Լրահոս
Օրվա լրահոսը

Ոստիկանության վայրագությունները «ժողովրդավարության միջնաբերդում»

Ապրիլ 30,2024 10:00

2004 թվականի ապրիլի 12-ին Բաղրամյան պողոտայում «կարմիր բերետավորները», կատարելով այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանը, վայրագ ձեւով հարձակվեցին ցուցարարների վրա: Քաղաքացիները պահանջում էին վստահության հանրաքվե անցկացնել: Այդպիսի կետ կար դրանից մեկ տարի առաջ ընդունված ՍԴ որոշման մեջ. բարձր դատարանն առաջարկում էր վիճահարույց նախագահական ընտրություններից մեկ տարի անց պարզել՝ արդյոք Հայաստանի քաղաքացիները վստահո՞ւմ են պաշտոնական արդյունքներով ընտրված նախագահին:

Իհարկե, այդ օրը ոստիկանության ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին վայրագություններն էին, եւ շատերը ապրիլի 12-ի իրադարձությունները համարում են «մարտի 1-ի» նախերգանքը:

Դրանից մի քանի ամիս անց՝ 2004-ի աշնանը ԵԽԽՎ-ն բանաձեւ ընդունեց, որում դատապարտում էր այդ բռնությունները: Քոչարյանի արձագանքը հետեւյալն էր՝ ԵԽԽՎ-ն մեզ համար պոլիտբյուրո չէ: Իբր, նրանք ո՞վ դառան, որ որոշեն մեր ժողովրդավարության մակարդակը: Չնայած’ մինչ այդ իշխանությունը գլուխ էր գովում, որ հեղինակավոր միջազգային կազմակերպությունները բարձր են գնահատում հայաստանյան ժողովրդավարությունը:

Հայաստանի Երրորդ Հանրապետության ընթացքը կրկնվող սյուժեների պատմություն է: Այդ նույն ոստիկանական ստորաբաժանումներն այսօր նույն եւ նույնիսկ ավելի դաժան բռնությունների են դիմում, առանց որեւէ հիմքի մարդկանց բերման են ենթարկում, ճիշտ նույն մեթոդներով խոչընդոտում են լրատվամիջոցների աշխատանքը:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները, մասնավորապես, «Ֆրիդոմ հաուսը», մեկումեջ արձանագրում են այդ վայրագությունները: Իսկ ՔՊ-ականների արձագանքը հետեւյալն է՝ «Ֆրիդոմ Հաուսը» չի որոշում՝ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, թե՝ ոչ: Այսինքն՝ այդ կազմակերպությունը ՔՊ-ականների համար «պոլիտբյուրո» չէ: Չնայած’ դրանից առաջ պարծենում էին, որ ամբողջ աշխարհն է հիանում մեր ժողովրդավարությամբ:

Լեզուն, բնականաբար, ոսկորներ չունի, եւ ՔՊ-ականները դարձյալ կարող են պնդել, որ Հայաստանը ժողովրդավարության միջնաբերդ է: Եվ բացառված չէ նաեւ, որ արեւմտյան որոշ քաղաքական գործիչներ, Ռուսաստանի հետ ինչ-որ հաշիվներ ունենալով, կարող են կրկնել այդ հեքիաթը: Բայց ով դեմ է ոստիկանական բռնություններին, ով դեմ է ընդդիմախոսներին «փակելուն», նա պետք է դեմ լինի միշտ՝ անկախ նրանից, թե քաղաքական ո’ր թայֆան է այսօր իշխանության գլխին:

…Իրականում Փաշինյանն ավելի քան նման է Քոչարյանին. նա ոչ մի բանի առաջ չի կանգնի՝ իր իշխանությունը պահելու համար:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ալֆրեդ says:

    Ոչ, Փաշինյանը Քոչարյանի նման չէ։Քոչարյանը նախագահի ժամկետը վերջացնելով հեռացավ։Իսկ Փաշինյանը կգնա՞։Ես խիստ կասկածում եմ

  2. Ասֆալտին պառկեցված says:

    Ինչքան երկրի ղեկավարը անկիրթ, հիշաչար, վախկոտ ու ինքնասիրահարված է լինում, այնքան նրա կողմից բերետավորներին առավել դաժանությունների հրահանգներ է տրվում: նիկոլի դեպքում գումարվում է նաև լեդի հակոբյանի ֆակտորը, օրինակ՝ վերջինիս կողմից ԱԺԲ-ի նկատմամբ ունեցած աբիժնիկությունը, այսինքն մեկ շաբաթ առաջ Ծիծեռակաբերդի նի-կոլ դա-վա-ճան վանկարկումներից մնացած ծանր հիշողությունները:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930