Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապայմաններ Երեւանին` Պուտին-Ալիեւ հանդիպումից հետո

Ապրիլ 30,2024 10:30

Ալիեւը գոհ է, թե ինչպես է ՌԴ-ն տարածաշրջանում անվտանգային հարցեր լուծում, իսկ Պուտինը ռուս խաղաղապահների` ԼՂ-ից հեռանալու ֆոնին, գովեստի խոսքեր շռայլեց Ալիեւի հոր հասցեին

Ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի բանակցություններից 10 օր անց Երեւանում Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտնեց, որ Ղազախստանը պատրաստ է հարթակ տրամադրել հայ-ադրբեջանական բանակցությունների համար, անգամ վստահեցրեց, որ Երեւանն ու Աստանան պայմանավորվել են ակտիվորեն համատեղ աշխատել, մասնակցել խաղաղության գործընթացին ու հավելեց. «Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն տրամադրել այստեղ եւ բարի ծառայությունների առաքելություն ստանձնել»։

Ղազախական «անսպասելի» առաջարկից ուղիղ մեկ շաբաթ անց, Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման ֆոնին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ապրիլի 22-ին աշխատանքային այցով Մոսկվա այցելեց, որտեղ արժանացավ Ռուսաստանի նախագահի կողմից ջերմ ընդունելության:

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, այցն իրականացվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Պուտին-Ալիեւ հանդիպման օրակարգում` «ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության եւ դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման առանցքային հարցերն» էին, ինչպես նաեւ` «տարածաշրջանային խնդիրները»:

Սակայն ուշագրավ էր, որ Մոսկվան Ալիեւի հետ հանդիպման առիթ էր ընտրել Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու կառուցման 50-ամյա հոբելյանը, թեեւ դրա բուն հանդիսավոր միջոցառումները, ըստ ռուսական աղբյուրների, նախատեսված են հուլիսին։ Խորհրդային տարիներին իրականացված մեգանախագիծը, ինչպես Պուտինը հանդիսավոր կերպով շեշտեց` իրականացրել է Իլհամ Ալիեւի հոր՝ խորհրդային Ադրբեջանի ղեկավար, ԽՍՀՄ փոխվարչապետ, հետագայում արդեն անկախ Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը: Կրեմլը պաշտոնապես ազդարարել էր, որ երկու երկրների ղեկավարները հանդիպում են Բայկալ-Ամուրյան երկաթուղային մայրուղու` ԲԱՄ-ի, շինարարության վետերանների հետ: Երկաթուղային մայրուղու կառուցումը ԽՍՀՄ-ում հռչակվել է որպես համամիութենական կոմսոմոլի շինարարական նախագիծ։

Հեյդար Ալիեւն ամեն ինչ արեց, որպեսզի ԲԱՄ-ի նախագիծը կայանա, ապրիլի 22-ին Իլհամ Ալիեւի եւ ԲԱՄ-ի վետերան շինարարների հետ հանդիպմանը մեծ ակնածանքով ու հպարտությամբ հայտարարեց Պուտինը: «Հեյդար Ալիեւը հսկայական դեր է խաղացել ԲԱՄ-ի պատմության մեջ։ Նա վերահսկում էր շինարարությունը եւ արեց հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս ամենաբարդ նախագիծն իրագործվի: Այս գործում նրան օգնեցին հսկայական գիտելիքները եւ մարդկանց նկատմամբ հարգալից վերաբերմունքը: Նա ինքն էր մեկնում ԲԱՄ-ի օբյեկտներ, զրուցում շինարարների եւ բնակիչների հետ»,- ասաց ՌԴ նախագահը։

Ինչ վերաբերում է Ալիեւին, ապա նա Պուտինի հետ հանդիպմանն արձանագրեց, որ Ադրբեջանը գոհ է, թե ինչպես են տարածաշրջանում Ռուսաստանի մասնակցությամբ անվտանգային հարցերը լուծվում: Ուշադրության էր արժանի այն հանգամանքը, որ այս խոսքերը հնչում էին Արցախից ռուսական զորախումբը վաղաժամ դուրս բերելու շուրջ Մոսկվայի հետ ձեռք բերված պայմանավորվածության ֆոնին: Մոսկվան, ինչպես նկատում ենք, Բաքվից դժգոհ չէ, ռուսների բոլոր դժգոհությունները բացառապես Երեւանին են ուղղվում:

«Տարածաշրջանային անվտանգության խնդիրները մշտապես գտնվում են մեր հանդիպումների օրակարգում, եւ մենք ուրախ ենք, ինչպես են դրանք լուծվում: Ռուսաստանն է Կովկասում ավելի լայն աշխարհագրությունում տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից հիմնարար երկիրը, եւ մեր երկրների փոխազդեցությունից շատ բան կախված է», – Պուտինի հետ բանակցություններից առաջ նշեց Ալիեւը՝ շեշտելով, որ Բաքուն միտված է է՛լ ավելի ամրապնդելու վստահությունը, համագործակցությունը, փոխըմբռնումը՝ Մոսկվայի հետ բոլոր հարցերը լուծել փոխգործակցության եւ փոխադարձ շահերից ելնելով: «Աշխատում ենք երկու տարի առաջ կնքված դաշնակցային հռչակագրի շրջանակում: Ինչպես նկատեցիք, օրակարգը շատ ընդարձակ է, այն ընդգրկում է նաեւ տրանսպորտի բաղադրիչը: Իրականացնում ենք Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագիրը, որը միավորում է մեր երկրներն ու գործընկերներին: Այն մեծ նշանակություն ունի բեռնափոխադրումների անվտանգության տեսանկյունից, ինչպես նաեւ խթանելու է շատ երկրների առեւտրային հարաբերությունները: Օրակարգում լինելու է նաեւ տարածաշրջանի անվտանգային իրավիճակը»,- նշեց Ալիեւը:

Տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցերը քննարկվեցին փակ դռների հետեւում: Պուտին-Ալիեւ բանակցությունների մեկնարկին իր խոսքում ՌԴ նախագահն անվտանգության, տարածաշրջանային հարցերին չանդրադարձավ, միայն նշեց, որ թեման ադրբեջանցի պաշտոնակցի հետ կքննարկի փակ դռների հետեւում. «Կքննարկենք նաեւ իրավիճակը՝ տարածաշրջանում անվտանգության ապահովման տեսանկյունից։ Այստեղ հարցերը շատ են, դրանք շատ զգայուն հարցեր են»։ Փոխարենը Պուտինը մանրակրկիտ խոսեց ռուս-ադրբեջանական տնտեսական համագործակցությունից՝ հատուկ ընդգծելով, որ երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը գերազանցել է 4 միլիարդ դոլարը, ռուսական կապիտալն էլ Ադրբեջանում գնահատվում է մոտ 6 միլիարդ դոլար։

Նկատենք, որ ապրիլի 22-ին Պուտին-Ալիեւ հանդիպումը դա առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր նրանց՝ երկուսի, նախագահի պաշտոնում վերընտրվելուց հետո։ Ինչո՞ւ Մոսկվան որոշեց ՌԴ խաղաղապահ զորախումբը ժամկետի ավարտից շուտ դուրս բերել ԼՂ-ից, կամ, որ առավել կարեւոր հարց է` ինչի՞ դիմաց Կրեմլը որոշեց այդպես վարվել… Այս թեմաների վերաբերյալ մեկնաբանություններ Պուտին-Ալիեւ բանակցությունների հրապարակային հատվածում չհնչեցին։

Ռուսաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների զարգացման ցանկություն ու ներուժ ունեն, իր հերթին արձանագրեց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Ադրբեջանը մեր մեծ հարեւանն է, բարեկամը, գործընկերն ու դաշնակիցը»։ Նա նշել է, որ Մոսկվան եւ Բաքուն ունեն շատ ընդհանուր շահեր, ինչպես նաեւ համագործակցության մեծ ներուժ եւ երկկողմ հարաբերությունների հարուստ ավանդույթներ: Պեսկովի խոսքով՝ երկու կողմերն էլ քաղաքական կամք ունեն «ամեն կերպ շարունակելու եւ զարգացնելու այդ հարաբերությունները»։ Նկատենք, որ Պեսկովն ակնկարկել էր, որ Ալիեւից հետո Մոսկվայում սպասում են Փաշինյանին։

Պուտինի հետ հանդիպումից մեկ օր անց, Ալիեւը հայտարարեց, Ադրբեջանն ու Հայաստանը ընդհանուր պատկերացում ունեն, թե ինչպիսին է լինելու խաղաղության համաձայնագիրը երկու երկրների միջեւ, եւ հիմա միայն պետք է մշակել մանրամասները, որի համար երկու կողմերին ժամանակ է անհրաժեշտ։ Բաքվում այդ օրն անցկացվող համաժողովում Ալիեւը վստահեցրեց, որ Բաքուն եւ Երեւանը հիմա մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, քան երբեւէ նախկինում։ «Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իրենց մոտ։ Մենք համաձայնվել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա», հավելեց Ալիեւը, միաժամանակ շեշտելով, որ խոսքը ոչ թե միջնորդության, այլ զուտ բանակցությունների համար հարթակ տրամադրելու մասին է։

Ալիեւը որոշեց շոշափել նաեւ «Զանգեզուրի միջանցքի» թեման, վստահեցնելով, թե այն «հստակ արտացոլված է 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ», միեւնույն ժամանակ նաեւ խոստովանեց. «Այո՛, «Զանգեզուրի միջանցք» բառը չի նշվել, բայց ասվել է, որ տրանսպորտային կապ կապահովվի Ադրբեջանի արեւելյան հատվածի եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, որի վերահսկողությունն էլ պետք է ապահովեն ռուսական սահմանապահ ուժերը։ Դրա տակ ստորագրել են նախագահ Պուտինը, վարչապետ Փաշինյանն ու ես։ Այժմ, սակայն, Հայաստանն արդեն ավելի քան երեք տարի է, ինչ ոտնահարում է այդ կետը, բայց չէ՞ որ դա իրենք են ստորագրել։ Այժմ նրանք փորձում են ազատվել այդ կետից։ Դա, սակայն, անհնար է», – ասաց Ալիեւը՝ շարունակելով. «Նրանք արգելափակում են Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության հետ ցամաքային ուղու կառուցումը։ Սա շատ հիասթափեցնող պահվածք է։ Ինչպես է ստորագրվել եռակող հայտարարությունը՝ այլ պատմություն է, ինչ պայմաններում է այն ստորագրվել՝ բոլորը գիտեն, բայց այնտեղ Հայաստանի վարչապետի ստորագրությունն է դրված, եւ այն պետք է հարգել»:

Այնուհետեւ, Ալիեւը մեղադրանքներից անցավ Հայաստանի նկատմամբ պահանջների ներկայացմանը: «Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը, հրաժարվի Արարատ լեռը որպես խորհրդանիշ օգտագործելուց եւ ցամաքային կապ ապահովի Ադրբեջանի արեւելյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ»,- նշեց Ալիեւը Բաքվում կայանալիք COP 29 բնապահպանական համաժողովին ընդառաջ կազմակերպված քննարկման ժամանակ։ «Հայերը պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը։ Ես դա ասում եմ ոչ այն պատճառով, որ ցանկանում են խառնվել այլ երկրի ներքին գործերին։ Ես դա ասում եմ, որովհետեւ Հայաստանի Սահմանադրության տեքստում հիշատակված է Անկախության հռչակագիրը, որում էլ, իր հերթին, գրված է, որ այսպես կոչված՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Ինչպե՞ս մենք կարող ենք խաղաղության պայմանագիր ստորագրել, երբ նրանք Սահմանադրության մեջ նման հիշատակում ունեն։ Այնպես որ, երբ ես ասում եմ, որ նրանք պետք է փոխեն Սահմանադրությունը, ոչ թե որովհետեւ ես կոպիտ եմ եւ ամբարտավան, այլ որովհետեւ դա նախապայման է», ասաց նա։ Ալիեւի խոսքով, սակայն, դա Հայաստանի Սահմանադրությունում կատարվելիք միակ փոփոխությունը չպետք է լինի. «Կարծում եմ՝ նույնն է նաեւ ազգային խորհրդանիշի՝ Արարատ լեռան պարագայում: Այն պետք է փոխվի։ Նրանք Հայաստանում բազմաթիվ այլ լեռներ ունեն, թող դա պատկերեն»։

Ալիեւն այս հավաքում առաջին անգամ մեկնաբանեց նաեւ Տավուշի մարզի եւ Ղազախի շրջանի սահմանագծին գտնվող չորս գյուղերի տարածքների` Ադրբեջանին հանձնման գործընթացը՝ ընդգծելով, որ սահմանազատումը հնարավոր է դարձել որեւէ երրորդ կողմի միջամտության բացառման շնորհիվ. «Այն, ինչ տեղի է ունենում այժմ մեր սահմանին, ցույց է տալիս, որ երբ մեզ միայնակ են թողնում, եւ որեւէ մեկը չի ցանկանում օգտագործել այս իրավիճակն իր քաղաքական հավակնությունների համար, մենք ավելի արագորեն կարող ենք համաձայնության գալ»։

Խոսելով խաղաղության պայմանագրի մասին՝ Ալիեւը պնդեց, թե դրա կնքումն այսօր ավելի քան իրական է. «Առարկայական բանակցությունները նոր-նոր են մեկնարկում», դրանց «հաջող ավարտի համար ժամանակ եւ քաղաքական կամք է հարկավոր», ապա հավելեց. «Մենք այժմ ընդհանուր ըմբռնում ունենք, թե ինչ տեսք պետք է ունենա խաղաղության պայմանագիրը։ Պարզապես հարկավոր է դետալների մշակման ուղղությամբ աշխատել։ Երկու կողմերին էլ ժամանակ է անհրաժեշտ։ Ամեն դեպքում, կարծում եմ, որ Բաքուն եւ Երեւանը դեռ երբեք խաղաղության պայմանագրի ստորագրմանն այսքան մոտ չեն եղել»։

Ապրիլի 26-ին արդեն, Ալիեւի վերոնշյալ հայտարարություններից 3 օր անց հայտնի դարձավ, որ Երեւանը համաձայնվել է Ղազախստանում Բաքվի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։ ՀՀ ԱԳՆ-ից հայտարարեցին, որ ղազախական կողմի առաջարկով նախարարների հնարավոր հանդիպման ամսաթվի մասին կտեղեկացնեն դրա շուրջ պայմանավորվելուն պես: «Հայաստանը դիտարկում է եւ կողմ է այն միջնորդական ջանքերին կամ բանակցությունների անցկացման հարթակներին, որոնք իրապես միտված են Հարավային Կովկասում հարատեւ խաղաղության հասնելու նպատակին, աջակցում են հիմնարար սկզբունքների ու փոխհամաձայնեցված փաստաթղթերի, այդ թվում՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի կողմից միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման ու սահմանազատման գործընթացին», – նշվեց ԱԳՆ հաղորդագրությունում: Հիշեցնենք, որ Միրզոյանն ու Բայրամովը վերջին անգամ բանակցել էին փետրվարին Բեռլինում:

Արձանագրենք, որ Բաքուն շարունակում է բանակցությունների սեղանի շուրջ սպառնալիքով առաջնորդվել, միաժամանակ վստահեցնում են, թե իբր Երեւան-Բաքու առանձին շփումներն արդյունավետ են: Այսպես շարունակվում է, քանի դեռ Ալիեւը տեսնում է, որ դա թույլ է տալիս պաշտոնական Երեւանը: Հիմա խաղաղության պայմանագիր կնքման հարցում Ադրբեջանի նախագահը ներկայացնում է նախապայմանների շարքը` ՀՀ Սահմանադրության փոփոխություն, Արարատ լեռը որպես խորհրդանիշ չպետք է օգտագործվի եւ պետք է ցամաքային կապ ապահովվի Ադրբեջանի արեւելյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ: Ի դեպ, օրերս «Ազատությանը» ԱԳՆ-ից հայտնեցին, որ Երեւանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական առաջարկները: Սա արդեն տեքստի 9-րդ խմբագրությունն է: Հետաքրքրական է, եթե սահմանազատման հարցում Բաքուն կողմ է Ալմաթիի հռչակագրին, կհաջողվի՞ այն ամրագրել նաեւ խաղաղության պայմանագրում: ՀՀ իշխանության ներկայացուցիչները, ուշագրավ է, որ խուսափում են այս թեմայից: Ավելին, ՀՀ ԱԳՆ-ն իր հայտարարությամբ բավական ուշագրավ արձանագրում էր արել պաշտոնական հաղորդագրության մեջ: Ապրիլի 19-ին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպման արդյունքների վերաբերյալ տարածված հայտնի հաղորդագրության մեջ մի այսպիսի կետ կար. «Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել, որ սահմանազատման գործընթացում կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Կողմերը պայմանավորվել են նաեւ տվյալ հիմնարար սկզբունքն ամրագրել Կանոնակարգի նախագծում (եթե հետագայում ՀՀ եւ ԱՀ միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին Համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա կանոնակարգի համապատասխան դրույթները կհամապատասխանեցվեն տվյալ Համաձայնագրով սահմանված սկզբունքներին)»: Այսինքն, պաշտոնական Երեւանը պատրա՞ստ է նաեւ բավարարել Ալիեւի հերթական քմահաճությունը, եթե նա հրաժարվի «առաջնորդվել» Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով: Այս դեպքում էլ Հայաստանի իշխանությունը կհամաձայնի՞ «այլ կարգավորումներով» Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Դե լավ էլի՝ալիւին սարքել եք ՀՀ հեռուստա-ինտերնետ աստղ՝ուր բացում ենք նա է՝կարծես այլ դարդ ու ցավ չունենք։Նախանձում եք ՌԴ-ի հետ հարաբերություններդ չքանդեիք։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930