Լրահոս
Օրվա լրահոսը

Պետության քաղաքականության առանցքում շարունակում են լինել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, ծառայությունների լավարկմանն ուղղված աշխատանքները. Նարեկ Մկրտչյան

Ապրիլ 29,2024 14:20

Ապրիլի 25-ից 26-ը Հայաստանում անցկացվել է «Դեպի աշխարհ առանց խոչընդոտների․ հաշմանդամություն ունեցող անձանց ներառական սոցիալական պաշպանության քաղաքականության ապահովում» խորագրով երկօրյա տարածաշրջանային համաժողովը. այն կայացել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ Ասիական զարգացման բանկի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությամբ։

Միջոցառման նպատակն էր ապահովել տարածաշրջանային հարթակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման ոլորտում արձանագրված ձեռքբերումների և դեռևս արդիական խնդիրների քննարկման համար՝ մասնավորապես դիտարկելով սոցիալական ծառայությունները՝ որպես ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայի, համապատասխան գլոբալ ու տարածաշրջանային օրակարգերի իրականացման կարևոր բաղադրիչ։

Համաժողովին ողջույնի խոսքով հանդես են եկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրեն Դոն Լամբերտը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, ՀՀ վարչապետի հասարակական հիմունքներով խորհրդական Սուրեն Մաղաքյանը։

Միջոցառմանը ելույթներ են ունեցել նաև ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, համաժողովի համակազմակերպիչ ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, Ասիական զարգացման բանկի մարդկային և սոցիալական զարգացման սեկտորի գրասենյակի տնօրեն Վենդի Ուոքերը, Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖԻ ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը և այլ հյուրեր։

«Որպես հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտը համակարգող հիմնական  գերատեսչություն՝  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ամենօրյա աշխատանքը շարունակում է ուղղված լինել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ստեղծմանը, նրանց տարիքին ու գնահատված կարիքին համարժեք հասցեական ծառայությունների մատուցմանն ու զբաղվածության ապահովմանը։ Պետության քաղաքականության առանցքում շարունակում են լինել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը, նրանց տրամադրվող ծառայությունների լավարկմանն ու անկախ կյանքի ապահովմանն ուղղված աշխատանքները», – իր ելույթում շեշտել է նախարար Նարեկ Մկրտչյանը։

Ընդգծելով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության կարևորությունն ու այս ուղղությամբ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը՝ նախարար Մկրտչյանը նշել է, որ իրականացվող և նախատեսվող բարեփոխումները իրապես կկարողանան լուծել ոլորտում առկա հիմնահարցերը և նպաստել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների լիարժեք իրացմանը։

Նախարարության ներկայացուցիչները համաժողովի մասնակիցներին ներկայացրել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում Հայաստանի Հանրապետության՝ ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների շրջանակում իրականացված քայլերը, օրենսդրական դաշտի բարեփոխումներն ու նոր կարգավորումները, հաշմանդամության սահմանման նոր մոդելի՝ անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի կիրառման աշխատանքները։

«Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Անահիտ Պարզյանը ներկայացրել է անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի կիրարկման նպատակով ստեղծված «e-disability» թվային գործիքը, որը մասնագետներին հնարավորություն է ընձեռում հավաքագրել գնահատվող անձի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն՝ ըստ հաշմանդամության տեսակների և ֆունկցիաների սահմանափակման աստիճանների։

Համաժողովի ընթացքում տեղի են ունեցել պանելային քննարկումներ․ 15 երկրի տարբեր փորձագիտական մակարդակում աշխատանք իրականացնող փորձագետները, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և այլ երկրների համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները խոսել են ներառական սոցիալական քաղաքականության իրենց երկրների փորձառության, իրականացված բարեփոխումների և աշխատանքների մասին։ Անդրադարձել են հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների հասանելիության, տարիքային խմբերի և հաշմանդամության տեսակների հիման վրա տրամադրվող սոցիալական աջակցության փաթեթին ու մատուցվող ծառայություններին, հաշմանդամություն ունեցող անձանց տվյալների թվայնացման գործընթացի կարևորությանը։

Միաժամանակ, դիտարկվել են մարդու կյանքի բոլոր փուլերը՝ բացահայտելով հաշմանդամություն ունեցող երեխաների, մեծահասակների ու տարեցների հատուկ կարիքներն ու խոցելիությունը և ժամանակի ընթացքում դրանց փոփոխությունները՝ ըստ կյանքի համապատասխան փուլերի։

Մասնակիցներն իրենց ելույթներում կարևորել են նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող առանցքային բարեփոխումների վերաբերյալ միջազգային փորձի փոխանակումը, հաշմանդամության գնահատման համակարգերի վերաբերյալ տարբեր երկրների փորձի ճանաչումը, որն իր հերթին կխթանի հաշմանդամություն ունեցող անձանց համար արդյունավետ ծառայությունների նոր փաթեթների մշակման գործընթացին՝ միաժամանակ գնահատելով  թվայնացման առավելություններն ու ռիսկերը հաշմանդամություն ունեցող անձանց ծառայությունների մատուցման գործում:

Համաժողովի շրջանակում հայաստանյան արտադրողներին հնարավորություն է տրվել ներկայացնելու իրենց կողմից արտադրված աջակցող միջոցների տեսակները։

ՀՀ ԱՍՀՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930