ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խնդրահարույց է գնահատում հանրային քննարկման դրված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) այն դրույթի ընդունումը, որը վերաբերում է Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասում առաջարկվող պարտադիր զինվորական ծառայության զորակոչվող եղբայրների կամ ծառայության մեջ եղբոր գտնվելու պարագայում մյուս եղբոր զորակոչի դեպքում նույն զորամասում ծառայելու պայմանների փոփոխություններին։
Նախագծում որպես իրավական ակտի ընդունման հիմնավորում ներկայացվում է զորակոչվող եղբորը զինվորական ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս ուղարկելու անհնարինությունն այն պարագայում, երբ զորակոչվող եղբայրը չունի համապատասխան մասնագիտացում (վարորդական իրավունք)։ Ըստ այդմ առաջարկվում է եղբոր ծառայության վայր ուղարկելու վերաբերյալ զորակոչվողի դիմումը մերժել այն դեպքերում, երբ տվյալ զորամասում համալրում նախատեսված է միայն մասնագիտական պաշտոններում նշանակելու համար և զորակոչվող եղբայրը չունի համապատասխան մասնագիտացում։
Նախագծի հեղինակ ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես «համապատասխան մասնագիտացում» մատնանշել է «վարորդական իրավունքի» առկայությունը, ինչը նշանակում է, որ առաջարկվող փոփոխությամբ սույն դրույթը պարտավորեցնում է զինապարտ եղբայրներին ունենալ վարորդի մասնագիտացում Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված իրենց իրավունքից օգտվելու համար։ Մինչդեռ, գործնականում զինապարտ եղբայրները կարող են վարորդի մասնագիտացում չունենալ տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով։
Գտնում ենք, որ նման կարգավորումը խտրական է այն զորակոչիկների նկատմամբ, ովքեր չունեն նույն մասնագիտացումը, ինչ զինվորական ծառայության մեջ գտնվող իրենց եղբայրները։
Կարդացեք նաև
Բացի այդ, հայտարարված զորակոչի շրջանակներում ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չլինելու հանգամանքը ևս խոչընդոտում է եղբայրների նույն զորամասում ծառայության անցնելուն։
Հիմք ընդունելով այն հանգամանքը որ միաժամանակ զորակոչվող եղբայրների կամ ծառայության մեջ եղբոր գտնվելու պարագայում մյուս եղբոր զորակոչի դեպքերը օբյեկտիվորեն չեն կարող զգալի լինել, և չեն կարող բացասաբար ազդել բանակի մարտունակության վրա, ինչպես նաև եղբայրների միասին ծառայությունը բխում է զինծառայողների լավագույն շահերից այն իմաստով, որ զորակոչվող եղբայրը կկարողանա ավելի հրեշությամբ ինտեգրվել զինվորական ծառայության մեջ զինծառայող եղբոր աջակցության շնորհիվ, որն իր հերթին կնպաստի վերջինիս ծառայողական պարտականությունների պատշաճ կատարմանը, առաջարկում ենք․
Օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված եղբայրների նույն զորամասում ծառայության անցնելու մասին դրույթի կիրառման հիմքում չդնել ծառայության մեջ գտնվող եղբոր ծառայության վայրի զորամասի համալրում նախատեսված չլինելու հանգամանքը և զորակոչվող եղբոր մասնագիտացումը, հնարավորություն ընձեռելով եղբայրներին ծառայելու նույն զորամասում։