Aravot.am-ի տեղեկություններով՝ իրավապահները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանը «Համայնքի սեփականության գույքի ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման հիման վրա 2006 թվականի նոյեմբերի 15-ին. Հրազդան համայնքի անվամբ գրանցված մի բնակարան թոշակառու Մ.Մ-ին տրամադրելու անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին:
Ինչի արդյունքում Մ.Մ-ին ներկայացրել է իբրև տվյալ գույքի վարձակալ և հափշտակություն կատարելու միասնական դիտավորությամբ, օգտագործելով տվյալ գույքի նկատմամբ տնօրինման, տիրապետման և օգտագործման լիազորությունները, «Հրազդան քաղաքային համայնքի ավագանու» առանց հաշվառման համարի որոշումը ստորագրել է վերջինիս փոխարեն, դրա հիման վրա համայնքային սեփականություն հանդիսացող շուրջ 5.000.000 դրամ շուկայական արժեքով տվյալ անշարժ գույքն առքուվաճառքի 2007 թվականի պայմանագրով ընդամենը 20.000 դրամ գումարով օտարել է Մ.Մ-ին եւ վատնման եղանակով հափշտակել է խոշոր չափերի՝ ընդհանուր 4.980.000 դրամ արժողությամբ գույքը:
Արամ Դանիելյանը Aravot.am-ի հետ զրույցում զարմացավ իրեն վերագրվող արարքից, ասաց՝ նման բան պարզապես հնարավոր չէ, ինքը նման բան չի կազմակերպել, չէր էլ կարող կազմակերպել: Նախկին քաղաքապետի խոսքով՝ նշված թոշակառուին չի ճանաչել ու ընդհանրապես նման դեպքով իրավապահներն իրեն չեն էլ հարցաքննել: Պարոն Դանիելյանն ասաց, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո ավելի հանգամանալից կկարողանա մեկնաբանել, որովհետեւ այս պահին չի պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ