«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն այսօր էլ Կիրանցում էր: Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ լուրջ մտահոգություններ կան. «Ադրբեջանի սահմանապահ զորքերը նույն իրենց բանակն է՝ համազգեստը փոխած: Ամբողջ իրենց զինտեխնիկան նույնն է, նույն բանակն է: Իսկ մեզ ասում են, որ ընդամենը մեկ ավտոմատով զինված հայ սահմանապահը պիտի կանգնի: Ամեն վայրկյան Ադրբեջանը կարող է ասի՝ ես ինչ-որ գործողություն եմ անում, անունը դնի հակաահաբեկչական գործողություն ու սահմանապահին չեզոքացնելը վայրկյանների հարց է լինելու»:
Նա ասաց, որ Բաղանիսում ազատամարտիկների ցուցակն են հրապարակել ու վաղը Կիրանցինն է լինելու, հետո Ոսկեպարինը, Հայաստանինը, ցուցակներով հերթով ուզելու է մեր այն հերոսների անունները, որոնք նախկինում Արցախ են ազատագրել, հող ու ջրին տեր են կանգնել. «Խելագարվել կարելի է: Ես երեկ ակցիա էի իրականացնում Դիլիջանում, ոսկեպարցիները զանգեցին, ասացին՝ ադրբեջանցիներն արդեն եկել են, հասել են եկեղեցու մոտ: Ես գնացի Ոսկեպար: Սա մի հատ մղձավանջ է»:
Նա դիմեց ժողովրդին՝ ասելով, որ պետք է համախմբվել ու հեռացնել այս իշխանությանը. «Այս թուրքի ծառաներին, այս թուրքի ստրուկներին հեռացնենք, հետո ընտրություն կլինի, ով ում ուզում է, թող ընտրի: Եթե Հայաստանը չլինի, մեր ազգը դառնալու է գնչուների նման թափառական ազգ մի խումբ խեղկատակների պատճառով: Անգամ ադրբեջանցիները ցույցեր են անում, Փաշինյան են գովում, ասում են՝ Նիկոլ, ինչ լավ տղա ես, մեր հերոսն ես դու: Բա ամոթ չի՞, արա: Ձեր երկրի ղեկավար կոչեցյալը, այս խունտայի պարագլուխը ադրբեջանցիների համար հերոս է, նրանք ցույց են իրականացնում՝ ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի: Ես ապշած եմ, շոկի մեջ եմ ուղղակի: Այսօր էլ Բերքաբերի հատվածում ոստիկանական զորքեր են կուտակել: Ինչ գործողություն են անում, ինչ են անում՝ որեւիցե մեկին հայտնի չի: Ժողովրդի մեջքի հետեւից խայտառակ գործընթաց է գնում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Լուսանկարը՝ Գառնիկ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից