Լրահոս
Օրվա լրահոսը

Աղբամաններ, անվադողեր, ցախավելներ, վառելիք ու մեքենաներ՝ մի քանի հարյուր միլիոն դրամի խախտումներ Երեւանի «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ում

Ապրիլ 29,2024 13:22

Երեւանի «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի պահեստում ապրանքներ են ելքագրվել առանց համապատասխան փաստաթղթավորման, ոչ պիտանի մեքենաներն օգտագործել են որպես պահեստամաս, դրանք վերանորոգելու փոխարեն՝ մեքենաները վերածվել են ջարդոնի, հազարավոր աղբամաններ չեն փաստաթղթավորվել։ Այս մասին այսօր Երեւանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցեց քաղաքապետարանի վերահսկողության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Գեւորգյանը։

Երեւանի քաղաքապետարանի վերահսկողության վարչությունը ուսումնասիրել էր Երեւանի «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» ՀՈԱԿ-ի 2022-2023 թվականների գործունեությունն ու փաստաթղթերը։

Գեւորգյանը զեկուցեց, որ պահեստից ապրանքների ելքագրումը կատարվել է առանց համապատասխան պահանջագիր կազմելու, 2022 թվականի փետրվարին պահեստի պատասխանատուն, աշխատանքի անցնելու օրվանից, պահեստի մնացորդի մասին փաստացի որեւէ տվյալ չի ունեցել, վերջինս էլ գույքագրում չի արել, ընդունում-հանձնում չի կատարվել պահեստում։

Հիմնարկին անհատույց օգտագործման են տրամադրվել 1100 լիտր տարողությամբ թվով 14588 աղբամաններ, որոնցից 1000-ը՝ մետաղական, ընդհանուր 1 միլիարդ 360 միլիոն 615 հազար դրամ արժեքով, գույքը միանձնյա է ընդունվել ու ստորագրվել։ «Համադրելով տվյալները՝ պարզվել է, որ բացակայում է քաղաքի հաշվեկշռում հաշվառված 201 մետաղական աղբաման, միավոր արժեքը՝ 138 հազար դրամ, 27,7 մլն արժեքով եւ 2551 պլաստմասե աղբաման, միավորի արժեքը՝ 88 -91 հազար դրամ, 229 մլն արժեքով։ Ընդամենը 2752 աղբաման 257 միլիոն դրամ արժեքով»,-հայտնեց Գեւորգյանը։

Դիզելային վառելիքի ծախսագրումների ուսումնասիրությամբ պարզվել է, որ յուրաքանչյուր մեքենայի վառելիքի ծախսի ամբողջական ծախսը չի արտացոլվել։ Գեւորգյանի ներկայացմամբ 2023 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ դիզվառելիքի մնացորդը 13 հազար լիտր է, սակայն մնացորդը պետք է կազմեր 53 հազար լիտր, 40 հազար լիտր վառելիքի մնացորդի տարբերությունը 16 մլն դրամ է։

Փաստաթղթերի համադրության արդյունքում առաջացել է 230 հազար լիտր դիզվառելիքի տարբերություն, որը կազմում է 94 մլն։

Անվադողերի բացթողնման եւ ելքագրման համար հիմք են հանդիսացել բանավոր հրահանգները՝ դրա համար իրավասություն ունեցող անձի կողմից, իսկ անվադողերի աշխատանքի հաշվառման քարտեր չեն վարվել։

Ըստ Գեւորգյանի՝ 2023 դեկտեմբեր 31-ի դրությամբ անվադողերի մնացորդ չի եղել, գրեթե ամբողջովին սպառվել են, դրանց տեղադրումը մեքենաների վրա հարցականի տակ է, փոխարինված անվադողերի ճակատագիրն անհայտ է, քանի որ պահեստում առկա չի եղել։

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ, ինչպես Գեւորգյանն ասաց, ցախավելներն ընդհանրապես չեն մուտքագրվել․ «Դրանց ձեռքբերման արժեքը 264 մլն դրամ է՝ 660 հազար հատ։ 2023 թվականի դրությամբ ցախավելների մնացորդը 254 հազար հատ էր՝ 100 մլն դրամ արժողությամբ եւ հարցականի տակ է նման մնացորդի առկայության դեպքում նոր խմբաքանակի ձեռքբերումը ու սահմանված կարգով բաշխման հարցը»։

Հիմնարկի ավտոմեքենաների դեպքում էլ ուսումնասիրությամբ պարզել են, որ հիմնարկում առկա են ոչ պիտանի, շահագործումից դուրս մնացած 7 մեքենա, որոնց ձեռքբերման արժեքը կազմում է 251 մլն դրամ՝ 4 Գազ, 2 Կամազ աղբատար, 1 Կամազ փոշեկուլ։
«Մեքենաներն օգտագործվել են որպես պահեստամաս՝ տնօրենի հրահանգով եւ վերանորոգման փոխարեն վերածվել են ջարդոնի եւ դուրս մնացել շահագործումից։ Այս պարագայում կասկածի տակ է առնվում ձեռքբերված պահեստամասերի արժանահավատությունը»,-ասաց Գեւորգյանը։

Նրա ներկայացմամբ՝ ամփոփելով՝ զուտ թվաբանական շեղումների տարբերությունները ցախավելների գծով կազմում են 264 մլն դրամ, պահեստում ապրանքային մնացորդի տարբերությունը՝ 19 մլն դրամ, աղբամանների գծով՝ 257 մլն դրամ, դիզվառելիքի գծով՝ 94 մլն դրամ, բենզին եւ գազ չփաստաթղթավորված՝ 5,3 մլն դրամ, ավել ծախսագրված վառելիք՝ 7,1 մլն դրամ, անվադող՝ 74,5 մլն, չշահագործվող եւ ոչ պիտանի մեքենաներ՝ 978 մլն դրամ։

Նման կառավարման հետեւանքով, Գեւորգյանի բնութագրմամբ, հիմնարկը հայտնվել է քաոսային վիճակում։

Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի ՖԲ էջից

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ հանձնարարեց այդ տվյալները փոխանցել իրավապահ մարմիններին․ «Մեր աշխատանքը կազմակերպելու ձեւ կա՝ օրենքին համապատասխան։ Ակնհայտ չարաշահումների վերաբերյալ ուզում եմ, որ ապագայում նման զեկույցներ չունենանք եւ սա վերաբերում է բոլորին, բոլոր մարմիների ղեկավարներին։ Չաշխատելու համար արդարացում չի լինելու, այդ մարդիկ կփոխարինվեն»։

Թե ՀՈԱԿ-ի որ ղեկավարի օրոք են թույլ տրվել այս խախտումները, Գեւորգյանը չհայտնեց։ Նշենք, որ վերջին երկու տարիներին ՀՈԱԿ-ի մի քանի տնօրեններ են փոխվել՝ 2022 թվականի փետրվարի 21-ին ՀՈԱԿ-ի տնօրեն է նշանակվել Հովհաննես Մանուկյանը՝ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի օրոք։ Իսկ նույն թվականի փետրվարի 9 –ին ԱԱԾ-ն ձերբակալել էր Երեւանի «Աղբահանություն եւ սանիտարական մաքրում» հիմնարկի նախկին տնօրեն Արմեն Գրիգորյանին եւ նրա տեղակալ Կարեն Թորոսյանին՝ մեղադրելով կոռուպցիայի մեջ։

2023 թվականի հունիսի 26-ին, երբ փոխքաղաքապետ էր Տիգրան Ավինյանը, ՀՈԱԿ-ի նոր տնօրեն նշանակվեց Բագրատ Աղաջանյանը։ Իսկ այս տարվա հունվարին ՀՈԱԿ-ի տնօրենը կրկին փոխարինվեց, Սաշա Կատվալյանը նշանակվեց։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Գլխավոր լուսանկարը՝ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930