«2023թ. «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը Հայաստանում իրականացրեց 4-րդ Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեն, եւ առաջին անգամ Հայաստանում հյուրընկալեցինք Փարիզում ներկայացվող «Սարսելի Գեղարվեստական տպագրության միջազգային բիենալեի» հիմնադիր եւ համադրող, փորագրանկարչության վարպետ Ժան-Պիեր Տանգիին:
Քանի որ 2023-ին Հայաստանում նաեւ տեղի ունեցավ Գեղարվեստական տպագրության առաջին միջազգային համաժողովը, որի խորագիրն էր «Հայաստանը տարածաշրջանում գեղարվեստական տպագրության կենտրոն», պարոն Տանգին հանդես եկավ զեկուցումով այդ համաժողովի շրջանակներում: Դա իր առաջին այցն էր Հայաստան, եւ նա խիստ տպավորված լինելով Գեղարվեստական տպագրության բիենալեով՝ առաջարկեց, որ 2023թ նոյեմբերին Հայաստանն առաջին անգամ առանձին տաղավարով ներկայանա Փարիզում: Եվ առաջին անգամ հայաստանյան մշակութային դաշտում Երեւանյան միջազգային բիենալեն առանձին տաղավարով ներկայացավ Փարիզում »,-Aravot.am-ի հետ զրույցում նշեց «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր, նախագահ, Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի հիմնադիր, «ՀայԱրտ» մշակութային կենտրոնի տնօրեն Սոնա Հարությունյանը:
Հավելեց, որ պատասխան հրավերով «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունն էլ այս տարի Ժան-Պիեր Տանգիին է հրավիրել Հայաստան, որպեսզի իր անհատական ցուցահանդեսով ներկայանա հայ արվեստասեր հանրությանը: Եվ այժմ Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը եւ Գեղարվեստական տպագրության երևանյան միջազգային բիենալեի կազմկոմիտեն, համագործակցելով Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանության եւ ֆրանսիական ինստիտուտի հետ, մայիսի 3-27ը Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում՝առաջին անգամ Հայաստանում ներկայացնում են Ժան-Պիեր Տանգիի՝ «Փորագիր կանգառներ» խորագրով կրող անհատական ցուցահանդեսը։ Կներկայացվի շուրջ 200 փորագրանկար, որոնք ստեղծվել են Ժան-Պիեր Տանգիի՝ Իսպանիա, Մարոկկո, Վենետիկ Բյուզանդիա, Ասիա և Նյու Յորք կատարած ճամփորդությունների ընթացքում եւ ձեռք բերված տպավորությունների արդյունքում։
«Շատ ուրախ ենք, որ այս ցուցահանդեսը ներկայացնելու ենք Գեղագիտության ազգային կենտրոնում, քանի որ Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանը գտնվում է Աբովյան փողոցում, եւ ավելի մատչելի է անցորդների համար»,-ասաց մեր զրուցակիցը:
Կարդացեք նաև
Սոնա Հովհաննիսյանը նաեւ հավելեց, որ Ժան-Պիեր Տանգին նաեւ մայիսի 5-ին կմատուցի վարպետության դաս գեղարվեստական տպագրության՝ փորագրանկար տեխնիկայի առանձնահատկությունների եւ մասնագիտական հմտությունների վերաբերյալ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ