Լրահոս
Օրվա լրահոսը

«Կալանքների կտրուկ աճը պատահմա՞մբ, թե՞ դիտմամբ համընկել է հատկապես ձեր պաշտոնավարման ժամկետի հետ». Արսեն Թորոսյանն Աննա Վարդապետյանին

Ապրիլ 29,2024 13:44

«2017-ին եղել է 998 կալանավորում, 2018-ին՝ 804, հետո՝ 968, 961, 986, 1207 ու 1559։ 2018-ի համեմատ՝ 2023-ին եղել է կալանավորումների կրկնակի աճ»,- պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այս վիճակագրությունը ներկայացրեց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից հետաքրքրվելով. «Կալանքների կտրուկ աճը պատահմա՞մբ, թե՞ դիտմամբ համընկել է հատկապես ձեր պաշտոնավարման ժամկետի հետ»:

Արսեն Թորոսյան

Արսեն Թորոսյանը հաստատեց ընդդիմադիր պատգամավորների մտահոգությունները՝ տպավորություն է, որ կալանքը մեր երկրում օգտագործվում է, որպես պատժի միջոց ու խոստովանանքներ կորզելու միջոց:

«Արդյո՞ք ողջամիտ կասկած չի առաջանում, որ կալանքներն օգտագործվել են խոստովանական ցուցմունքներ կորզելու համար ու դրանից հետո են մարդիկ կալանքից բաց թողնվել»,- Աննա Վարդապետյանին հարցրեց Արսեն Թորոսյանը։

Աննա Վարդապետյանը խորհրդարանում ներկայացնում էր դատախազության 2023 թվականի հաղորդումը:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Արսեն Թորոսյանն իր ֆեյսբուքյան էջում ավելի ուշ ֆեյսբուքյան գրառումներով հայտնել է. «ԱԺ պետաիրավական հանձնաժողովում դատախազության 2023 թվականի հաղորդման քննարկման ժամանակ մի քանի կարևոր հարց եմ ուղղել գլխավոր դատախազին:

Քանի որ գլխավոր դատախազը իմ մի շատ կոնկրետ հարցի, տվեց իրականությանը չհամապատասխանող պատասխան, առանձին գրառումով կտեղադրեմ իմ գրավոր հարցումները և դրանց պատասխանները, որպեսզի մեր քաղաքացիներին և ԶԼՄ-ներին պարզ դառնա, թե այդ ինչն էր այդքան անհասկանալի մի գրությունների մեջ:

Մեկ ուրիշ գրառումով էլ կտեղադրեմ ձերբակալությունների և կալանավորումների վիճակագրությունը, որի վերաբերյալ, թեև պարզաբանումներ տրվեցին, բայց դրանք ոչ մի կերպ բավարար չէին կարող համարվել իմ համար:

Նաև պատասխան չհնչեցին որոշ հարցերի խոշտանգումների (այդ թվում կոնկրետ դեպքով) և օրենքի առաջ բոլորի հավասարության վերաբերյալ, հուսամ դրանց էլ լիագումարում անդրադարձ կլինի»:

«Ինչպես նախորդ գրառման մեջ նշել էի, տեղադրում եմ դատախազության հետ գրագրությունը, որից պարզ է դառնում, որ դատախազությունը խուսափում է պատասխանել իմ շատ կոնկրետ և շատ հասկանալի հարցերին` կասկածի տեղիք տալով, թե արդյո՞ք բոլոր ԶԼՄ հրապարակումներն ու հետաքննություններն են արժանանում նույն ճակատագրին, թե՞ ի վերջո ոմանք ավելի հավասար են օրենքի առաջ» :

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930