Այսօր ԱԺ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը ներկայացրեց «ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որին բացասական եզրակացություն էր տվել իշխող ուժը: Նա ահազանգեց, որ կառավարությունը, առանց որեւէ իրավական հիմնավորման, սահմանազատումից անդին նույնիսկ սահմանագծում է անում՝ տեղադրելով սահմանային սյուներ:
ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հակադարձեց. «Պարո՛ն Խաչատրյան, ՀՀ տարածքից ոչ մի միլիմետր չի զիջվում ոչ մեկի: Այս պահին ընթացող սահմանազատման եւ սահմանագծման գործընթացները ոչ այլ ինչ են, քան ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ գոյություն ունեցող ՀՀ պետական սահմանների վերարտադրություն: Այդ սահմանի վրա կարելի է սյուն տեղադրել: ՀՀ տարածքից ոչ մի մմ ո՛չ զիջվում է, ո՛չ էլ նույնիսկ փոխանակվում»:
Նա ասաց, որ նախագիծը ներկայացրել է «Հայաստան» խմբակցությունը՝ «կայսրության» հետ ու իրենք մերժել են այն, քանի որ ՀՀ տարածքը 29 հազար 743 քկմ է ու ՀՅԴ-ի անկեղծ ցանկությունը՝ ունենալ ավելի մեծ Հայաստան, ցավոք, օգտագործվում է կայսրության կողմից՝ հանգեցնելու ավելի փոքր Հայաստանի կամ առհասարակ ՀՀ պետականության վերացման:
Քվեարկությունից առաջ ՀՅԴ խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը 20 րոպե ընդմիջում հայտարարեց: Դա քվեարկության արդյունքը չփոխեց. Կողմ էր միայն ընդդիմությունը՝ 27 պատգամավոր, 51 «դեմ» ձայնով հայտարարության նախագիծը չընդունվեց:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ