«Մայր Հայաստան» խմբակցության անդամներն այս պահին Երեւանի բուհերում ցույց են անում՝ ի աջակցություն Տավուշի եւ Հայաստանի:
Անդրանիկ Թեւանյանը հորդորեց ուսանողներին ու դասախոսներին իրենց ֆեյսբուքյան, սոցցանցային էջերում գրառում անել՝ «դեմ եմ միակողմանի զիջումներին». «Կոչ ենք անում ձեզ ձեր տեսակետը հստակ ներկայացնել տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ ու ակտիվ լինել ձեր քաղաքացիական դիրքորոշման մեջ: Միացիր, որ փոխենք»:
Մանուկ Սուքիասյանը հայտարարեց, որ ԵՊՀ-ն անկախ խորհրդային ժամանակներում եղել է ազգապահպանության գլխավոր օրրաններից մեկը: Նա հորդորեց անտարբեր չմնալ, լինել հայրենասեր ու հայրենատեր. «Դուք եք ապագա գիտնականները, ապագա ղեկավարները: Պատասխանատվության գործոնը պետք է ստիպի սեփական տեսակետ արտահայտել, ակտիվ եղեք սոցցանցերում, լսարաններում, անտարբերությունը ամենավատ արարքն է»:
Տնտեսագիտական համալսարանի մոտ Անդրանիկ Թեւանյանն ասաց, որ զիջումները բերելու են նոր զիջումների, Հայաստանն ընկնելու է Արցախի օրը, մեզ շրջափակելու են ու ստիպեն հեռանալ. «Ձեր կուրսում, ֆակուլտետում հասեք նրան, որ դեմ արտահայտվեն Հայաստանում միակողմանի զիջումներին: Նիկոլի վարած քաղաքականությունը նոր պատերազմ ու նոր կորուստներ է բերելու: Շատ կարեւոր է, որ դուք ձեր դասախոսներից պահանջեք, որ հստակ դիրքորոշում արտահայտեն տեղի ունեցող զիջումների կապակցությամբ: Չպետք է չեզոք մարդ մնա: Սա ընդդիմություն-իշխանություն պայքար չէ, հանուն հայրենիքի մղվող պայքար է: Հիշեք, որ Նիկոլ Փաշինյանը բերեց հազարավոր զոհեր, զոհերի մեծամասնությունը երիտասարդներ էին»:
Կարդացեք նաև
ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի շենքի մոտ Անդրանիկ Թեւանյանն ասաց. «ՀՀ իշխանություն կոչվածը խաբում է, թե իբր բերում է խաղաղություն եւ անվտանգություն, դեմագոգիա է անում, թե իբր ոչ թե 4 գյուղ ենք զիջում, այլ 4 գյուղ ենք ստանում, որովհետեւ թշնամուց ստացել են թղթի կտոր, որ չեն հարձակվելու: Նույնը խաբում էին Արցախի հետ կապված, ասում էին՝ գնանք զիջումների եւ կստանանք խաղաղության դարաշրջան: Ասում էին՝ եթե նշաձող իջեցնենք, Արցախը կլինի խաղաղ ու անվտանգ: Հիմա նույնը ասում են Տավուշի հետ կապված: Արցախը մոռացել են: Ասում են՝ Տավուշում գնանք զիջումների, Կիրանցի դպրոցականներին թողենք թուրքից 100 մետր հեռու, որ ստանանք խաղաղություն: Խաբում են, որովհետեւ թուրքը չի թաքցնում, որ դրանից հետո ուզելու է Տիգրանաշենը, նոր զիջումներ են լինելու Գեղարքունիքում, Վայոց ձորում, Երեւանում: Ուսանողությունից պահանջվում է չլռել: Տեսակետ չհայտնողը հանցակից ու մեղսակից է դառնում: Երիտասարդությանն են սրանք պառկեցնում հողի տակ: Ձեզանից պահանջում ենք հստակ դիրքորոշում արտահայտել: Գոնե ձեր ընկերների շրջանում գրեք, որ դեմ եք Տավուշում զիջումներին: Այնտեղ կա դպրոց, 100 մետր այն կողմ կանգնելու է ադրբեջանական զորքը, դուք ձեր երեխաներին կուղարկեի՞ք այդ դպրոցում սովորելու:
Երեխեք ջան, մենք էլ ենք ուսանող եղել, դասախոս եղել: Ինքնակազմակերպվեք: Հասեք այն բանին, որ ամբիոնի, ֆակուլտետի, ամբողջ բուհի անունից հայտարարություն տարածվի, որ դեմ եք: Նիկոլ Փաշինյանը սպասարկում է Թուրքիայի եւ Ադրբեջանի օրակարգը, նա դա անում է իր անձնական շահերով: Ինքը գիտի, եթե Հայաստանը մնաց, անպայման իշխանափոխություն է լինելու: Հենց իշխանափոխություն եղավ, ինքը անպայման դատվելու է, ընկնելու է Սահակաշվիլու օրը: Մենք առաջարկում ենք հումանիտար միջանցք տրամադրել ու հնարավորություն տալ, որ ՔՊ-ն լքի Հայաստանի իշխանական համակարգը: Դրանով համ իրենք կփրկվեն, համ փրկվելու շանս կստանա Հայաստանը»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ