Լրահոս
Օրվա լրահոսը

«Ե′վ Ադրբեջանը, և′ ՀՀ-ն գտնում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեռած է, բայց թաղված չէ»․ Արա Այվազյան

Ապրիլ 29,2024 22:20

«Իրենք ի՞նչն են ողջունում՝ պարտադրանքի, ուժի սպառնալիքի կիրառման արդյունքում մեկնարկած գործընթա՞ցը։ Իրենք շատ լավ հասկանում են, որ ապօրինի գործընթաց է և բացարձակապես չի նպաստելու ո′չ խաղաղությանը, ո′չ կայունությանը մեր տարածաշրջանում»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի նախկին արտգործնախարար Արա Այվազյանը՝ անդրադառնալով Տավուշում սահմանազատման գործընթացին միջազգային դերակատարների արձագանքին։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչ ակնկալել Ալմա Աթայում առաջիկայում կայանալիք Միրզոյան-Բայրամով հանդիպումից, Արա Այվազյանը պատասխանեց․ «Երկար ժամանակահատվածում տեսնում ենք՝ պարբերաբար տարբեր ձևաչափերով և արտաքին գերատեսչության ներկայացուցիչներ, բարձրագույն իշխանության ներկայացուցիչներ մասնակցում են բազմակողմ կամ երկկողմ հանդիպումների։ Ամենակարևոր հարցը՝ այդ ամենի արդյունքում ի՞նչ է շահում ՀՀ-ն։ Կհամաձայնեք, որ Ադրբեջանը գնալով նոր ձեռքբերումներ է արձանագրում։ Եվ յուրաքանչյուր հանդիպման գնալով՝ արդյոք մենք նոր զիջումների մասին չե՞նք պայմանավորվում։ Արտաքին քաղաքականության բովանդակությունը պետք է արմատապես փոխվի»։

Հարցին՝ Ձեզ համար կանխատեսելի՞ էին այս զարգացումները, երբ Դուք ԱԳ նախարար էիք, Արա Այվազյանը պատասխանեց․ «Այն ժամանակ պատերազմը նոր էր ավարտվել, որակապես այլ իրավիճակ էր։ Հասկանալի էր, որ Ադրբեջանը չի սահմանափակվելու ձեռք բերածով և փորձելու է առաջ մղել իր ռազմավարական շահերը։ Մենք շատ լավ հասկանում էինք, որ պատերազմը տեղափոխվել է դիվանագիտական դաշտ, և ստանձնել էինք այդ պատասխանատվությունը։ Այն կարճ ժամանակ, որ մեր թիմով աշխատել ենք, որոշ ձեռքբերումներ ունեցել ենք։ Չէինք կարող նման զարգացումներ կանխատեսել, որովհետև այն ժամանակ խոսք չէր կարող գնալ, որ ՀՀ-ն ինքնահեռանում է Արցախի հարցի արծարծումից»։

Պատասխանելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի դրույթների կատարմանը վերաբերող հարցերին՝ Արա Այվազյանն ասաց․ «Նոյեմբերի 9-ի համաձայնագրի տարբեր դրույթներ միակողմանիորեն խախտվել են Ադրբեջանի կողմից։ Այսօր խոսել վերջին կետի մասին, ինձ թվում է այդքան ազնիվ չէ։ Որոշ չափով և′ Ադրբեջանը, և′ ՀՀ-ն գտնում են, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը մեռած է, բայց թաղված չէ»։

Մանրամասները՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930