Դատարանները չէին ճանաչում ընկերության սեփականության իրավունքի խախտման փաստը, պետությունը վերցրել էր, ըստ էության, այդ տարածքը, սակայն ոչինչ չի արել
Տարիներ առաջ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ընկերությունը քաղաքացիական եւ վարչական դատարաններ էր դիմել ՀՀ կառավարության դեմ: Մինչ վերջերս դատական գործընթացները շարունակվում էին:
Ընկերությունը 8 հատորանոց գործով վարչական դատարանից, օրինակ, պահանջում էր Բուզանդի փողոցի թիվ 32 հասցեի անշարժ գույքի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու փաստը չեղարկել եւ ազատել գույքի օգտագործման սահմանափակումներից: Ըստ դատարանում առկա գործի նյութերի, ընկերությունը հայտնել էր. «ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 1528-Ն որոշմամբ վիճելի գույքի նկատմամբ հերթական՝ արդեն հինգերորդ անգամ, ճանաչվել է հանրության գերակա շահ եւ հինգերորդ անգամ որոշվել է ընկերության գույքը հարկադրաբար օտարել՝ նախնական, համարժեք փոխհատուցմամբ: Ըստ այդմ՝ գույքի նկատմամբ վերստին՝ արդեն հինգերորդ անգամ, կիրառվել են օրենքով նախատեսված սահմանափակումները, եւ ընկերությունն արդեն հինգերորդ անգամ փաստացի զրկվել է կամ ավելի ստույգ՝ շարունակել է զրկված մնալ գույքն իր հայեցողությամբ, ազատորեն տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու իրավազորություններից: Գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետն այդ ժամանակ սահմանվել է 2019 թվականի դեկտեմբերի 28-ը, սակայն այդ ժամկետում եւս գույքի օտարման գործընթացը չի սկսվել եւ ավարտվել, եւ ընկերությունն այդ ժամկետում նույնպես իր գույքից հարկադրաբար զրկվելու դիմաց որեւէ փոխհատուցում չի ստացել: Գույքի օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը հետագայում երկարացվել է՝ յուրաքանչյուր դեպքում մեկ տարով: Այդ ամենը, մասնավորապես, կատարվել է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1728-Ն, 2020 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 2149-Ն եւ 2021 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 2174-Ն որոշումներով, որոնց արդյունքում գույքի օտարումն սկսելու, ընկերությանը համարժեք փոխհատուցում վճարելու գործընթացի սկիզբը տալու վերջնական ժամկետը դարձել է 2022 թվականի դեկտեմբերի 28-ը: Մինչդեռ այդ ժամկետում եւս գույքի օտարման եւ ընկերությանը համարժեք փոխհատուցման վճարման ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարվել, ինչից ելնելով՝ ընկերությունն արդեն 20 եւ ավելի տարիներ անորոշության պայմաններում որոշել է այլեւս չհամակերպվել իր գույքի վերաբերյալ կայացվելիք հետագա որոշումների հետ, փոխարենը՝ ձեռնամուխ լինել իր գույքի նկատմամբ սահմանափակումների վերացմանն ու գույքն իր հայեցողությամբ, ազատորեն տնօրինելու, տիրապետելու եւ օգտագործելու իրավազորությունների վերականգնմանը»:
2023 թվականի հոկտեմբերի 16-ին ՀՀ վճռաբեկ դատարանը մերժեց Թուֆենկյանների բողոքը վարույթ ընդունել (նախագահող դատավոր՝ Բեդեւյան):
Կարդացեք նաև
Մինչդեռ, ըստ բողոքաբեր կողմի՝ թիվ ՎԴ/0518/05/19 վարչական գործով ՀՀ կառավարության վիճարկվող որոշումն անվավեր էր նաեւ այն հիմքով, որ ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի թիվ 1151-Ն որոշումն ընդունվելուց հետո որեւէ ռեալ գործողություն չի իրականացրել ընկերության գույքի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու հիմք հանդիսացող քաղաքաշինական ծրագրերի իրագործման ուղղությամբ, ինչը եւս թույլ է տալիս պնդել, որ ընկերության սեփականության իրավունքին ցուցաբերվել է ոչ իրավաչափ միջամտություն, խախտվել է ընկերության սեփականության իրավունքի եւ հանրության շահի միջեւ արդարացի հավասարակշռությունը: Ըստ թիվ ՎԴ/0839/05/23 վարչական գործի՝ «Թուֆենկյան Թրանս Կավկազուս» ՍՊԸ-ն 2023 թվականի մայիսի 15-ին դատարան էր ներկայացրել նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդություն՝ խնդրելով կասեցնել վիճարկվող նորմատիվ ակտի գործողությունը՝ մինչեւ սույն գործի քննության ավարտը:
Դիմողին ուղարկվել էր օտարման պայմանագրի նախագիծ ակնհայտ ոչ բարենպաստ եւ ապօրինի պայմաններով, ուստի առկա են բավարար հիմքեր՝ օբյեկտիվ ենթադրություն տածելու առ այն, որ վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողությունը դատարանի կողմից չկասեցվելու դեպքում դիմողի գույքը սույն գործի քննության ընթացքում կարող է հարկադրաբար իրացվել, ինչի արդյունքում դիմողի իրավունքների դատական պաշտպանության արդյունավետությունը կբացառվի, դիմողը հարկադրաբար եւ անդառնալիորեն կզրկվի իր գույքից, կկրի ծանր հետեւանքներ, նյութական վնաս: Դիմողի կողմից վերոնշյալ վարչական գործի շրջանակներում դատարան էր ներկայացվել միջնորդություն՝ դիմումի ապահովման նպատակով վիճարկվող նորմատիվ իրավական ակտի գործողությունը՝ մինչեւ նույն գործի քննության ավարտը կասեցնելու վերաբերյալ, որը մերժվել էր (դատավոր՝ Գեւորգ Սոսյան):
Ընկերությունը, ի վերջո, դիմեց ՀՀ սահմանադրական դատարան, որը ապրիլի 18-ին պաշտոնապես հրապարակած որոշմամբ փաստել էր. «Դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման: ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 195-րդ հոդվածն այնքանով, որքանով չի նախատեսում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորություն, ճանաչել Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին եւ 75-րդ հոդվածին հակասող եւ անվավեր»:
Ըստ դիմող կողմի՝ օրենսգիրքը, 131-րդ հոդվածի 1-ին մասով սահմանելով անմիջական բողոքարկման ենթակա միջանկյալ դատական ակտերի ցանկը, այդ ցանկում ի թիվս այլնի ներառել է վարչական ակտի կատարման կասեցումը մերժելու մասին միջանկյալ դատական ակտը (9-րդ կետ) եւ հայցի ապահովումը մերժելու մասին միջանկյալ դատական ակտը (3-րդ կետ), մինչդեռ նույն ցանկում չի ներառել հատուկ վարույթում այդ դատական ակտերին համարժեք/այլընտրանքային մեկ այլ դատական ակտ՝ նորմատիվ իրավական ակտի գործողության կասեցումը մերժելու մասին միջանկյալ դատական ակտը, ինչը հակասում է Սահմանադրության 61 եւ 63-րդ հոդվածներին: Դիմողը խնդրել էր. «Որոշել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասի եւ 195-րդ հոդվածի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, ինչպես նաեւ 78-րդ եւ 80-րդ հոդվածներին»:
Սահմանադրական դատարանը անդրադարձել էր վարչական արդարադատության ոլորտում դատարանի կողմից կիրառման ենթակա նախնական իրավական պաշտպանության միջոցներին եւ դրանց սահմանադրաիրավական նշանակությանը։
Սահմանադրական դատարանն արձանագրել է, որ թեեւ վիճարկման հայցի պարագայում օրենսդիրը չի նախատեսել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն, սակայն սահմանել է հայցվորի իրավունքների նախնական իրավական պաշտպանության մեկ այլ միջոց՝ վիճարկվող վարչական ակտի կատարման կասեցում: Ինստիտուցիոնալ առումով համանման իրավական կարգավորում է նաեւ հատուկ՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում կիրառվող վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողության կասեցումը՝ դիմողի միջնորդությամբ կամ դատարանի հայեցողությամբ:
Սահմանադրական դատարանը սույն գործի նյութերի ուսումնասիրության արդյունքում արձանագրում է. «Թիվ ՎԴ/0839/05/23 վարչական գործով Վերաքննիչ վարչական դատարանի 2023 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ դիմողի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվել է այն պատճառաբանությամբ, որ «(…) Դատարանի կողմից 17.05.2023թ. կայացված «Նորմատիվ իրավական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին» որոշումը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 131-րդ հոդվածով եւ «Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 26-րդ գլխով չի հանդիսանում բողոքարկման ենթակա դատական ակտ, ուստի ներկայացված վերաքննիչ բողոքի ընդունումը ենթակա է մերժման», իսկ Վճռաբեկ դատարանը 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել է։ Սահմանադրական դատարանը գտնում է, որ անհրաժեշտ է սահմանել կազմակերպական այնպիսի կառուցակարգեր եւ ընթացակարգեր, որոնք կապահովեն նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի շրջանակներում վիճարկվող նորմատիվ իրավական ակտի (դրա վիճարկվող դրույթի) գործողությունը կասեցնելու միջնորդությունը մերժելու մասին որոշումը վերաքննության կարգով անմիջական բողոքարկման հնարավորությունը՝ ապահովելով արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի բաղադրատարր դատական բողոքարկման իրավունքի արդյունավետ կենսագործումը»:
Հղում կատարելով ՍԴ մի շարք որոշումներին, մասնավորապես, 2020 թվականի դեկտեմբերի 8-ի ՍԴՈ-1571 որոշմանը, Սահմանադրական դատարանն արձանագրել է. «Պետությունը պետք է ստեղծի անհրաժեշտ երաշխիքներ մարդու իրավունքների եւ ազատությունների արդյունավետ իրացման համար: Պետությունը պարտավորվում է ոչ միայն ճանաչել, պահպանել եւ պաշտպանել իրավունքները եւ ազատությունները, այլեւ ստեղծել պետական-իրավական այնպիսի կառուցակարգեր, որոնք արդյունավետ ձեւով կարող են կանխել, վերացնել դրանց ցանկացած խախտումներ, վերականգնել խախտված իրավունքներն ու ազատությունները»։
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
27.04.2024