկզբունքները:
Հաջորդ կարեւոր քայլը տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հասնելու համար տարածաշրջանի երկրների կողմից ճանապարհային եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքների ապաշրջափակումն է՝ միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու իրավազորությունը հարգելով:
Հայաստանը տարածաշրջանին առաջարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, համաձայն որի՝ Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց սուվերենության, իրավազորության հիման վրա, առանց որեւէ միջանցքային խոսակցությունների միմյանց համար պետք է բացեն իրենց ճանապարհները:
Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել վերոնշյալ սկզբունքների, մոտեցումների եւ պայմանավորվածությունների լիակատար պահմանման եւ փոխադարձության պայմանով:
Հարգելի գործընկերներ, եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր գործընկերներին այս բարդ ժամանակահատվածում Հայաստանի կողքին լինելու եւ Հայաստանի խաղաղության օրակարգին սատարելու համար:
Շնորհակալություն ուշադրության համար»,- ասել է պատգամավորը:
ԱԺ