Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Զանգերը ղողանջում են արդեն երկար ժամանակ»

Ապրիլ 29,2024 16:58

ՀՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարար, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբում մեկնաբանեց, թե ինչ է նշանակում երկրի համար այս ծանր պահին եկեղեցու զանգեր ղողանջելը:

«Շատ մարդիկ են ասել, թող եկեղեցին զանգերը ղողանջի՝ ժողովուրդը դուրս գա փողոց:

Ես անձամբ չեմ պատկերացրել, որ պղնձե զանգերը պետք է ձայն հանեն: Զանգերի ղողանջ ես հասկացել եմ հոգեւոր դասի մեր առաջնորդների բարձրաձայնումը, նրանց աղաղակը, նրանց աղմուկը, որ իրենց հավատավոր ժողովրդին ոտքի հանեն:

Հիմա մեր եկեղեցու զանգերը ղողանջում են:

Մենք ուրիշ կերպ չէինք պատկերացնում, քան այն, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Արշակ սրբազանը Ծիծեռնակաբերդի բարձունքում նզովք է հնչեցնում: Դա զանգերի ղողանջն է: Զանգերի ղողանջը Բագրատ սրբազանի՝ Տավուշում չդադարող 24-ժամյա առաջնորդությունն է ոչ միայն հոգեւոր, այլ նաեւ ազատագրական պայքարի ոգով:

Զանգերի ղողանջը Միքայել սրբազանի գործողություններն են, նրա ազնիվ կեցվածքն է:

Զանգերի ղողանջը մյուս թեմերի առաջնորդների զորակցությունն է Բագրատ սրբազանին եւ իրենց այցելությունն է Տավուշ:

Այս ամենը զանգերի ղողանջն է:

Մենք հիմա պետք է ազգովի վեր կանգնենք, որպեսզի այս դավաճանախմբի ճիրաններից ամենալուսավորը՝ աստվածային Հայաստանի Հանրապետությունը:

Եկեղեցին ինչի՞ է հիմա ոտքի ելել: Որովհետեւ եկեղեցականները գիտեն՝ Աստվածային ամենամեծ արարչագործությունը Հայաստանի Հանրապետությունն է: Վազգեն Առաջինի պատգամն է, որ Հայաստանի Հանրապետությունը, Անկախ Հայաստանը Աստծո ստեղծած ամենամեծ նվիրական բարիքն է: Եվ հիմա եթե վտանգված է Հայաստանի Հանրապետությունը, այլեւս չի կարող լինել հայ ժողովուրդ, եթե չկա հայ ժողովուրդ, չի կարող լինել հայ եկեղեցի:

Սա բոլորիս՝ մեր պետության, մեր ազգի, մեր ժողովրդի, մեր պետականության, մեր եկեղեցու փրկության պայքարն է, որ մի թրքասեր օր-օրի հանձնում է թշնամուն, կատարում է նրա պահանջները, կործանում այն ամենը, ինչը մեզ համար ազգային է. թանկ է, նվիրական է:

Հիմա շատ կարեւոր է, որ ամբողջ ժողովուրդը ոտքի կանգնի եւ սրանց դուրս շպրտի հանրային կյանքից: Եվ դա հնարավոր է: Եթե դա շուտ անեինք, կփրկեինք Արցախը: Իսկ եթե մենք դա չանենք, կորցնելու ենք ամեն ինչ:

Զանգերը ղողանջում են: Զանգերը ղողանջում են արդեն երկար ժամանակ»,-ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930