ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Տավուշում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կիրանց գյուղի բնակիչների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։
«Մենք կապ ենք հաստատել հանդիպման մասնակիցների հետ, իրենք շատ հուզված, մտահոգ ու վրդովված են։ Գնահատականներ շատ ենք տվել, այս ամենի մասին շատ է խոսվել։ Մեր այն բոլոր մտահոգությունները, որոնք կային, հաստատվել են։ Այսինքն՝ գյուղը բաժանվում է երկու մասի։ Կամրջի հատվածը, տների հատվածը, այն մարդիկ, որոնք իրենց կադաստրի վկայականներով մի քանի օր առաջ եկել էին, այդ ամենը հաշվի չի առնվել։ Գյուղացիները բազմաթիվ հարցեր են ուղղել՝ իրենց հետագա ապրելու, ապահովության հետ կապված։ Որեւէ հարցի պատասխան չի տրվել։ Անգամ աբսուրդային պատասխաններ են հնչել, որ իբր այդ ամենից հետո հնարավոր է նաեւ նորից ոտնձգություններ լինեն, որ անվտանգության երաշխիք չկա։ Այս մարդը գյուղի մեջ բերում ու նստեցնում է ադրբեջանցիներին՝ առանց որեւիցե երաշխիքի։ Ասում է՝ ես որեւիցե երաշխիք չեմ կարող տալ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։
«Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար Աբրահամ Գասպարյանն էլ հավելեց, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունն առաջիկա քայլերի մասին կհայտարարի։ «Բայց խնդրում եմ առաջիկա երկու-երեք օրվա ընթացքում զինվել համբերությամբ, որովհետեւ իսկապես հուժկու գործողությունների գնալու մեր կամքն արտահայտելու ենք առաջիկա օրերին»,- ասաց նա։
Կարդացեք նաև
«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն էլ ասաց․ «Համոզված եղեք, որ իրականում այս ամենը շատ մոտ է ավարտին։ Յուրաքանչյուր հուսահատություն կամ որեւէ անկումային տրամադրություն ուղղակի դուրս մղեք, լցվեք պայքարով, հույսով, այս ամենը շատ մոտ է ավարտին, եւ ոչ միայն այս անարժանապատվության ընթացքը, ստորացման ու նվաստացման ընթացքը, այլ նաեւ այս ստի շղթան։ Այս շղթան անպայման շատ շուտով կոտրվելու է։ Այս գործընթացը բերելու է ոչ միայն սրա կասեցմանը, այլ նաեւ նոր սկզբին, հինն այլեւս գոյություն չունի, իսկ նորը դեռ չի ձեւավորվել»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ