Լրահոս
Օրվա լրահոսը

«Խնդիր դրված չէ ինչ-որ մարդու վարչապետ դարձնել, մեր ներսում նման քննարկում չի եղել»․ Սուրեն Պետրոսյան

Ապրիլ 29,2024 18:20

«Ամբողջ Հայաստանում, այդ թվում՝ Սփյուռքում դժգոհության հսկայական ալիք է բարձրացրել։ Տավուշյան գործընթացից բոլորն ունեն հստակ ակնկալիք»,- Տավուշի մարզում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

Տավուշում տարածքների հանձնման դեմ պայքարը շարունակվում է։ Այս օրերին բողոքի ցույցեր են անցկացվում հանրապետության տարբեր մարզերում եւ Երեւանում։ Հիշեցնենք, որ մարդիկ բողոքում են Հայաստանի եւ Ադրբեջանի պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ որոշման դեմ։  Չորս հատվածում արդեն նախնական սահմանազատում է իրականացվել։

Հարցին, թե հնարավո՞ր է գործընթացները տեղափոխվեն Երեւան, Սուրեն Պետրոսյանը պատասխանեց․ «Բազմիցս ասել եմ՝ միեւնույն է, կնիքը, բոլոր խնդիրները լուծվելու են Երեւանում։ Բայց այստեղ պայքարը, իմ խորին համոզմամբ, որպես հենակետ, այս ամենի օջախ, անպայման մնալու է»։

Նա նշեց, որ խնդիր դրված չէ ինչ-որ մարդու վարչապետ դարձնել, հայտնի է, թե այս պայքարն ինչի մասին է։ Իսկ առաջնորդներ պետք է ընտրի ժողովուրդը։ «Չի կարելի հասարակությանը պարտադրել մարդկանց։ Այս գործընթացի մեջ բնականոն կերպով եւ ավելի ընդգծված լիդերություն է առաջանալու, բայց այստեղ դրված չէ լիդերության խնդիր։ Իսկ ինչ վերաբերում է մեր ներսում քննարկումներին, անգամ 0,1 տոկոս նման քննարկում չի եղել, հակասություններ չեն եղել, որովհետեւ բոլորի գերխնդիրն այս գործընթացը հաջողելն է եւ ոչ թե ով կլինի ինչ պաշտոնի։ Դրա համար պետք է միանգամից վիժեցնենք այդ խոսակցությունները։ Մենք բազմիցս ասել ենք, այո, այդ պատասխանատվությունը ստանձնում ենք, բայց գործընթացը լեգիտիմացնում է ժողովուրդը, միակ հենարանը ժողովուրդն է եւ ոչ թե ինչ-որ ուժեր, խմբային շահ՝ արտաքին, ներքին»,- ասաց նա։

Սուրեն Պետրոսյանը հավելեց․ «Սկսած Ոսկեպարից վերջացրած Կիրանցով, այս մարդիկ արժանապատվության, պատվի, կամքի, հայրենիքի զգացողության խտացված կերպարներ են։ Ես չեմ տեսել գեթ մեկ մարդու, որն անտարբեր կլինի հողի նկատմամբ։ Այդ միֆերը պետք է ցրել։ Եվ երբ ինչ-որ մեկը կփորձի դա կասկածի տակ դնել, եկեք ինձ հետ միասին պտտվենք բակ առ բակ, համայնք առ համայնք»։

Կա տեղեկություն, որ կառավարությունում Նիկոլ Փաշինյանը հանդիպում է կիրանցիների հետ։ Սուրեն Պետրոսյանն ասաց, որ բացարձակ տեղյակ չէ, թե ովքեր են գնացել Փաշինյանի հետ հանդիպման։ «Բայց որ այս գործընթացի վրա դա ազդեցություն ունենալ չի կարող, դա հաստատ է»,- ընդգծեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930