Հայաստանն իր ինքնիշխանությունը կորցրել է դեռևս 1998-ի փետրվարի 3-ին, ու դրանից հետո Հայաստանում ինչ տեղի է ունեցել՝ տեղի է ունեցել տերերի փնտրտուքի տրամաբանության մեջ։ Ռուսներին լավագույն տերեր համարողները պայքարել են նրանց դեմ, ովքեր մտածել են, որ Արևմուտքը մեզ ավելի լավ տիրություն կաներ, ու այդպիսով երկու մասի բաժանված «քաղաքական դաշտի» մասերից յուրաքանչյուրն աջակցություն ու «բոնուսներ» է ստացել իր աշխարհաքաղաքական հովանավորներից։ Այն դեպքում, երբ ելքն ի սկզբանե կանխորոշված էր։ Որովհետև հասկանալի էր, որ ինքնիշխանության փաստացի կորստից (1998-ից) հետո Հայաստանի համար իրական ընտրությունը լինելու է ոչ թե Արևմուտքի ու Ռուսաստանի, այլ «թուրքական վիլայեթ» կամ «ռուսական գուբերնիա» դառնալու հեռանկարների միջև, ու այդ դեպքում հայ ժողովուրդը համարյա հարյուր տոկոսով ընտրելու է «ռուսական գուբերնիան»։ Այլ հարց է, որ նման, թեկուզ՝ կանխորոշված արդյունքին հասնել հնարավոր էր միայն մի քանի փուլով։
Առաջին փուլը փայլուն իրականացրեց Ռոբերտ Քոչարյանը՝ նախ պետական հեղաշրջման միջոցով փակելով Հայաստանի ինքնիշխանության հեռանկարը, ապա «գույք՝ պարտքի դիմաց» ծրագրով երկիրը համարյա անհաղթահարելի կախվածության մեջ դնելով Ռուսաստանից։ Երկրորդ փուլի խնդիրներն այլ էին՝ հայ ժողովրդին ցույց տալ, որ թուրքերի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու պատրանքներ չարժե ունենալ, Արևմուտքին ցույց տալ, որ Հայաստանի վրա չարժե երկարաժամկետ խաղադրույք կատարել, և երկրում ստեղծել այնպիսի «գաղջ մթնոլորտ», որ ցանկացած պահի հնարավոր լինի իշխանափոխություն իրականացնել և սկսել երրորդ փուլը։ Այդ դերն էլ փայլուն կատարեց Սերժ Սարգսյանը․ «ֆուտբոլային դիվանագիտությամբ» ցույց տվեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պատրանք է, հետո էլ մի գիշերվա մեջ Հայաստանը մտցրեց Մաքսային միություն՝ այդպիսով Արևմուտքին ցույց տալով, որ մեզ վրա խաղադրույք կատարելն անլուրջ է։
Ու եկավ երրորդ փուլի կամ Նիկոլ Փաշինյանի հերթը։ Նրա խնդիրը հետևյալն էր՝ ակնհայտ հակառուսական հռետորաբանությամբ Ռուսաստանի համար Ադրբեջանին օգնելու և մեր պարտությանը նպաստելու պատրվակ ստեղծել, հետո՝ անհեթեթ որոշումներով Հայաստանն է՛լ ավելի խոցելի դարձնել ադրբեջանական սպառնալիքների հանդեպ, հետո երկիրը հասցնել մի վիճակի, որ ագրեսիան անխուսափելիորեն սկսվի, իշխանափոխություն տեղի ունենա, ու արդեն չորրորդ փուլում հաջորդ իշխանությունները Ռուսաստանին ծնկաչոք խնդրեն գալ ու «փրկել մեզ»։
Մարկ Նշանյան
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ իշխանություն»-ում: