Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարտի 1»-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու. Աննա Վարդապետյան

Ապրիլ 29,2024 14:50

«Վճռաբեկ դատարանը գլխավոր դատախազի բողոքի հիման վրա դիմել է Սահմանադրական դատարան։ Վճռաբեկ դատարանին խնդրել ենք քննարկել, թե արդյոք վարույթ իրականացնող մարմնին դատավարական հնարավորություն կտրվի որակումը փոխելու։ Նախկին որակումը, որը Սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական, մեզ թույլ չի տալիս, որպեսզի մենք այլ հոդվածով արարքը վերաորակենք։ Այն անձանց մասով, ովքեր մինչդատական վարույթում են, իհարկե, վերաորակումը տեղի է ունեցել, բայց դատական քննության փուլում այդ գործիքակազմը չկա։ Գիտեք, որ գլխավոր դատախազի դիմումը Սահմանադրական դատարանը քննության չի առել՝ ասելով, որ դու սուբյեկտ չես և չես կարող բողոքարկել։ Հիմա սպասում ենք, թե Սահմանադրական դատարանն ի՞նչ դիրքորոշում կհայտնի Վճռաբեկ դատարանի դիմումի հիման վրա, որպեսզի հասկանանք, թե կարո՞ղ ենք արդյոք երեք նախկին պաշտոնատար անձի հետ կապված արարքը վերաորակել՝ սահմանադրական կարգի հետ կապված հանցագործությունը բերենք պաշտոնեական հանցագործությունների տիրույթ»,- այսօր ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ պատասխանելով «Մարտի 1»-ի գործին վերաբերող հարցին։

Նա տեղեկացրեց, որ շուրջ 30 գործով կայացրած մեղադրական ակտերը բեկանվել են, որոնք վերաբերում են մարտի 1-ի իրադարձություններին մասնակցած անձանց նկատմամբ հարուցված քրեական հետապնդումներին, կայացվել են արդարացման դատական ակտեր և մեկ մասնակի արդարացում՝ մեկ անձի վերաբերյալ։ 30 գործերից 16-ով բողոքը ներկայացվել է գլխավոր դատախազության կողմից:

Վարույթից անջատվել և 2023 թվականի օգոստոսի 12-ին մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել քննչական խմբի քննիչի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ քննված վարույթը. «Այս պահին գործը գտնվում է դատարանում, այն քննության փուլում է։ Այն ուղարկվել է դատարան, որովհետև անձը չի համաձայնել ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցմանը»:

Նա մտավախություն հայտնեց, որ «Մարտի 1»-ի գործով վաղեմության ժամկետի խնդիր է առաջանալու. «Այստեղ տարբերությունն արդարացնող և ոչ արդարացնող հիմքով հետապնդման դադարեցումն է։ Կտանք պատշաճ իրավական գնահատական և, ինչո՞ւ չէ, նաև փոխհատուցման հետ կապված հարցեր կարող ենք քննարկել, որովհետև ոչ արդարացնող հիմքով վարույթի դադարեցման դեպքում հետևանքն առաջացրած անձի նկատմամբ որոշակի այլ ընթացակարգերով հայցային պահանջներ կարող են ներկայացվել, այսինքն՝ սա իրավական առումով որոշակի հնարավորություններ տուժողներին տալիս է»:

Նա պատասխանեց նաեւ «Հոկտեմբերի 27-ի» վերաբացված գործի մասին հարցին՝ ասելով ընդամենը, որ գործը նախաքննության փուլում է, նախաքննական մարմին է փոխվել։

Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2023 թվականի հաղորդումը:

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930