Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Այն, ինչ կատարվում է Տավուշում, Ադրբեջանի առաջին պահանջն է. ունեն եւս 7 պահանջ»

Ապրիլ 29,2024 13:30

«Առավոտի» զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Արմեն Բաղդասարյանը։

– Պարոն Բաղդասարյան, Տավուշում միակողմանի զիջումների գնալով եւ զիջելով Հայաստանի ռազմավարական դիրքերը՝  իշխանությունները հայտարարում են, թե գծվում է «լեգիտիմ սահման», որը նվազեցնում է անվտանգային ռիսկերը։ Իրոք դա այդպե՞ս է։

– Ոչ, հնարավոր չէ այս ճանապարհով հասնել խաղաղության, որովհետեւ Ադրբեջանը եւս 7 պահանջ ունի, որոնցից 4-ը նախապայաններ են։ Եվ միայն  Տավուշում հետ քաշվելը չի բերելու խաղաղության։ Եթե հայկական կողմը չկատարի մյուս պահանջները, այսօրվա իրադարձություններն Ադրբեջանին կօգնեն ավելի հեշտությամբ ճնշումներ իրականացնել Հայաստանի նկատմամբ։

Այս պահանջից բացի, Ադրբեջանն առաջ է քաշում «անկլավների», Հայաստանի Սահմանադրության, պետական խորհրդանիշների փոփոխության հարցը։ Ադրբեջանը նաեւ պահանջում է Սյունիքով Նախիջեւանի հետ անխոչընդոտ կապի ապահովում, ադրբեջանցի «փախստականների» վերադարձի։ Լինելու է նաեւ, այսպես կոչված՝ «30-ամյա օկուպացիայի» դիմաց փոխհատուցման եւ հայկական զինված ուժերի վերահսկման պահանջ, որպեսզի Հայաստանը չկարողանա հզորանալ այնքան, որ վտանգ ներկայացնի Ադրբեջանի համար։ Այն, ինչ կատարվում է այսօր Տավուշում, ընդամենն Ադրբեջանի առաջին պահանջն է, եւ իրենք դա չեն էլ թաքցնում։ Տավուշում առաջին սյունը տեղադրելուց ժամեր անց Ալիեւը բարձրաձայնեց հաջորդ պահանջներից մի քանիսը։ Հետեւաբար, հասկանալի է, որ միայն այդ մեկ պահանջը կատարելով՝ մենք մեկ միլիմետր անգամ չենք մոտեցել խաղաղությանը։ Առայժմ սահմանագծվել է հայ-ադրբեջանական  սահմանի ընդամենը մեկ տոկոսը։

– Ի՞նչ կնշանակի Հայաստանի համար Ադրբեջանի վերոնշյալ պահանջների կատարումը։

– Հայաստանի համար դա նշանակում է դադարել լինել կենսունակ պետություն։ Այսինքն՝ Հայաստանը ձեւական կմնա անկախ պետություն, բայց փաստացի կլինի թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածություն ունեցող տարածք՝ ոչ կենսունակ եւ զարգացման որեւէ հեռանկար չունեցող։ Եթե ավելացնենք նաեւ ադրբեջանցի փախստականների վերադարձի պահանջը, Հայաստանը կարճ ժամանակում կհայաթափվի, որովհետեւ այդ պայմաններում մարդիկ ուղղակի հեռանկար չեն տեսնի։ Այսինքն՝ երկարաժամկետ հեռանկարում դա նշանակում է տարածաշրջանում հայկական պետականության կորուստ։

– Իշխանության ներկայացուցիչները պատերազմով են վախեցնում մարդկանց, այս ծրագրերին դեմ արտահայտվողներին ասում են՝ «պատերա՞զմ եք ուզում»։ Ինչպե՞ս եք սա գնահատում։

– Հայաստանի իշխանությունները պնդում են, որ մեր անվտանգության հիմնական երաշխիքը լեգտիմությունն է։ Ասում են, որ եթե Ադրբեջանը փորձի Հայաստանի վրա հարձակվել, դա կլինի ոչ լեգիտիմ, այսինքն, ըստ իշխանությունների տրամաբանության, մենք պաշտպանված կլինենք։ Կամ մենք պաշտպանված կլինենք, կամ իշխանությունները սխալ են ասում, երբ ասում են, որ լեգիտիմությունն է մեր անվտանգության երաշխիքը։ Իրականում մեր անվտանգության երաշխիքը մեր խելամիտ արտաքին քաղաքականությունը պետք է լինի։ Այն, ինչը Հայաստանի իշխանությունները չեն իրականացնում։ Հայաստանի իշխանությունները բանավոր տիրույթում ասում են, որ՝ մենք պետք է հրաժարվենք սին պատրանքներից ու խոստումներից, որ ոչ մեկի ձեռքին խաղալիք չդառնանք, բայց գործնականում անում են ճիշտ հակառակը, որովհետեւ փորձում են իրենց արտաքին քաղաքականությունը կառուցել արտատարածաշրջանային ուժերի, կոնկրետ Արեւմուտքի աջակցությամբ։ Այսինքն՝ Հայաստանն իրականացնում է այնպիսի արտաքին քաղաքականություն, որը խոցելի է դարձնում մեզ բոլոր առումներով։

– Տավուշում օրեր շարունակ մարդիկ փակել են ճանապարհները՝ դեմ արտահայտվելով այս միակողմանի զիջումներին, Երեւանում եւ այլ մարզերում նույնպես կան անհնազանդության միջոցառումներ։ Ի՞նչ եք կարծում, հասարակությունը կկարողանա՞ կասեցնել այս գործընթացը։

– Մեծ է հավանականությունը, որ կարող է ինչ-որ բան ստացվել, այլ հարց է, թե ինչ կլինի այդ ինչ-որ բանը։ Եթե դրա տակ չկա քաղաքական ծրագիր, քաղաքական նպատակ ու  ճանապարհային քարտեզ, վախենամ, թե Հայաստանն ավելի վատ վիճակում կհայտնվի։ Վեց տարի առաջ մենք մեկ անգամ արդեն տեսանք, թե ինչ է լինում, երբ ճանապարհներ փակելով՝ գալիս են ինչ-որ մարդիկ՝ առանց ներկայացնելու որեւէ քաղաքական ծրագիր եւ նպատակ։ Մենք այսօր գտնվում ենք վառոդի տակառի վրա, եթե այսօր էլ նույնը տեղի ունենա, եւ իշխանության գան հայտնի չէ ովքեր եւ հայտնի չէ, թե ինչ ծրագրով, ես չեմ կարող ասել՝ ավելի լավ կլինի՞, թե՞ ավելի վատ։

Հետեւաբար, հիմա ճիշտ ժամանակն է, որ ինքնաբուխ ու ժամ առ ժամ հզորացող այս շարժման տակ դրվի հստակ քաղաքական ծրագիր, նպատակ եւ ճանապարհային քարտեզ։ Այդ դեպքում, այո, մենք թերեւս կկարողանանք համեմատաբար փոքր ցնցումներով դուրս գալ այս իրավիճակից։ Եթե ոչ, Հայաստանը կարող է էլ ավելի ծանր վիճակում հայտնվել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Զավեն says:

    Իսկ ձեզ պատահաբար չեն ասել, որ իշխանափոխվենք էդ յոթից քանի՞սն են զիջելու։

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930