Լրահոս
Օրվա լրահոսը

Տատիս բաժակը

Ապրիլ 29,2024 12:30

Մենք երեք զույգ ոչխար ունեինք։ Տարին մեկ անգամ գալիս խուզում էին, մենք էլ բուրդը լվանում, գզզում էինք, որ մեր օժիտների համար անկողին կապեինք։

Տատս գյուղի գառնարած հովիվների ցուցակն էր կազմում քառակուսի, 12 թերթանոց տետրի մեջ։ Այդ տետրը դպրոցական մատյան էր հիշեցնում: Գրված էր անուն-ազգանունը, դիմացն էլ պլյուս նշանը, որը նշանակում էր, որ էդ մարդը էդ ամիս արդեն գնացել էր հանդ։ Սովորական երեկոն էր։ Մենք գնացինք հաջորդ օրվա գառնարած հովվին տեղյակ պահեցինք իր վաղվա անելիքի մասին (Համբարձի դայի՛, հէէէ՛, Համբարձի դայի՛, էքուց վըխճարածըք), ու տուն եկանք։

Գիշերը հորդ անձրեւ սկսվեց։ Անձրեւի թրխկոցների արանքից լսվեց կրակահերթը։ Մենք գիտեինք, տղաներն էին ազդանշան տալիս միմյանց։ Հերթափոխ էր։

Լուսաբացը հանգիստ էր։ Անձրեւը դադարել էր։ Ոչխարներին ճանապարհեցինք, բակը ավլեցինք, անցանք մեր առօրյային։ Էդ օրը տատս փիրփետ պատրաստեց ճաշին։ Նրա նման դա ոչ ոք չէր կարողանում անել։

Արեւն արդեն մայր էր մտնում, ոչխարները հանդից եկան, մենք հաշվեցինք, որ վեցն են, հե-հա ասելով ուղեկցեցինք իրենց համար սարքած բացօթյա գոմը, ու գնացինք իրիկնահացին պատրաստվելու։

Տատս մի փոքրիկ, սիրուն թեյի բաժակ ուներ, վրեն վարդ դաջած։ Սիրում էր, որ կրակի վրայից անմիջապես լցնեինք իր թեյը։ Թեյնիկը նոր էի կրակից վերցրել, որ տատիս թեյը լցնեմ, երբ բարձր ձայներ լսվեցին փողոցից։ Իրար նայեցինք, վեր կացանք, պատուհաններից կախվեցինք, որ ավելի լավ լսենք։

Մեր թաղի Գարեգինի ու մյուս տղաների ձայներն էին…

«ՇՈՒՇԻՆ ԵՐԸՆՔ ԿԱԼԱ՛Լ…ՇՈՒՇԻՆ ՄԵՐՆ ԱԱԱ՛»:

Ասթինե ՔԱԼԱՇՅԱՆ

Արցախ, Մեծ Թաղեր

«Առավոտ» օրաթերթ
27.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930