Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք թույլ չենք տալու, ինչ արել եք, դրա պատասխանը պետք է տաք, անպատասխան չեն մնալու ձեր գործերը»․ Բագրատ Սրբազան

Ապրիլ 29,2024 22:33

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Տավուշում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Կիրանց գյուղի բնակիչների եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպմանը։

«Այն ժողովուրդը, որին արցունքի եք արժանացրել, որը ՀՀ սահմանն է պահել, հերոսական կռվել, առանց բանակի մարտնչել ու կյանքեր զոհաբերել, հիմա կառավարության ու նրա ղեկավարի պատճառով մատնվել է անզորության, ընկճման։ Այդ հոգեբանությունն եք փորձել դնել իրենց մեջ, մարդիկ արցունքով են, այսօր գյուղում դա է տեղի ունենում, երեխաները, կանայք, նույնիսկ տղամարդիկ, անհուսության մեջ, մարդիկ մոլորված են, չեն կարողանում պատկերացնել, որ սա իրականություն է։

Մենք թույլ չենք տալու դա, ինչ արել եք, դրա պատասխանը պետք է տաք, անպատասխան չեն մնալու ձեր գործերը։ Այս խավարի մեջ գործված խավարային գործերը չեն մնալու անպատասխան։ Թե ինչ է տեղի ունեցել, կիմանանք, երբ մեր սիրելի ժողովուրդը կվերադառնա։ Այնքան ազնվություն ու միամտություն ունեն այս մարդիկ, որ մինչեւ վերջին վայրկյանը հավատում էին, որ ինչ-որ բան պետք է լինի ի օգուտ իրենց»,- ասաց Բագրատ Սրբազանը։

Նա հավելեց․ «Մեր ժողովրդի կյանքը մեզ համար առաջնային ու բարձրագույն արժեք ունեցող է, եւ այն մարդիկ, ովքեր խաբել են, ստել են, ահաբեկել են, չեն կարող անպատասխան շարունակել իրենց կենսագործունեությունը։ Մենք հայրենիք չունենք որեւէ մեկին տալու, մենք արդեն ծանր հարվածներ ստացել ենք մեր Արցախի կորստով, մեր սահմանների կորստով։ Չի վերջացել եւ չի վերջանալու ճշմարտության համար հաղթանակի երթը»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930