«Ոչ վաղ անցյալում մեր բառապաշարում կային ռուսերեն, թուրքերեն, անգլերեն եւ այլ լեզուներով արտահայտություններ, հիմա բավականին մաքրվել եւ հայեցի է դարձել մեր լեզուն: Նույնն էլ պարն է, որ կենդանի օրգանիզմ է: Մեր պարերի 90 տոկոսը երգ-պարեր են, երգի տակ գնացող պարեր:
Ժամանակին Թուրքիայում հայերեն խոսելն անգամ վտանգավոր էր եւ արգելված: Մտածում էին՝ ամեն խոսքի մեջ դավադրություն կա, այդ ձեւով արգելել են նաեւ երգը: Երգերի մեծ մասը թարգմանվել է թուրքերեն, ու դրա տակ պարել են, ասել են՝ մեր երգն է: Բայց դա իրենց երգը չէր, այլ մե՛ր երգն էր՝ թարգմանված թուրքերեն: Թուրքական պարն ու հայկական պարը սերտորեն կապված են եղել, բայց կան բազմաթիվ էական տարբերություններ դրանց միջեւ»,-Պարի միջազգային օրվան ընդառաջ «Սպուտնիկ Արմենիայի» մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ասաց Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստեր Գագիկ Կարապետյանը:
Հարցին՝ ո՞ւր է գնում հայկական ազգային պարը, նա այսպես է պատասխանում. «Մեր պարը պետք է գնա այն ուղով, որը դրել են մեր մեծերը: Երբ ստեղծվել է Պարի պետական անսամբլը, հայկական պարը մուտք է գործել անսամբլ, սկսել է տարին տարի վրա մշակվել: Այն պարերը, որ պարել են 1958թ, չեն պարել Ազատ Ղարիբյանի, Վանուշ Խանամիրյանի ու իմ օրոք, այլ գնալով փոխվել, զարգացել են: Բայց պարի պետականի ոճը, տեսակը, ձեռագիրը, ընդհանուր գիծը պահպանվել է:
Փաստ է, որ ազգային պարից շեղումները չեն ապրել, ժամանակը դրանք դուրս է գցել: Այլ ժողովուրդների, օրինակ, վրացիների մոտ էլ կան ներմուծումներ՝ դասական պարի, օտար պարերից օգտագործված էֆեկտներ, սակայն լուրջ պարարվեստի պահպանման հետ դրանք կապ չունեն, ուղղակի ստեղծվում է ապրանք, որը պետք է վաճառունակ լինի: Մեր անսամբլներում իմ խնդիրը գոնե պարի անսամբլի տեսակը, ազգային պարը պահպանելն եւ զարգացնելն է այն ուղղությամբ, որը ազգային պարին չի խանգարի: Պարից պետք է ազգային պարի համուհոտ գա, որ երբ ցանկացած մարդ նայի, հասկանա, որ դա հայկական պար է, ճապոնական է կամ մեկ այլ ազգի պար»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերվում է խորեոգրաֆ եւ բալետմայստեր արտահայտություններին, Գագիկ Կարապետյանն ասում է, որ այսօր երկուսն էլ նույն կերպ են ընկալվում, սակայն խորեոգրաֆը պարը գրանցողն է, իսկ բալետմայստերը՝ պարի վարպետը: Կարապետյանի ձեւակերպմամբ, ճիշտ կլինի օգտագործել հայերեն պարաստեղծ բառը, որը պարերի ստեղծողն է, պարեր բեմադրողը, իսկ պարուսույցը աշակերտներին՝ արդեն եղած պարը սովորեցնողն է, ոչ թե ստեղծողը:
«Պարաստեղծին կարելի է համեմատել կոմպոզիտորի կամ նկարչի հետ, նա զրոյից ստեղծում է պարը, որը դառնում է կտավ ու հետո ներկայացվում լայն հանրությանը»,-ասում է Հայաստանի պարի պետական անսամբլի գլխավոր բալետմայստերը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարում՝ Գագիկ Կարապետյանը հոր՝ պարարվեստի երախտավոր Արտյուշա Կարապետյանի հետ