«Ամերիկայի ձայն». ԱՄՆ պետքարտուղարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 28-ին պետքարտուղար Բլինքենը հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ, ուր վերահաստատել է ԱՄՆ-ի հանձնառությունն աջակցելու Երևանի ու Բաքվի միջև համաձայնությանը:
ԱՄՆ պետքարտուղարության մամլո խոսնակ Մեթյու Միլլերը պետքարտուղարության տարածած տեղեկության միջոցով հաղորդել է Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդների հետ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի՝ ապրիլի 28-ին ունեցած առանձին հեռախոսազրույցների մասին: Պետքարտուղարության տեղեկության համաձայն Էնթոնի Բլինքենը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ողջունել է «Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը։» Հայաստանի վարչապետի հետ հանդիպման մասին պետքարտուղարության հաղորդագրության մեջ ասված է.
«Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերահաստատելու համար ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի շուրջ առաջընթացին: Պետքարտուղար Բլինքենը կրկին հաստատել է, որ Միացյալ Նահանգները ողջունում է Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք օգտագործելու Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը։ Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ԱՄՆ-ը շարունակական ջանքեր է գործադրում Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև Հայաստանի բարգավաճ, ժողովրդավարական և անկախ ապագայի վերաբերյալ վարչապետ Փաշինյանի տեսլականն աջակցելու ուղղությամբ», ասված է պետքարտուղարության հաղորդագրության տեքստում:
Նույն օրը ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի անունից տարածված հաղորդագրությունը տեղեկացնում է ապրիլի 28-ին պետքարտուղար Բլինքենի ու Ադրբեջանի նախագահ Ալիևի միջև կայացած հեռախոսազրույցի մասին: Ըստ հաղորդագրության՝ «պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Պետքարտուղարն երախտագիտություն է հայտնել նախագահ Ալիևին անցյալ շաբաթվա այն հայտարարության համար, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են օգտագործել 1991թ. Ալմա Աթայի հռչակագիրը որպես սահմանների սահմանազատման հիմք, և ընդգծել դրա կարևորությունը երկու կողմերի համար կայուն և արժանապատիվ խաղաղությանը հասնելու նպատակով։ Պետքարտուղարը հորդորել է նախագահ Ալիևին շարունակել երկխոսությունը իր հայ գործընկերոջ հետ՝ վերահաստատելով ԱՄՆ-ի պատրաստակամությունը այդ ջանքերին աջակցելու համար։ Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ամուր երկկողմ հարաբերություններ ունենալու մեր [ԱՄՆ-ի] ցանկությունը՝ ընդգծելով մեր ջանքերը՝ համագոծակցելու էներգետիկ, կլիմայի և կապի ոլորտներում փոխադարձ նպատակների շուրջ և ապահովելու Բաքվում COP 29-ի [համաժողովի] հաջողությունը: Նա ողջունել է Ադրբեջանի կողմից Գուբադ Իբադօղլուի խափանման միջոցի փոխարինումը տնային կալանքով որպես մարդասիրական ժեստ և կոչ արել նրան շուտափույթ ազատ արձակել։ Պետքարտուղար Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային իր կողմից ստանձնած պարտավորություններին և ազատ արձակել նրանց, ովքեր Ադրբեջանում անարդարացիորեն կալանավորվել են», նշված է պետքարտուղարության հաղորդագրության մեջ: