Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանային սևքարցի Մարգարիտան՝ իր բիզնեսի և հաջողության մասին

Ապրիլ 29,2024 20:35

Մարգարիտա Եգանյանը ՀՀ Տավուշի մարզի սահմանային Սև քար համայնքի բնակիչներից է։ Նա ԵՄ LEADER համայնքային զարգացման մեթոդաբանությամբ Հայաստանում ստեղծված ութ տեղական ակտիվ խմբերից (ՏԱԽ) մեկի՝ «Աղստևի հովիտ» ՏԱԽ-ի կառավարման խորհրդի անդամներից է։

Aravot.am-ի հետ զրույցում պատմեց՝ բավականին երկար ճանապարհ են անցել մինչև «Աղստևի հովիտ» ՏԱԽ-ը հիմնել ու կայացրել են, որի կազմում այժմ կա 27 մասնակից։

Աղստևի հովիտ» ՏԱԽ-ի դրամաշնորհի միջոցներով Մարգարիտան կարողացել է ընդլայնել իր փոքրիկ բիզնեսը։ Մեզ հետ զրույցում ձեռքին մի կանաչ ատլասից կտոր էր։ Ոգևորված ցույց էր տալիս, թե ինչքան գեղեցիկ զգեստ կարելի է կարել այս կտորից։

Նա ասաց, որ «Աղստևի հովիտ» ՏԱԽ-ի դրամաշնորհի միջոցներով կարողացել է ձեռք բերել երկու կարի մեքենա և ևս մեկ սարք, ինչի շնորհիվ կարողացել է ընդլայնել իր բիզնեսը․ «Ես մինչև դրամաշնորհ ստանալն ունեի իմ փոքրիկ բիզնեսը, իսկ դրամաշնորհն օգնեց ինձ ընդլայնել այն։ Այժմ արդեն իմ բիզնեսում ներգրավված են երկու կին օգնականներ՝ մեր և հարակից գյուղերից»։

Հայաստանում կայուն զարգացմանը և գյուղական համայնքների բնակիչների կենսամակարդակի բարելավմանն ուղղված ԵՄ LEADER մեթոդաբանությունը ԵՄ ֆինանսավորմամբ տեղայնացվել է Լոռու և Տավուշի մարզերում՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից ու Շիրակի մարզում՝ Ավստրիական զարգացման գործակալության կողմից: LEADER մեթոդաբանությունն իրականացվում է ՏԱԽ-երի միջոցով, որոնք, առաջնորդվելով գործընկերության և նորարարության մոդելով, համախմբում են տեղական իշխանությունների, տեղական բիզնեսների և տեղական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ ապահովելու շոշափելի արդյունքներ և նպաստելու տեղական զարգացմանը։

Տավուշում, Լոռիում և Շիրակում այժմ գործում են ութ ՏԱԽ-եր, որոնք մասնակցային գործընթացի միջոցով հաստատված առաջնահերթություններին համապատասխան օժանդակում են զարգացման ծրագրերի իրականացմանն իրենց տարածքներում։

Արտադրանքի իրացման համար Մարգարիտան համագործակցում է համայնքի խանութների հետ, ինչպես նաև իրենց արտադրանքն ուղարկում են Իջևան․ «Կարում ենք գրեթե ամեն ինչ՝ զինվորական բաճկոններ, անկողնային պարագաներ, մանկական հագուստ, մեծերի հագուստ, գրեթե ամեն ինչ։ Կարողանում ենք նաև իրացում ապահովել»։

Ըստ Մարգարիտա Եգանյանի՝ ՀՀ համայնքներում այսօր ամենամեծ խնդիրներից մեկը շարունակում է մնալ զբաղվածության հարցը։ Ասաց, որ դրամաշնորհի միջոցներով կարողացել են լուծել երկու կանանց զբաղվածության հարցը, սակայն նպատակ ունեն իրենց գործը նաև ընդլայնել և ավելի շատ կանանց ներգրավել․ «Համայնքային կյանքում զբաղվածության խնդիրն այսօր իրոք հրատապ է։ Կցանկանայի ավելի շատ կանանց ներգրավել իմ գործում, քանի որ խոցելի խումբը կանայք են։ Իհարկե, բոլորն էլ կցանկանային աշխատանք ունենալ, սակայն այս պահին այդ խնդիրը դեռ կա։  Շատ լավ կլիներ, որպեսզի շատերը մասնակցեին այս ծրագրին, քանի որ այն շատ արդյունավետ է»։

Ըստ մեր զրուցակցի՝ ԵՄ LEADER մեթոդաբանությունն արդյունավետ գործիք է համայնքային զարգացման համար։ Հետաքրքրվեցինք՝ այդ մոտեցումն ինչպե՞ս է օգնել իրեն ու իր համայնքին, Մարգարիտան պատասխանեց․ «Ծրագիրն ինձ շատ է օգնել։ Դրամաշնորհի միջոցներով, ինչպես նաև իմ փոքրիկ ներդրմամբ այս արդյունքին ենք հասել։ Կցանկանայի, որպեսզի բոլորը մասնակցեին։ Իհարկե, մի քիչ աշխատատար է, բայց լավ աշխատանքի դեպքում լավ արդյունքներ կարելի է գրանցել»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Սույն հոդվածը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Սույն հրատարակության բովանդակության բացառիկ պատասխանատվությունը կրում է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագիրը և այն ոչ մի կերպ չի կարող արտահայտել Եվրոպական միության տեսակետները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930