«Ի հեճուկս Ադրբեջանի ու ՀՀ իշխանությունների՝ Արցախի հարցը լուծված չէ, փակված չէ, մոռացված չէ»,- «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի կողմից կազմակերպված «Հայաստանի արդի մարտահրավերները և դրանց հաղթահարման այլընտրանքային ուղիները» կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը։
Նա վստահեցրեց՝ ՀՀ տարածքային ամբողջականությունը խոցելի է դարձել հիմնականում այն պատճառով, որ մենք կորցրել ենք Արցախը․ «3 տասնամյակ հանգիստ էինք, որ Արցախը իր հարակից տարածքներով այն անառիկ դարպասն էր, որ մենք հանգիստ պահում էինք մեր հայրենիքը։ Սխալ քաղաքականության արդյունքում կորցրինք մեր ստրատեգիական խորքը, և ՀՀ-ն իր սահմաններով դարձավ խոցելի։ Եվ դրա վառ ապացույցն այն է, որ Ադրբեջանի ուժերը մխրճվել են ՀՀ տարածք․ Տավուշի չորս գյուղեր վտանգի տակ են»։
Ըստ Վարդան Օսկանյանի՝ բանակցություններում Արցախի հարցի գոյությունը կարող է ապահովել բանակցային խորք․ «Երբ ՀՀ իշխանություններն արհամարհում են Արցախի հարցը, համարում փակված, իրենց թվում է, թե դա ՀՀ անվտանգությունն է ապահովելու։ Տեսնում ենք՝ այդպես չէ։ Իշխանություններն այս մի հանգամանքը չեն հասկացել՝ 2018 թվականից մինչև այսօր։ Այդ ժամանակվանից ի վեր չեմ հիշում մի ժամանակ, որ հայկական կողմը օրակարգ ներմուծի հայկական շահերից բխող հարց․ միշտ Ադրբեջանի թելադրած օրակարգն են առաջ տարել»։
Ըստ Վարդան Օսկանյանի՝ Նիկոլ Փաշինյանի սխալներից էր մադրիդյան փաստաթղթից հրաժարվելը․ «Եթե երկու տասնամյակ ՀՀ-ն ու Ադրբեջանը բանակցել են մի փաստաթղթի շուրջ, որը եղել է աշխարհի երեք հզոր պետությունների հովանավորությամբ և նրանց միջնորդությամբ, և ինչ-որ պահի հրաժարվում ես փաստաթղթից, կորցնում ես ոչ միայն այդ բովանդակությունը, որը տարիների բանակցությունների արդյունք է, որը երկու կողմերը՝ որպես բանակցային հենք էին ընդունել, որի տրամաբանական շարունակությունը կարող էր բերել հարցի խաղաղ կարգավորման, դու կորցնում ես նաև այդ միջնորդներին։ Եթե մադրիդյան փաստաթղթի գլխավերևում գրված էր, որ այս բանակցությունները վարվում են երեք հիմնական սկզբունքների վրա, և այդ երեք միջնորդները դրա երաշխավորներն են, երբ հրաժարվում ես այդ փաստաթղթից, կորցնում ես նաև այդ երեք գերտերությունների հովանավորությունը։ Նիկոլ Փաշինյանի առաջին սխալն այն էր, որ հրաժարվեց մադրիդյան սկզբունքներից և ասաց, որ սկսում է զրոյական կետից։ Պատերազմի ժամանակ մենք տեսանք մեր սխալների արդյունքները, քանի որ Փաշինյանը որոշել էր իր զրոյական կետից սկսել։ Երբ Պրահայում Փաշինյանը ճանաչեց Արցախը Ադրբեջանի մաս, ընդհանրապես բոլոր մեր հնարավորությունները փակվեցին՝ բոլոր հին ու նոր միջնորդների հնարավորությունները սպառվեցին որևէ բան անելու այդ հարցում»։
Կարդացեք նաև
Ըստ Վարդան Օսկանյանի՝ արցախահայերի վերադարձի իրավունքն ապահովելու հարցում այսօր խոչընդոտում են ՀՀ իշխանությունները, մինչդեռ միջազգային դատարանների որոշմամբ ամրագրված է այդ իրավունքը։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ