Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության. Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ապրիլի 29-ին այցելել է Արարատի մարզի Զանգակատուն համայնքի միջնակարգ դպրոց:
Դպրոցականների հետ հանդիպումն ու զրույցն անցկացվել են Պաշտպանի նախաձեռնությամբ՝ «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի «Սերունդ» ծրագրի շրջանակներում: Ներկա են եղել հաստատության սաները, ուսուցչական կազմը, մարզպետարանի և ՄԻՊ ներկայացուցիչները:
Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու` որպես բարձրագույն արժեքի երաշխավորման կարևորությունը։
Զրույցի ընթացքում աշակերտները խոսել են իրենց հետաքրքրող տարբեր հարցերի մասին։
Կարդացեք նաև
«Մարդու իրավունքների պաշտպանության համակարգը հիմնված է հստակ արժեքների վրա, իսկ այդ արժեքները մեր հասարակության մեջ կարող ենք արմատավորել միայն կրթության միջոցով։ Այդ առումով յուրաքանչյուրս պետք է դրսևորի մոդելային վարքագիծ։
Պետք չէ հերոսի կերպար ձևավորել` թվացյալ մեծ խնդիրների մասին խոսելով։ Մարդու իրավունքների երաշխավորման համակարգի իրական պատկերն արտահայտվում է իրավունքներին առնչվող բոլոր խնդիրները միասնական չափանիշներով հաղթահարելու և բոլոր, այդ թվում` խոցելի խմբերի իրավունքների երաշխավորման իրական գործիքակազմեր գործադրելու առկայության պարագայում։ Մարդասիրությունն ու ոչ երբեք հերոսանալու ձգտումն են հանգեցնում մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատշաճ գործունեության», – նշել է Պաշտպանը:
Այս համատեքստում Անահիտ Մանասյանն ընդգծել է, որ կրթության ամենակարևոր արդյունքը պետք է լինի հանդուրժողականության արմատավորումը, առանց որի չի կարող գոյություն ունենալ մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ համակարգ:
Հանդիպման ավարտին Մարդու իրավունքների պաշտպանը դպրոցականներին հանձնել է հուշանվերներ, պատրաստակամություն հայտնել աջակցելու նրանց նախաձեռնություններին։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ