Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհիվ այդ կրթյալ հասարակության՝ կարողացել ենք դիմագրավել այն բոլոր փորձություններին, որոնք մեզ բաժին են հասել մեր պատմական ժամանակաշրջանում. Հայր Ասողիկ

Ապրիլ 29,2024 16:00

Վեհափառ հայրապետ Գարեգին Բ-ի օրհնությամբ, երբ դեռ 2006 թվականին հիմնադրվեց Մայր Աթոռի հրատարակչական բաժինը, Մայր Աթոռի տպարանում կյանքն աշխուժացավ. ամեն տարի այստեղ լույս է տեսնում մի քանի տասնյակ անուն գիրք՝ օտար լեզուներից եւ գրաբարից թարգմանություններ, եկեղեցագիտական, հայագիտական, մեկնողական գրականություն, ինչպես նաեւ աստվածաբանական, բարոյագիտական, ուսուցողական գրքույկներ, աղոթագրքեր: Նախքան հրատարակվող գրքերը կհամալրեն ընթերցողների գրադարանը, դրանք անցնում են շատ կարեւոր փուլերով:

Տեր Արարատ քահանա Պողոսյան

«Երբ հիմնադրվեց հրատարակչական բաժինը, անմիջապես հրատարակչական բաժնին կից ստեղծվեց հրատարակչական խորհուրդը, որը գրքերի հրատարակման երաշխավորող միակ մարմինն է. գրքի որակի, այժմեականության եւ մասնագիտական երաշխավորությունը տրվում է այս խորհրդի կողմից»,- Aravot.am-ին ասաց հրատարակչական բաժնի տնօրեն Տեր Արարատ քահանա Պողոսյանը:

Հրատարակչական բաժինը հիմնադրման տարիներից իր համար նախանշեց մի կարեւոր ուղղություն՝ Աստվածաշնչի մեկնությունների միջնադարյան բնագրերի հրատարակությունը:

Տեր Արարատը համոզված է՝ եթե Մայր Աթոռը բնագրերի հրատարակությունը չնախաձեռներ, դժվար թե այլ նախաձեռնողներ լինեին. «Այս մեկնությունների բնագրերի հրատարակության մատենաշարի ներքո լույս են տեսել տասնյակից ավելի մեկնություններ, որոնք վերաբերում են Սուրբ Գրքին, այս մատենաշարի մեջ ներառված հեղինակները հիմնականում հայ հեղինակներ են, որոնք ողջ միջնադարի ընթացքում ստեղծել են Սուրբ Գրքի վերաբերյալ տարբեր մեկնություններ, դրանք միջնադարում ու մեր օրերում եղել են շատ հայտնի, սակայն առ այդ պահը՝ մինչ հրապարակումը հասանելի չեն եղել լայն հանրությանը»:

Տեր Արարատը կարեւորեց նաեւ 2010 թ Հայաստանի Աստվածաշնչային ընկերության հետ համատեղ Մարկոսի Ավետարանի հունարեն և գրաբար բնագրերի արդի հայերենով զուգադիր հրատարակությունը, 2012-ին հրատարակված Մայր Մաշտոցը, որը կազմվել է 10-րդ և 11-րդ դարերի երկու հնագույն ձեռագրերի համադրմամբ։ 2019-ին Հայկական ճաշոցի ինքնատիպ մի խմբագրության լավագույն օրինակի ՝ Հեթում Բ արքայի պատվերով 1286-ին գրված ճաշոցի հրապարակումը, 2020-ին հրատարակված Կանոնագիրք Հայոցը՝ գրաբար և ֆրանսերեն զուգադիր թարգմանությամբ։ 2021-ին Պողոս առաքյալի թղթերի քննական բնագիրը՝ կազմված 74 ամբողջական ձեռագրերի և գրեթե նույնքան պատառիկների, ինչպես նաև բոլոր այն միջնադարյան մատենագրական բնագրերի հրատարակությունների հետ համեմատությամբ, որոնցում առկա է սուրբգրային մեջբերում։

Ասողիկ աբեղա Կարապետյան

Հրատարակչական խորհրդի անդամ հայր Ասողիկ աբեղա Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում նկատեց, որ մեր օրերում չափազանց կարեւոր է հոգեւոր, կրթական, դաստիարակչական, քարոզչական բնույթի ստեղծագործությունները, որոնք մարդկանց պետք է օգնեն ճանաչել ճշմարտությունը, հոգեւոր կյանքը, ստանալ անհրաժեշտ հոգեւոր գիտելիքներ, որոնցով կկարողանան կազմակերպել իրենց անհատական կյանքն ու դրա հիման վրա նաեւ հասարակական կյանքը. «Եկեղեցու հովանու ներքո ներդաշնակորեն զարգացել է գիտությունը, արվեստը, մշակույթը, եւ մենք միշտ ունեցել ենք կրթյալ հասարակություն ու շնորհիվ այդ կրթյալ հասարակության՝ կարողացել ենք դիմագրավել այն բոլոր փորձություններին, որոնք մեզ բաժին են հասել մեր պատմական ժամանակաշրջանում»:

Կարեն Մաթեւոսյան

Հրատարակչական խորհրդի անդամ, հայագետ Կարեն Մաթեւոսյանն էլ նկատեց, որ Մայր Աթոռը հայագիտական հրատարակությունների առումով ՀՀ հնագույն կենտրոններից մեկն է եղել ու կա, Մայր Աթոռի կողմից տարիներ շարունակ հրատարակվել են հայոց պատմությանը եկեղեցու պատմությանը նվիրված ուսումնասիրություններ, բնագրեր:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930