Այսօր, ինչպես հայտնի է, Կիրանց էին գնացել Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը եւ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը:
Aravot.am-ը Գեւորգ սրբազանին խնդրեց պարզաբանել, թե ո՞րն էր իր այցի հիմնական ուղերձը եւ ի՞նչ դիրքորոշում ունի տեղի ունեցող գործընթացների մասին.
-Սրբազան Հայր, վերջին շրջանում Հայաստանում, մասնավորապես Տավուշում տեղի ունեցող զարգացումները անհանգստության առիթ են բոլորիս համար։ Այս իրադարձության կիզակետում է նաև Հայ Եկեղեցին։ Ի՞նչ ակնկալիք կամ սպասում ունի Հայ Եկեղեցին ՀՀ իշխանությունների կողմից իրականացվող գործընթացներից։
Կարդացեք նաև
-Մեր ժողովրդի կյանքում կենսական նշանակություն ունեցող որևէ իրադարձության վերաբերյալ Եկեղեցին, դարերի իր փորձառությամբ, հայտնել է իր դիրքորոշումը։ Տավուշից սկսված այս գործընթացները ևս խիստ կարևոր նշանակություն ունեն մեր երկրի համար, և դեպքերի արագ զարգացումը և միակողմանի զիջումները տարակույս և անհանգստություն են առաջացնում շատերիս մոտ։ Հետևաբար բնական և օրինաչափ եմ համարում Հայ Եկեղեցու արձագանքը և պահանջը, որը ձևակերպվել է Հայաստանի Եպիսկոպոսների և Թեմակալ Առաջնորդների ապրիլի 9-ի հայտարարության մեջ։
-Շրջանառվող հիմնական հիմնավորումն այն է, որ այս ճանապարհով նվազեցվում է պատերազմի ռիսկը կամ դրանով Հայաստանը կարող է հասնել խաղաղության։ Արդյոք Հայ եկեղեցին չպե՞տք է սատարի խաղաղության հաստատման գործընթացներին։
-Ամեն ողջամիտ քայլ, որ կարող է մեզ մոտեցնել խաղաղության և ստեղծել անվտանգ միջավայր մեր ժողովրդի համար, բնականաբար, ողջունելի է Եկեղեցու կողմից։ Սակայն, սահմանազատումն ու սահմանագծումը չի կարող լինել միակողմանի, դա ենթադրում է երկկողմանի զիջումներ: Միակողմանի զիջումները կարող են դուռ բացել նոր զիջումների՝ բերելով աղետալի հետևանքներ, և երբեք էլ չապահովել խաղաղություն և անվտանգություն մեր ժողովրդի համար։ Մյուս կողմից կարևոր ենք համարում նաև, որպեսզի բոլոր գործընթացները բխեն ազգային շահերից և չխաթարեն երկրի անվտանգությունը։
– Ո՞րն է Ձեր ուղերձը Կիրանցում:
-Իմ ուղերձն է՝ վերընթերցեք Մայր աթոռի դիրքորոշումը, որը ձևակերպվել է Հայաստանի Եպիսկոպոսների և Թեմակալ Առաջնորդների ապրիլի 9-ի հայտարարության մեջ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ