Լրահոս
Օրվա լրահոսը

«Այսօր պարզվել է, որ ինչ-որ տարածք կա, որը պետք է հայտնվի Ադրբեջանում, կիրանցեցիները պահանջում են կամայական սահմանագծում չանել»․ հանդիպում կառավարությունում

Ապրիլ 29,2024 19:01

Կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչների հետ։ Քիչ առաջ կառավարության շենք են ժամանել Տավուշի մարզպետն ու ՆԳ նախարարը։ Կիրանցի 10 բնակիչներ են հրավիրել կառավարություն։

Տավուշում տարածքների հանձնման դեմ պայքարը շարունակվում է։ Այս օրերին բողոքի ցույցեր են անցկացվում հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանում։ Հիշեցնենք, որ մարդիկ բողոքում են Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ։  Կառավարությունը տեղեկացրել է, որ Տավուշում արդեն տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։

Տավուշի բնակիչները լրագրողներին ասել են, որ այդ հանդիպումը չի կարող ազդել գործընթացների վրա, պայքարը շարունակվելու է։

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ Կիրանցի բնակիչները կառավարությունում են։ Նրա խոսքով՝ կիրանցեցիները փորձում են հասկանալ, թե այսպես կոչված սահմանազատումն ու սահմանագծումն ինչ է իրենից ներկայացնում։ Եվ նրանք եկել են կառավարություն հանդիպման։

«Ես շփվելով կիրանցեցիների հետ՝ կարող եմ ասել, որ իրենք ակնկալիք չունեն, իրենք պահանջ ունեն։ Իրենք ունեն ամուր պահանջ, ասում են՝ մենք կողմ ենք սահմանազատմանն ու սահմանագծմանը, բայց եթե դա լինի իրոք սահմանազատում ու սահմանագծում եւ ոչ թե միակողմանի զիջում։ Պահանջը շատ հստակ ներկայացնում են, հիշում են եւ հիշեցնում են կառավարությանը, թե որտեղով է անցել սահմանը։ Եվ այսօր տարօրինակ փորձ է կատարվում, ինչ-որ անհեթեթ պահանջներ ու սահմանագիծ է առաջ բերվում, որի մասին իրենք չեն էլ ուզում խոսել ու մտածել, որ կարող է սահմանն այդ կողմով անցնել»,- ասաց Գեղամ Նազարյանը։

Պատգամավորն ասաց, որ թեպետ իշխանությունները հղում են անում Ալմա-Աթայի հռչակագրով նախատեսված սահմաններին, բայց նույնիսկ այդ սահմանին չի համապատասխանում այն, ինչ այսօր ուզում են Կիրանցի մոտակայքում անել։ Կիրանցեցիներն էլ պահանջում են ողջախոհություն։ «Մարդիկ հարյուրավոր տարիներ այդտեղ ապրել են, ադրբեջանցիների մտքով նույնիսկ 1918-20 թվականներին չի անցել, որ այդ տարածքն իրենց է պատկանում, սովետական տարիներին իրենցը չի եղել, եւ այսօր պարզվել է, որ ինչ-որ մի տարածք կա, որը պետք է հայտնվի  Ադրբեջանում։ Գյուղացիներն էլ այնքան վճռական են, որ կհասնեն իրենց նպատակին։ Այսինքն՝ մարդկանց պահանջն այն է, որ կամայական սահմանագծում չլինի»,- հավելեց Նազարյանը։ Նա նշեց, որ գյուղացիները երկու տարբերակ են առաջարկում, երկուսն էլ խելամիտ առաջարկ են, մնում է, որ տեղ հասնի այդ պահանջը։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930