Լրահոս
Օրվա լրահոսը

«Աշխարհը հիմնված է մարդկային ջերմ շփումների եւ փոխհամագործակցության վրա, ինչի առաջին գրավականը, անկասկած, մշակույթն է»

Ապրիլ 29,2024 12:00

Հարցազրույց Չելյաբինսկի օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Եվգենի Վոլինսկու հետ

– Մաեստրո, առաջին անգամ եք Հայաստանում եւ կարելի է ենթադրել ձեր այցի նպատակը, բայց եկեք հետ «գնանք», երբ դուք՝ մաեստրո Վոլինսկին,  կանգնում էր Իսպանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Չինաստանի… ամենահայտնի թատրոնների նվագախմբերի դիրիժորական վահանակների առջեւ… 2013թ. դուք չեղարկել եք բազմաթիվ պայմանագրեր եւ ընդունել  Չելյաբինսկի օպերային թատրոնի հրավերը։ Պաշտո՞նը ձեզ գայթակղեց, թե՞…

– Միանգամից ասեմ, որ Հայաստան այցիս նպատակը դուք չեք կարող նույնիսկ ենթադրել, բայց մի փոքր ուշ այն կներկայացնեմ։ Ինչ վերաբերում է գայթակղությանը, նման բան չկա։ Հայրս Չելյաբինսկից է մեկնել Կուրգան, որտեղ ես ծնվել եմ եւ իմ բոլոր հարազատները մնացել էին Չելյաբինսկում։ Երբ նրանք այցելում էին մեզ, մշտապես պատմում էին, թե ինչպես է հայրս կռվել քաղաքացիական պատերազմում։ Հիմա, ցավոք, հարազատներիցս շատերը հեռացել են երկրային կյանքից, բայց ես դեռ կապվածություն ունեմ այս քաղաքի հետ։ Եթե ինձ այլ քաղաք հրավիրեին, ես հավանաբար չէի ընդունի առաջարկը։ Չելյաբինսկն ինձ հարազատ է։

– «Գնանք» ձեր պատանեկություն. դուք նույնիսկ երաժշտական քոլեջ չեք ավարտել, հաճախել եք ջութակի դասերի երաժշտական դպրոցում։

– Այո։ Քոլեջ չեմ ավարտել, մեկնել եմ բանակ քոլեջի 3-րդ կուրսից, կիսատ թողնելով այն։ Ծառայել եմ Սվերդլովսկի մոտ, ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատում, որտեղ ծառայություն են անցկացնում սպորտսմենները՝ դահուկորդներ, բռնցքամարտիկներ… Երբ ինձ զինկոմիսարիատում հարցրին, թե ինչ սպորտով եմ զբաղվում, պատասխանեցի՝ շախմատիստ եմ։

– Լավ, պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձաք եւ եթե մեզ հասած տեղեկությունը ճիշտ է, ապա հայտնվել եք միանգամից կոնսերվատորիայում։

– Բանակից հետո, ճիշտն ասած՝ ինձ համար ավելի հեշտ էր պատ շարել, աղյուս կոտրել, քան ջութակ վերցնել ձեռքս։ Եվ հետո՝ ծառայությանս տարիներին շատ-շատ էի մարզվում, նույնիսկ գիշերները։ Գուցե մի բան էլ բարձրաձայնեմ. ծնողներս ուզում էին ինձ տեսնել մեքենաշինական ինստիտուտում, նույնիսկ ասում էին, թե երաժիշտները բոլորը հարբեցողներ են… Կարճ ասած՝ վերադառնալով շարունակեցի ուսումս քոլեջում։ Այդ տարիներին մեզ մոտ համերգներով հանդես եկավ սիմֆոնիկ նվագախումբ, անվանի դիրիժոր Առնոլդ Կացիի ղեկավարությամբ։ Ներկա գտնվելով համերգին, որոշում ընդունեցի դառնալ դիրիժոր եւ վերջ։ Հիմա մի փոքր տարիներով թռնեմ՝ 1983-ին ընդունվեցի Նովոսիբիրսկի կոնսերվատորիա եւ ընդամենը երկու տարի անց աշխատանքի անցա օպերային թատրոնում որպես հուշարար ու միաժամանակ ղեկավարում էի տեղի օպերետի թատրոնի նվագախումբը։

– Իսկ ո՞րն եք համարում ձեր առաջին լուրջ դեբյուտը օպերային թատրոնում։

– Առաջին օպերան, որ ղեկավարել եմ, «Տրավիատան» է։ Այդ ժամանակ ես 30 տարեկան էի, իսկ դա 1991 թվականն էր։

– Մաեստրո, մեկ հարցազրույցում, ինչքան էլ հետաքրքիր է, չենք կարող ներկայացնել ձեր կարիերայի բոլոր մանրամասները։ Բայց նկատենք, որ դիրիժորությունը ծանր ֆիզիկական աշխատանք է եւ անհրաժեշտ է, որ դուք մշտապես լավ մարզավիճակում գտնվեք։

– Ինչպես արդեն ասացի՝ ես բանակում հատուկ նշանակության ջոկատում եմ ծառայել եւ, բնականաբար, մինչ օրս, փառք Աստծո, ֆիզիկապես ամուր եմ։ Հիմա էլ ամեն առավոտ մեկ կամ մեկուկես ժամ մարզվում եմ։ Մի բան էլ. Ռուսաստանում ժամանակի տարբերությունը հասնում է մինչեւ 6 ժամի, պետք է արագ հասցնել, հարմարվել։ Հաճախ է պատահում, երբ բավականաչափ քնելու ժամանակ չի լինում։ Այո, դիրիժորը պետք է ֆիզիկապես ուժեղ լինի, որպեսզի դիմակայի, ասենք՝ «Բորիս Գոդունովի» նման մեծակտավ օպերան կամ բարդ սիմֆոնիայի կատարումը եւ այլն։ Նման ստեղծագործություններ ղեկավարելու ժամանակ էներգիայի հզոր պոռթկում է տեղի ունենում եւ ես, հավատացնում եմ, կորցնում եմ երեք կիլոգրամ քաշ։

– Իսկ ընտանիքի հետ անցկացնելու ժամանակ մնո՞ւմ է։

– Երեք անգամ ամուսնացել եմ, մեծ որդիս՝ Գրիշան, արդեն մեծ է, ինքնուրույն է ապրում, հիմա խնամքիս են 3, 6, 12 տարեկան երեխաներս։ Տեսնում եք՝ այսօր աշխարհում ինչ է կատարվում… Գրամ անգամ կասկած չունեմ, թե աշխարհի ժողովուրդների թիվ մեկ ցանկությունը որն է, իհարկե՝ խաղաղությունը։

– Մաեստրո, գանք օպերային ոլորտ…

– Չելյաբինսկի օպերային թատրոն ոտք դնելու առաջին օրվանից մինչ օրս ցանկությունս մեկն է՝ փորձի փոխանակում հեղինակավոր օպերային թատրոնների հետ, մեներգիչների, բալետի արտիստների եւ, ընդհանրապես՝ ներկայացումների փոխանակում…

– Եվ հենց այդ նպատակով էլ Երեւանի օպերային թատրոնո՞ւմ եք։

– Թույլ տվեք հարցին մանրամասն պատասխանել. եղբայրս տուրիստական ֆիրմա ունի, որի հիմնադրման 25-ամյա հոբելյանը որոշվեց նշել Հայաստանում։ Պատկերացնո՞ւմ եք՝ ես «Պիկովայա դամա» ներկայացումը չեղարկեցի, այսինքն՝ չղեկավարեցի եւ եղբորս ֆիրմայի աշխատակիցների հետ եկա Հայաստան։ Իհարկե, տասնամյակների ընթացքում հիանալի հայ երաժիշտների հետ եմ ծանոթացել, համագործակցել, բայց կառանձնացնեմ Կարեն Դուրգարյանին, ով վաղուց արդեն ռուսաստանյան հեղինակավոր թատրոնների ցանկալի հյուր է, ում հետ ծանոթացել եմ Նովոսիբիրսկի օպերային թատրոնում։ Իհարկե, հիմա մենք ոչ միայն կոլեգաներ ենք, այլեւ, ուղիղ ասած՝ բարեկամներ։ Ես այցիս մասին նախապես նրան չէի զգուշացրել՝ ցանկանալով անակնկալ մատուցել, բայց ընդամենը երեք օրով եմ այստեղ եւ պարզվեց, որ մաեստրոն հյուրախաղերի է մեկնել Սանկտ Պետերբուրգ։ Երբ այցելեցի ձեր թատրոն, ինձ սիրով ու ջերմ ընդունեցին տնօրենի օգնական Վրեժ Դուրգարյանն ու թատրոնի կապելդիներ Գագիկ Մկրտչյանը։ Ներկա գտնվեցի թատրոնում այս օրերին ընթացող «Արշակ Բ» օպերայի փորձերին… Պատկերացնում եմ, թե ինչ հրաշք պրեմիերային ներկայացում է սպասվում… Իհարկե, ծանոթացա ձեր թատրոնի օպերային եւ բալետային ներկայացումներով հարուստ խաղացանկին, պարզապես ցնցված եմ ձեր թատրոնի ճարտարապետությամբ… Ցնցված եմ, այո, հայերիդ հյուրընկալությամբ, պարզապես մարդասիրությամբ եւ այլն, եւ այլն։ Խոսքեր չեմ գտնում հիացմունքս արտահայտելու։ Չելյաբինսկ վերադառնալուն պես Երեւանի օպերային թատրոնը կներկայացնեմ իմ տնօրենին եւ կասկած չունեմ, որ ամենամոտ ժամանակներս մեր եւ ձեր թատրոնները կհամագործակցեն։ Էլ չմանրամասնեմ, թե դա ինչպես կարվի, դուք գիտեք։ Ափսոսում եմ, որ ամռանը Չելյաբինսկում կայանալիք բալետի միջազգային փառատոնին զուտ տեխնիկական պատճառներով չենք կարող ընդունել Երեւանի թատրոնը նույնպես։ Ոչինչ, ինչպես ասում են՝ սա վերջը չէ, այլ հակառակը՝ սկիզբը։ Կուզեի, որ աշխարհը մի բան հասկանար. աշխարհը ինքը հիմնված է մարդկային ջերմ շփումների եւ փոխհամագործակցության վրա, ինչի առաջին գրավականը, անկասկած, մշակույթն է։

Զրուցեց Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
27.04.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930