ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Տավուշի մարզի Կիրանց գյուղում 2021թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցել է 182 մարդ: Նրանցից 140-ը ընտրել է «քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը: Ոսկեպարում՝ 359 մասնակցից 285-ը ընտրել է ՔՊ-ին: Բերքաբերում՝ 301 մասնակցից 245-ը ձայն է տվել ՔՊ-ին: Բաղանիսում՝ 388-ից 274-ը քվեարկել են ՔՊ օգտին: Ջերմուկում՝ 3728-ից 1755-ը ՔՊ է ընտրել: Գեղարքունիքի մարզի Սոթքում 1237-ից 533-ը ընտրել են ՔՊ-ին: Սյունիքի Իշխանասարում՝ 134 մասնակիցներից 106-ը ընտրել է ՔՊ-ին, Ներքին Հանդում՝ 56-ից 24-ն են ընտրել ՔՊ-ին, Շուռնուխում՝ 69-ից 33-ը, Տեղ խոշորացված համայնքում՝ 2385-ից 1448-ը ընտրել են ՔՊ և այսպես շարունակ:
2020թ. դավադիր պարտությունից, այնուհետ ՀՀ տարածքների օկուպացիան թույլ տալուց և ՀՀ անվտանգային համակարգը խարխլելուց հետո՝ պարտված և կապիտուլյացիա ստորագրած Նիկոլը, պատասխանատվության ենթարկվելու փոխարեն, վերընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում:
2021թ. արտահերթ ընտրությունների արդյունքները նշանակում են, որ մեր ժողովրդի զգալի մասին կարելի է հեշտությամբ խաբել ու մանիպուլացնել:
Կարդացեք նաև
Սա նշանակում է, որ ոչ դավաճան կապիտուլյանտ ՔՊ-ն է մեղավոր, ո՛չ հայրենատեր ու պետականաստեղծ նախկինները, ո՛չ ամերիկացիները, ո՛չ ռուսները, ոչ էլ եվրոպացիները: Առաջին և միակ մեղավորը մենք ազգովի ենք, որ մեր ճիշտն ու սխալը, լավն ու վատը, կարևորն ու երկրորդականը չենք կարողանում ճանաչել ու գնահատել:
Նախ դավաճանության մեջ հիմնավոր կասկածվող վարչապետ Նիկոլի հետ ընտրության գնալ չէր կարելի: Սակայն նույնիսկ այդ պարագայում, 2021թ.-ին Նիկոլը «շանս էր տվել» մեր ժողովրդին՝ փոխել իրավիճակը, կանգնեցնել պարտության շղթան, հրաժարվել թուրք-ադրբեջանական պարտադրվող օրակարգերից: Բայց այդ շանսն օգտագործելու և օրինական եղանակով իշխանությունը փոխելու փոխարեն, խաբված ու կուրացած ժողովուրդը նորից ընտրեց պարտության, պատերազմի ու կորուստների ճանապարհը:
2021թ. արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել են 24 քաղաքական միավոր: Նիկոլից ու ՔՊ-ից բացի՝ ցանկացած այլ ուժ ընտրվելու պարագայում երկիրն այսքան վատ վիճակում չէր հայտնվի: Իսկ ազգային ուժերի ընտրվելու պարագայում՝
Արցախը կմնար այնպես ինչպիսին եղել է 2020թ. նոյեմբերի 10-ի դրությամբ,
ՀՀ օկուպացված տարածքները շատ արագ կազատագրվեին,
սահմանազատում-սահմանագծում գործընթացը չէր լինի Հայաստանի տարածքների հաշվին,
բոլոր գերիները վերադարձված կլինեին,
Արցախի Հանրապետության ապագայի հարցում կլիներ որոշակի առաջընթաց,
ՀՀ Զինված Ուժերի կարողությունները, պետության պաշտպանունակության և անվտանգության համակարգերը բավականաչափ վերականգնված կլինեին,
երկրում կփոխվեր ապատիայի, անտարբերության և անհանդուրժողականության միջավայրը,
արտագաղթն ու պետական պարտքը այսքան մեծ չափերի չէր հասնի
Ադրբեջանը չէր պարտադրի ՀՀ-ին՝ փոխել սահմանադրությունը, իսկ Թուրքիան չէր պարտադրի՝ հրաժարվել Ցեղասպանության հարցից:
Այս ամենը 2021թ. կախված էր Հայաստանի քաղաքացիներից, բայց ցավոք քաղաքացիները շարունակեցին ինքնակործանման ճանապարհը՝ ակամայից օգնելով ներքին և արտաքին թշնամիներին:
Վաղն ավելի ուշ է լինելու, իսկ մեկ երկու տարի հետո՝ գուցե այլևս անդառնալի:
Խելքի աշեցե՛ք սիրելի քաղաքացիներ, շտկեք գործած սխալները և բացի ձեզանից ուրիշ ոչ մեկին մի մեղադրեք: Կամ մեղադրելուց առաջ գոնե հիշեք, թե ինքներդ ո՞ւմ օգտին էիք քվեարկում 2018թ. դեկտեմբերի 9-ին և 2021թ. հունիսի 20-ին: Այդ երկու օրերը հայկական պատմության օրացույցում ներկվել են սևով:
Եթե քվեարկել եք
Արցախը թշնամուն հանձնելու և հայաթափելու համար,
Հայաստանը թուրք-ադրբեջականակ տանդեմի ազդեցության տակ դնելու և սահմանները խոցելի դարձնելու համար,
ներքին ատելություն, կեղծիք, խաբեություն և պառակտումներ սերմանելու համար,
Ազգային Բանակը, Եկեղեցին և հայի տեսակը ջլատելու համար,
ձեր երեխաների ապագան թրքացնելու համար՝
ուրեմն ճիշտ եք արել, որ ընտրել եք ՔՊ-ին:
Եթե ո՛չ, ուրեմն մտածեք սխալներն ուղղելու մասին և որքան շուտ ուղղեք սխալները՝ այնքան մեծ են խաղաղ և անվտանգ ապրելու շանսերը: Լա՛վ մտածեք, որովհետև սեղանին դրված է յուրաքանչյուր երեխայի ապագայի հարցը: