«Մենք այսօր գտնվում ենք բոլորովին այլ իրավիճակում, երբ ներսից ունենք ոչ կառուցողական և Արցախի համար բացասական ազդակներ, որը ավելի շատ գալիս է այսօրվա ՀՀ իշխանություններից»,-հարցին՝ արդյոք հայկական Արցախի էջը վերաբացելու հնարավորություն կլինի՞, եթե ՀՀ-ում այլ իշխանություններ լինեն, «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ լրագրողների հետ զրույցում պատասխանեց ԱՀ ԱԺ նախկին նախագահ, Արցախի Ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը:
Ըստ նրա՝ ՀՀ այս իշխանությունների մտածողությունն ու աշխարհայացքն է ցույց տալիս, որ ամեն ինչ պարփակված է ՀՀ-ում․ «Պատահական չէ, որ այդ թվերը (ՀՀ տարածքը նկատի ունի,-հեղ․) տասը-տասը, քսան-քսան արդեն կամաց-կամաց պակասում են։ Երբեք սա ՀՀ-ին վայել քաղաքական, պետական գործիչների տեսակետ չի կարելի համարել։ Միայն երևի ՀՀ-ում է, որ շատ հեշտ ձևով ամեն ինչ փորձում ենք զիջել»։
Աշոտ Ղուլյանը վստահեցրեց՝ Արցախը պաշտպանելով, Արցախի թեման պահելով՝ մենք խոսում և գործում ենք ընդհանուր ՀՀ-ի պետականության պաշտպանության համար։
Հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՌԴ խաղաղապահ զորախմբի դուրս գալը, Աշոտ Ղուլյանը պատասխանեց․ «Այնպես չէ, որ Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի ամբողջ կազմի կամ կիսատ մնալը մեզ ինչ-որ շատ կարևոր բան էր հաղորդում։ Գիտենք՝ 2023-ի սեպտեմբերի 19-20-ի իրադարձությունների ժամանակ այնպես չէ, որ միայն դրական դերակատարություն են ունեցել։ Բայց խաղաղապահ զորախմբի՝ Արցախում ներկա լինելը չի ծառայել այն նպատակներին ինչ ի սկզբանե պիտի լիներ։
Կարդացեք նաև
Նրանց հեռանալով հոգեբանորեն էլ, մեր մտքում էլ, գուցե ֆիզիկապես էլ տեսնում ենք, որ այն ծրագրերը, որ ունենք Արցախի ժողովրդի վերադարձի հետ կապված, մի քիչ էլ ավելի հետ պիտի տանք, որովհետև տեսնում ենք, որ Ադրբեջանը միահեծան իրեն ոչ միայն հռչակել է, այլև Արցախի տերն է համարում։
Եթե մենք միայն այսպիսի ազդակներով առաջնորդվենք, Արցախի հարցին ընդհանրապես պիտի չմոտենանք։ Գործ ունենք նորից ՀՀ-ի արտաքին քաղաքականության սխալ հաշվարկների հետ, որը իրեն միակողմանի դուրս է դրել 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից։ Այդ պատճառով որևէ ազդեցություն չի ունեցել ռուսական զորախմբի մնալու-դուրս գալու հետ կապված հարցերի քննարկումը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ