«Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում եւ կոչվում է պիլոտային սահմանազատում, իրականում ՀՀ-ն մաս-մաս կտրտելով՝ թշնամուն տալու գործընթաց է»,-այսօր ԱԺ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ ներկայացնելով «ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որին բացասական եզրակացություն էր տվել իշխող ուժը:
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց, որ այդ գործընթացը սկսել է Շուռնուխից ու տարածքները, որոնց համար տրված էին ՀՀ կադաստրի կոմիտեի վկայականներ, առանց որեւէ հիմնավորման տրվեցին թշնամուն: Նույնը հիմա կատարվում է Տավուշում:
Նա նշեց, որ այս հայտարարության նախագիծը մշակել են, որ կանխեն այն գործընթացը, որն իշխանությունները ոգեւորության պահին կոչում են սահմանազատում. «Հասկանանք ինչ հիմքով է տեղի ունենում սահմանազատումը, առաջարկեցինք առաջնորդվել իրավական փաստաթղթերով, վերջիվերջո, անել այն, ինչ կառավարությունը խոստացավ ու դրժեց»:
Արթուր Խաչատրյանը հիշեցրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքը, որն ասել էր՝ երբ քննարկումն ավարտեն, երկու երկրներն էլ փաստաթուղթը կդնեն ներպետական շրջանառության մեջ՝ որպես օրենքի նախագիծ. «Կառավարությունը փոխվարչապետի մակարդակով դրժեց իր խոստումը՝ որեւէ փաստաթուղթ չի ներկայացվել: Փորձեցինք լրացնել այդ բացը, եւ ի՞նչ: Որեւէ բան չի կատարվում: Կառավարությունը մի բան էլ առաջ է գնացել՝ սահմանազատումից բացի մի բան էլ իրականացնում է սահմանագծում. «Փաստացի այնտեղ սյուներ են դրվել, ո՞վ է այդ իրավունքը տվել, ո՞ւմ հրամանով է դա եղել: Հանձնաժողովը, որը ստեղծվել է՝ սահմանազատման եւ սահմանային անվտանգության, զուտ խորհրդատվական բնույթի մարմին է: Ո՞ւմ է տվել այդ խորհուրդը: Այս հայտարարության մեջ կա եւս մի սկզբունքային կետ, որից իշխանությունը խուսափում է՝ ինչպես ժանտախտից: Մենք հստակ նշում ենք, որ ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ սահմանային կոնտուրների գծումը որեւէ կերպ չի կարող ազդել արցախյան հակամարտության կարգավորման գործընթացի վրա»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ